Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Տաքսու վարորդը հոգնել է արատավոր սովորություններից օգտվող ուղեւորներին զգուշացնելուց: Ըստ երեւույթին, սա վերաբերում է հատկապես օտարերկրացիներին, որոնք այս տարբերակն ավելի շուտ կընկալեն, քան հայերեն խոսքը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն ի՞նչ ժամկետում է տրամադրվում: Եթե դիմում ներկայացնեմ, քանի՞ օր հետո կարող եմ վերցնել տեղեկանքը:
Լիդա Հունանյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը:ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիներին վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:
Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի`
– երկու աշխատանքային օրվա ընթացքում` 12 000 ՀՀ դրամ
-երրորդ աշխատանքային օրը` 8 000 ՀՀ դրամ
– հինգերորդ աշխատանքային օրը` 5 000 ՀՀ դրամ
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից եւ կնքվում գործակալության եռալեզու կնիքով:
ՀԱՐՑ. Մայրս ՀՀ քաղաքացի է, ունի 31 տարվա մանկավարժական ստաժ, ունի Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր կացության կարգավիճակ: Ցանկանում է իմանալ` կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ:
Ռազմիկ Հարությունյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ՌԴ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ, ապա կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումի եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաեւ ՌԴ-ում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին տեղեկանք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ: