ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԴԱՐՁԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի դեպքերի ժամանակ տասը ցուցարարներ զոհվեցին։ Այժմ, երբ տասը տարվա վաղեմության դեպքերի շրջանակում կրկին հարցաքննություններ են տեղի ունենում, ինչպես նաեւ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ԶՈՒ Երեւանի կայազորի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, մարտի 1-ի զոհերի հարազատները հույս ունեն, որ ի վերջո թնջուկը կբացվի։ Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր զոհերի ծնողների հետ եւ հորդորել համբերությամբ լցվել՝ հավաստիացնելով, որ գործը բացահայտվելու է։ Մարտի 1֊ի գործի վերաբացման, դրանից ակնկալիքների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտի 1֊ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, Տիգրանը Ձեզ պատմո՞ւմ էր, որ գնում է հավաքների։ Ի՞նչ գիտեիք այդ ամենի մասին։
-2008 թվականին Տիգրանը սկզբում Արթուր Բաղդասարյանի կողմնակիցն էր, մասնակցել էր նրանց նախընտրական հանրահավաքին, բայց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրեց։ Որդուս հետ միշտ խոսում էինք հետընտրական զարգացումներից, բայց նա երբեք չէր ասել, որ մասնակցում է հավաքներին։ Ես հետո իմացա, նկար կար իր հեռախոսի մեջ։ Բայց երբ Արթուր Բաղդասարյանը միացել էր Սերժ Սարգսյանին, Տիգրանը սարսափելի զայրացած էր։ Մենք Մարտի 1-ին ենք խոսել Մյասնիկյանի արձանի մոտ իջնելու մասին։ Դե ես դեմ էի, իսկ ինքն ասաց, որ պետք է ժողովրդի կողքին կանգնի։
-Ի՞նչ սպասումներ ունեիք անցած տասը տարիների ընթացքում։
-Այս տասը տարիների ընթացքում միշտ երազել եմ հեղափոխության մասին եւ հավատացել։
-Իշխանափոխությունից հետո երբ գործը վերաբացվեց, բացահայտման ակնկալիք կա՞ր։
-Ես միշտ պատրաստ եմ եղել կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր հեղափոխություն կանեին։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, հաջողություն ունեցավ, ես համոզված էի, որ Մարտի 1-ի գործը բացահայտվելու է։
-Հիմա ներկայիս իրավիճակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումը գործին Ձեզ գոհացնո՞ւմ է։
-Ես Քոչարյանի կալանավորումից շատ էի ոգեւորվել։ Բայց հետո, երբ նրան ազատ արձակեցին, մեծ հիասթափություն ապրեցի դատական համակարգից։
-Եւ ի՞նչ եք կարծում, ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն մարտի 1-ի համար:
-Պետք է պատասխանատվություն կրեն Հայկ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Բաղդասարովը, Վահագն Հարությունյանը, ՀՔԾ նախկին պետը ու էլի շատերը։
-Ի դեպ, Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարան ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքի կապակցությամբ նաեւ մարտի 1-ի զոհերի ծնողներն են համապատասխան բողոք-միջնորդագիր ներկայացրել: Մինչդեռ 7-ի գործով, երբ ընդդիմությանն էին մեղադրում այդ ամենը կազմակերպելու մեջ, դատարանում զոհերի հարազատները կանգնեցին 7-ի գոծով մեղադրյալների կողքին, չբողոքեցիք նրանց դեմ:
-Այո, երբ յոթի գործի ժամանակ մեզ որպես տուժող ընդգրկեցին, իշխանությունները մտածում էին, որ մենք իրենց էժան թատրոնի հերոսները կդառնանք եւ կմեղադրենք ընդդիմության ներկայացուցիչներին։ Բայց մենք այդպես չարեցինք։ Բայց երբ մենք ծնողներով պատռեցինք իշխանության եւ դատավորների դիմակը, մեզ արդեն տարբեր պատրվակներով անգամ դատարան չէին ուզում թողնել։ Իսկ հետո գործերն առանձնացրին եւ մինչեւ հեղափոխությունը մնացին նախաքննության փուլում։
-Ի՞նչ եք կարծում՝ նոր իշխանությունը Մարտի 1-ի դեպքերը կբացահայտի՞ ամբողջությամբ։
-Ես ամբողջությամբ հավատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ՝ Մարտի 1-ը, դրա բացահայտումը նրա համար շատ կարեւոր է։ Համոզված եմ, որ կբացահայտվի, բայց մեր դատավորները այսօր դեռ Սերժ Սարգսյանի համակարգի մնացորդներն են, եւ այստեղ նույնպես հեղափոխություն է անհրաժեշտ։ Ես սպասելիք ունեմ, ունեմ պահանջ Վճռաբեկ դատարանից, որ Քոչարյանը նորից կալանավորվի։ Եվ ոչ միայն Քոչարյանը, այլեւ Սերժ Սարգսյանը եւ ուրիշներ։ Ինձ համար հեղափոխությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Մարտի 1-ի բոլոր հանցագործները ստանան իրենց արժանի պատիժը։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԲՀԿ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

Երեկ մեկնարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Եվ այնպես է ստացվել, որ խորհրդարանում գտնվող չորս ուժերից երեք թեկնածու ունեն եւ մասնակցում են արտահերթ ընտրություններին: Եվ դա է պատճառը, որ երեկ մեկնարկած Ազգային ժողովի քառօրյայի նիստերի կեսից ոչ բոլոր ուժերի ներկայացուցիչներն էին ներկա:

Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առավոտյան եկել էին, գրանցվել նիստի համար, սակայն արդեն քարոզարշավի նախատեսված ժամին նրանք գտնվում էին Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցում էին իրենց ուժի քարոզարշավին: Մասնավորապես, Նուբարաշեն վարչական շրջանում էին գտնվում պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Արթուր Մանուկյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Իվետա Տոնոյանը, Դավիթ Մանուկյանը եւ այլք: Ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն ու ՀՅԴ-ականները եւս երեկ գրանցվել էին խորհրդարանի աշխատանքների սկզբում:
ԲՀԿ-ն երեկ իր քարոզարշավը սկսեց Նուբարաշեն վարչական շրջանից, մասնավորապես այն եկեղեցու մոտից, որը հենց Գագիկ Ծառուկյանի միջոցով է կառուցված: Երեկ ականատես եղանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծես թե հենց Նուբարաշենում էր կենտրոնացրել իր ողջ ռեսուրսը, այնտեղ էին ոչ միայն համամասնական ցուցակի առաջին համարները կամ հենց Նուբարաշենի թեկնածուները, այլ նաեւ մյուս համայնքների թեկնածուները: Այսինքն, երեկ Նուբարաշենում կարող էիք հանդիպել ոչ միայն Նուբարաշենի, այլ նաեւ Նոր Նորքի, Ավանի կամ այլ համայնքների ներկայացուցիչների:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ «Ծառուկյան» Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից փորձեց պարզել` ինչով էր պայմանավորված երեկվա այդպիսի ակտիվությունն ու այլ համայնքներից այդպիսի ներգրավվածությունը: Ի պատասխան` Իվետա Տոնոյանը նշեց. «Համամասնական ցուցակի բոլոր ներկայացուցիչներն էլ մասնակցում էին, քանի որ քարոզարշավի մեկնարկն էր եւ խորհրդատվական բնույթ էր կրում»: Հիշեցնենք, որ ԲՀԿ ավագանու ցուցակը բաղկացած է 195 հոգուց, այսինքն` երեկ ներկաներից միայն 195-ը հենց ավագանու թեկնածուներն են եղել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆԿԵՐ ՀՐԱՆՏԸ՝ ԲԱՑԱԿԱ
Երեկ Արամ Մանուկյանի արձանի մոտից ՀՅԴ-ն տվեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։ Հավաքին ներկա էին կուսակցական պատգամավորները, մարզպետները, ավագանու թեկնածուները՝ ավագանու ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի ղեկավարությամբ։ Սակայն հատկանշական է փաստը, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը բացակայում էր։ Կուսակցության մամուլի ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե Հրանտ Մարգարյանը երկրում չէ։

 

 

ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննությունն արդեն ավարտվել է. այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Քննությունն ավարտվել է, եւ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քրեական գործ է հարուցված եւ այն ընթանում է»,- տեղեկացրեց Անանյանը: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այժմ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնակատարը Լեւոն Հովհաննիսյանն է: Այսինքն` վերջինս կատարում է Կարեն Կարապետյանի աշխատանքային պարտականությունները: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվելու: Ըստ շրջանառվող լուրերի`Կարապետյանը աշխատել է սեփական ընկերության օգտին` շուկայից դուրս մղելով մյուս ընկերություններին: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյա է, նախկինում նա հեռացվել էր ՊԵԿ համակարգից, բայց Դավիթ Անանյանի առաջարկով նշանակվել էր վերոնշյալ վարչության պետ: ՊԵԿ նախագահը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նաեւ, որ այս ընթացքում ՊԵԿ բազմաթիվ աշխատակիցների մասով ծառայողական քննություն է ընթանում:

 

 

ՎԱՉՈՆ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս ՀՀ վարչական դատարան է դիմել սեպտեմբերի 5-ին եւ պահանջում է անվավեր ճանաչել էթիկայի հանձնաժողովի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումն ու օգոստոսի 13-ի գրությունները: Ասել է թե` Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետը էթիկայի հանձնաժողովի գործողությունների եւ կայացրած որոշումների հետ համամիտ չէ եւ դիմել է դատարան: Այս գործը քննելու է դատավոր Գեւորգ Սոսյանը: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու մեղադրանքով: Ավելի ուշ գրավի դիմաց նրան ազատ արձակեցին: Այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Ղազարյանի տիկնոջը՝ Ռ. Բեգլարյանին:




Լրահոս