1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ԼՂ հարցում ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությանը: Լինելով ՀՀ արտաքին քաղաքականության ամենառացիոնալ մեկնաբաններից մեկը` Շահնազարյանը, սակայն, փաստերը ներկայացնում է այնպես, որ ստացվում է, թե նախկին իշխանությունների օրոք բանակցությունները տարվել են հայանպաստ ուղղությամբ, մինչդեռ ներկայումս իրավիճակը ի վնաս Հայաստանի է:
Հարցազրույցի առաջին ուշագրավ հանգամանքը վերաբերում է նոր իշխանությունների սպասողական մարտավարությանը, որը Շահնազարյանն անվանում է time out-ի քաղաքականություն: Բացասական գնահատելով այդ մարտավարությունը` նա միաժամանակ նկատի է առնում հանգամանքը, որ այն պսակվել է անարդյունավետությամբ` հաշվի առնելով Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով կայացած հանդիպումը: Փաստական առումով սույն պնդումն, իհարկե, ճիշտ է, սակայն այդ time out-ի քաղաքականությունը հարկ է դիտարկել որպես հակամարտության նրբություններին ու բանակցությունների մանրամասներին ծանոթանալու տեսանկյունից: Դժվար է պատկերացնել, որ երբեւէ իշխանության մեջ չեղած ուժը փողոցի ճնշման արդյունքում ստանձնի պետության կառավարումը եւ անմիջապես ձեռնամուխ լինի արտաքին քաղաքականության հարցերի լուծմանը: Բայց եւ այնպես, Փաշինյանը նույնիսկ հենց պաշտոնավարման առաջին օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում ներկայացրեց բանակցությունների վերաբերյալ իր պատկերացումները: Դրանք, բնականաբար, պետք է դեռ մարսվեին միջազգային խաղացողների համար եւ դառնային քննարկման առարկա: Ուստի կարելի է պնդել, որ նոր իշխանությունների time out-ի մարտավարությունը ոչ թե վերաբերել է բանակցությունները ձգձգելուն, այլ խնդիրը համալիր պատկերացնելուն այդ թվում նաեւ ներգրաված միջազգային գործընկերներին ծանոթանալու համար: Ի վերջո, թե՛ Փաշինյանը, թե՛ Մնացականյանը ոչ միայն երբեւէ ԼՂ հարցով բանակցային գործընթացում ներգրավված չեն եղել եւ օրինաչափորեն տեղեկատվության չեն տիրապետել, այլեւ թերեւս անձամբ ծանոթ չեն եղել միջնորդական առաքելություն իրականացնող դիվանագետներին: Դժվար թե կարելի լինի ժխտել անձնական ծանոթության ու հանդիպումների արդյունքում փոխվստահության մթնոլորտի ձեւավորման կենսական նշանակությունը դիվանագիտության մեջ: Արդ, կարելի է փաստել, որ ՀՀ նոր իշխանությունը ոչ թե time out է վերցրել բանակցությունները ձգձգելու համար, այլ դանդաղեցրել է բանակցային գործընթացի տեմպը դրան համակողմանիորեն իրազեկ լինելու համար: Ի դեպ, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կողմերը բարձր մակարդակի հանդիպումներ էին ունենում ամենամսյա ձեւաչափով: Բավական է հիշել, որ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2017թ. հոկտեմբերի 16-ին` 2016թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի հանդիպումից մոտ 15 ամիս անց:
Հաջորդ եւ թերեւս ամենակարեւոր հարցը վերաբերում է Դ. Շահնազարյանի այն պնդմանը, որ «նախկին իշխանությունները հասել էին նրան, որ բանակցությունների սեղանին կար միայն մեկ օրակարգ, եւ դա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգն էր, որը վերաբերում է շփման գծում զինադադարի պահպանման ամրապնդման մեխանիզմների ստեղծմանը»: Ըստ նրա` դատելով Մինսկի խմբի համանախագահության հայտարարություններից` ՀՀ նոր իշխանությունների սխալի պատճառով նշյալ օրակարգը չեղարկվել է` տեղը զիջելով առարկայական բանակցություններին (substantive negotiations), որը հայկական կողմի շահերից չի բխում: Նախ հարկ է արձանագրել, որ հետաքննության մեխանիզմների ներդրման վիեննական օրակարգը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով գործնական առումով չեղարկել էր ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը: Նա ժամանակին, քանիցս հրաժարվելուց հետո ի վերջո համաձայնեց հանդիպել Ալիեւի հետ Պուտինի միջնորդությամբ, ինչը երկրորդայնացրեց վիեննական օրակարգը, ըստ էության: Իսկ գործնական առումով արդեն 2017թ. հոկտեմբերի 16-ին` Ժնեւում Սարգսյան-Ալիեւ բանակցություններից հետո, վիեննական օրակարագի մասին որեւէ բառ չխոսվեց: Մինսկի խմբի հայտարարության մեջ արձանագրված էր, որ հանդիպումը ընթացել էր կառուցողական մթնոլորտում, իսկ նախագահները համաձայնել էին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ինտենսիվացման եւ հավելյալ քայլեր իրականացնել շփման գծում լարվածության նվազեցման ուղղություններով: Այսինքն` զրո բառ վիեննական օրակարգի մասին: Հետեւաբար, հանուն արդարության պետք է այդ կորուստը բարդել ոչ թե նոր իշխանությունների վրա, այլ արձանագրել, որ վիեննական օրակարգը վերանայվել է Ժնեւի բանակցություններում, իսկ դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
«Առարկայական բանակցություններ» (substantive negotiations) եզրույթի կիրառության հարցում Շահնազարյանի վատատեսությունը նույնպես տարակուսելի է: Նախ, ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահության ս.թ. հուլիսի 12-ի հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները սոսկ մտքեր են փոխանակել առարկայական բանակցությունների վերսկսման հաջորդ քայլերի ու պարամետրերի շուրջ: Եվ եթե անգամ ելնենք այն հանգամանքից, որ առարկայական բանակցություններն Ադրբեջանի համար ենթադրում են միայն «տարածքների վերադարձ», ապա մի՞թե բանակցային սեղանի շուրջ սպասարկվում է միայն Ադրբեջանի շահը: Չէ՞ որ Հայաստանի համար էլ այդ նույն առարկայական բանակցություններն Արցախի հստակ կարգավիճակի համար են: Ի վերջո, հայտարարության մեջ կրկին շեշտվում է լարվածության նվազեցման մասին` միաժամանակ հղում կատարելով Հելսինկյան վերջնական ակտին ու ուժի կիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքներին: Ըստ էության, հայտարարությունը կրկնում է նախորդ նույնաբնույթ հայտարարությունների բառապաշարը: Անշուշտ, առարկայական բանակցությունների (substantive negotiations) մասին հիշատակությունը կարող է մեկնաբանվել ինչպես դրական, այնպես էլ բացասական համատեքստում, սակայն դա դիտարկել որպես ներկա իշխանությունների թուլություն կամ վրիպում, անարդար է` հատկապես, երբ լղոզվում է պատասխանատվությունը անիրական վերագրումների միջոցով:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԵՌԱՑԱՎ՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԹՈՒԼԱՑԱՎ
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ստեղծվեց 2015թվականին: Այն միտված էր լուծելու Գյումրիում անօթեւանության խնդիրը` շահառուներին տրամադրելով սոցիալական բնակարան, չփոխանցելով բնակարանի սեփականության իրավունքը։ Դրանով Հիմնադրամը բացառում է շահառուներին հատկացված բնակարանի վաճառումը եւ կրկին ժամանակավոր կացարան տեղափոխվելը։
Մշտադիտարկման արդյունքում փաստվել էր, որ Գյումրիում դեռեւս առկա է 2983 տնակ, որոնցից 2399-ը բնակեցված են, 584-ը՝ ոչ: Բնակեցված տնակներից 1508-ը թիթեղյա է, 577-ը՝ քարաշեն, 314-ը՝ կիսաքարաշեն: Գործունեության ամբողջ ընթացքում հիմնադրամի միջոցով 29 ընտանիքի օթեւանի խնդիր էր լուծվել:
Հիմնադրամի գործունեությունը դրական ընթացք ունեցավ մինչ այն պահը, երբ հոգաբարձուների խորհրդից հեռացավ խորհրդի նախագահը: Միքայել Եպ. Աջապահյանը, վիրավորված իր թեմից, որոշեց հեռանալ հասարակական գործունեությունից: Այնուհետեւ հրաժարական տվեց նաեւ հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը, ու ընդամենը 3 տարվա կյանք ունեցող հիմնադրամի ակտիվ գործունեությունը ժամանակավոր կասեցվեց: Այժմ հիմնադրամը ղեկավարում է Մհեր Խաչատրյանը: Վերջինս հիմնադրամի հեղինակության անկումը կապում է թեմի առաջնորդի հրաժարականի հետ: Հիմնադրամի նորանշանակ տնօրենն ու հոգաբարձուների խորhրդի անդամները փորձ են կատարում երկխոսության եզրեր գտնել ու վերադարձնել Շիրակի թեմի առաջնորդին «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհուրդ. «Սրբազանի հեռանալը շատ լուրջ ու բացասական ազդեցություն է թողել հիմնադրամի գործունեության վրա, քանի որ Սրբազանի հեղինակությունը եւ հոգաբարձուների խորհրդի գլուխ լինելը մեծ նշանակություն ուներ: Իր հեռանալուց հետո արդյունավետությունը կտրուկ նվազել է, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը վերադառնա: Քաղաքապետն էլ ասել է, որ մի քիչ համբերենք»,-ասաց հիմնդրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը: Շիրակի թեմի առաջնորդն այս պահին արձակուրդում է: Հոգաբարձուների խորհրդի անդամները սպասում են նրա վերադարձին ու նաեւ կոչ անում ազգաբնակչությանը անտարբերություն չցուցաբերել: «Յուրաքանչյուրս պարտավոր ենք հորդորել, համոզել ու անգամ խնդրել, որ իր թեմից բացի Սրբազանը նաեւ հանձն առնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարումը»,-ասում է Մհեր Խաչատրյանը:
Թե ինչ ճակատագիր կունենա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հայտնի չէ, բայց հստակ է մեկ բան. կազմակերպության գործունեության ակտիվացումը Գյումրիում կապում են միայն թեմի առաջնորդի վերադարձի հետ, հակառակ պարագայում հոգաբարձուների խորհրդի կազմաքանդումը անխուսափելի կլինի:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ` ԲՈՒՀԵՐՈՒՄ
Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է ստուգումներ իրականացնել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանի խոսքերով` ագրարային համալսարանում ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, աշխատավարձերի ու գնումների հարցերում բազմաթիվ խախտումներ են գտել: Ագրարայինին հաջորդելու է Երեւանի պետական համալսարանը, իսկ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն իրենց մոտ են:
Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ եւ տեղեկացավ, որ իրենց բուհում ստուգումները ընթացքի մեջ են: «Նախ ստուգումները դեռ չեն վերջացել, քանի որ արձակուրդային շրջան էր, բայց չնայած դրան` փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներն ենք տվել իրենց, որպեսզի ուսումնասիրեն: Իրենք խնդրել են, մենք էլ տվել ենք: Ամեն տարի էլ ստուգումներ են իրականացվում համալսարանում, դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Սա երրորդ ստուգումն է, ֆինանսների նախարարությունն էլ է ստուգել, պետական եկամուտների կոմիտեն էլ, հիմա էլ հերթը վերահսկողական ծառայությանն է»,- նկատեց ռեկտորը: Մեր զրուցակցի խոսքերով` մայր բուհում այս տարվա մեջ սա էլ երրորդ ստուգումն է. «Ամեն տարի որ գերատեսչությունը ստուգման իրավունք ունի, որպես կանոն, գալիս է ու ստուգում է»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչ վախեր կամ մտահոգություններ ունի, Սիմոնյանն արձագանքեց. «Բացարձակ վախեր չունեմ: Ստուգումները ընդհատվել են, որովհետեւ արձակուրդային շրջան էր, կշարունակվեն, երբ իրենք նպատակահարմար կգտնեն»:
Իսկ ահա Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանը դեռ չի հասցրել հայտնվի վերահսկողական ծառայության տեսադաշտում: Այս բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց բուհում ծառայությունը դեռ ստուգումներ չի իրականացրել: «Մեզ մոտ չեն մտել: Հավանաբար հերթով ստուգում են: Բայց մենք չենք մտահոգվում, որովհետեւ խախտումներ չենք արել»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ