ՄՈՍԿՎԱՅԱԲՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց ռուսաստանաբնակ գործարարների հետ: Հանդիպումն, իհարկե, անակնկալներով լի էր. ե՛ւ գործարարների, ե՛ւ Նիկոլ Փաշինյանրի խոսքերում նորություններ կային:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործարարների հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ հարթ չի անցել, քանի որ հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց համարավետ չեն զգում նոր իշխանության օրոք: Նրանցից շատերը դիտորդի նման նստել են, միմյանց հետ SMS հաղորդագրություններով շփվել ու հյուրի պես էլ հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում 1 ռուբլի էլ չեն ներդնի, քանի որ չեն վստահում նոր կառավարությանը, որի մտածողությունը լոզունգային է ու շարժվում է մարդաորսի տրամաբանությամբ: Հետեւաբար, որեւէ մեկը չի ցանկանում ավելորդ գլխացավանք ունենալ, ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել:
Թերեւս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ տոնայնությամբ Նիկոլ Փաշինյանին հանդիմանեց. «Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, եթե կարելի է, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել: Գործարարները պետք է հասկանան, թե ո՞ր ոլորտում կարող են ներդրում անել, որքա՞ն կլինի վերադարձելիությունը, ինչպիսի՞ն կլինեն հարկերը: Հայաստանում խնդիր է այն, որ եթե անգամ ամեն ինչ օրենքով ես անում, ներդրված գումարը հետ բերելու ռիսկերը շատ բարձր են: Օրինակ՝ բանկային ոլորտում դրանք 6 տոկոսով ցածր են, քան Վրաստանում: Ինչպե՞ս անել, որ ձեռնտու լինի ներդրում անելը Հայաստանում: Վրաստանում 6 հարկատեսակ է, Հայաստանում՝ 18: Ի՞նչ եք անում, որ Հայաստանում էլ լինի 6 հարկատեսակ»- հայտարարեց Վարդանյանը՝ բարձրացնելով ՌԴ-ում ապրող 2 մլն հայերի հարցը, որոնք եւս ունեն Հայաստանից ուշադրության կարիք: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ ամենաօրինակելի ներդրողի համբավ ունեցող Ռուբեն Վարդանյանը հայկական անձնագիր չունի ու կարծես թե դրա մեղավորն էլ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ:
Բայց դա չէ էական: Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանին ասաց, որ եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում ասել, թե որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, այդ հարցում էլ Դուք օգնեք, ասեք, թե որն է: Ի վերջո, այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: «Ես զարմանում եմ, որ Դուք այդքան ներվ եք ունեցել, 5-6 վարչապետի նույն հարցը տվել եք ու արձանագրել, որ նրանք դա չգիտեն: Դուք շատ լավ թիմ ունեք, պարոն Վարդանյան, ասեք, թող հաշվեն, տան կառավարությանը, ես էլ թուղթը գրպանումս պահեմ, որ հաջորդ անգամ հարցնեն՝ հանեմ, ասեմ՝ եկամտաբերությունն այսքան է»: Այս խոսքերին ռեպլիկով պատասխանեց Վարդանյանը՝ ասելով, թե իրենք պատրաստ են օգնել այդ հարցում. «Մենք սիրով դա կանեինք, բայց քանի որ Դուք որոշել եք դադարեցնել նման մի կառույցի գործունեությունը… մենք նախորդ շաբաթ գրություն ստացանք եւ ենթադրեցինք, որ Դուք ինքներդ եք որոշել դա անել»: Ու այստեղ բացահայտվեց ամենահետաքրքիրը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Խոսքը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասի՞ն է: Այդ կենտրոնը երկու տարի է՝ գործում է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի ստացվել: Եթե դա ամենակարեւոր հարցերից էր, բա այդ կենտրոնը ինչո՞վ է զբաղվել»,- արձագանքեց ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը ձեւավորվել է այս տարվա փետրվար ամսին: Նախագահը Ալեքսանդր Խաչատուրյանն է, որը վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն էր: Եւ ահա Կարապետյանն իր խորհրդականի կենտրոնին պետբյուջեից հատկացրեց 41 մլն 776 հազար դրամ՝ մինչեւ 2018 թվականի ավարտը 19 ծրագիր կատարելու համար: Իսկ ինչ են արել նրանք, եթե ոչ փողերի անարդյունավետ ծախսում: 1018-ի գնումների պլանով հիմնադրամի աշխատակազմը գնել է 30 հատ Espresso տեսակի սուրճ, որի մեկ տուփի արժեքը կազմում է 12 հազար դրամ: Այսինքն` միայն 30 հատ սուրճի համար 360 հազար դրամ է վճարվել բյուջեի միջոցներից: Իսկ լուծվող 15 հատ սուրճի համար ընդհանուր՝ 82 հազար 500 դրամ: Բացի այս` նրանք գնել են նաեւ 5500 դրամ արժեք ունեցող լուծվող սուրճ: Եւ այսպես շարունակ: Իսկ գլխավոր հարցը՝ որն է Հայաստանի ամենաշահութաբեր բիզնեսը, այդպես էլ իր պատասխանը չի ստացել: Հիմա այս հիմնադրամը փակված է, եւ թերեւս դրա համար էր Վարդանյանը խիստ սրտնեղած, որ պետբյուջեի հաշվին 5-6 մլն դրամ աշխատավարձ ստացողները անգործ են մնացել:
Պարզվում է ՝ Ռուբեն Վարդանյանը, որ հաջողակ բիզնեսմենի համարում ունի, ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձուների անդամ է։ Հիշեցնենք, որ նա նաեւ «Ամերիաբանկ»-ի սեփականատերն է, որը ֆինանսավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի աղմկալի գործարքներն իրականացնելու համար, ինչպես նաեւ այդ բանկի անունն առնչվում է մեկ այլ աղմկալի օֆշորային գործարքի հետ, որտեղ, ըստ մամուլի, մասնակցություն ուներ նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ահա թե ինչու է Ռուբեն Վարդանյանի համար ոչ կոմֆորտ նոր իշխանության հետ աշխատելը: Ու Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ «ՀՀ-ում հաջողության համար պետք չէ, որ վարչապետի հետ մոտիկ լինես» Վարդանյանի սրտով չեն կարծես:
Վերջում նկատենք, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարարները հիմնականում ներկայացված չեն եղել շաբաթ օրը կայացած հանդիպմանը: «Ֆորբս» հեղինակավոր ամսագրի այսպես ասած «հարուստների ցուցակում» տեղ զբաղեցնողները չեն մասնակցել հավաքին: Միայն «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը եւ «Արարատ Հայաթ» հյուրանոցի սեփականատեր Սամվել Սարգսյանը երեւացին կադրերում: «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանն ու նրա ընկերները եւս չեն եղել հանդիպմանը: Սա էլ, թերեւս, քաղաքական պատճառներ ունի. նրանք բազմիցս հեղափոխությունից հետո փորձել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ամիսներ շարունակ չի ստացվել: Իսկ դահլիճի մարդաշատությունն ապահովվել է տարաբնույթ կազմակերպությունների ներկայացուցիչներով, որպեսզի դատարկ աթոռներ չմնան:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

ԱՂՈԹԱԾ
Երեւանի Ազնավուրի հրապարակից երեկ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ «Ժառանգության» ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց` արդյոք նա ունի՞ ժողովրդի նախկին վստահությունը, ինչ 2013թ. էր, սա այն բանից հետո, երբ նա ասում էր, որ նախագահական ընտրությունները կեղծ են, եւ պատրաստվում է գնալ մինչեւ վերջ արդարության հասնելու համար, սակայն պայքարը ձախողվեց: «2013-ին հաջողված պայքար ենք ունեցել եւ այդ պայքարը շարունակել ենք մինչեւ վերջ: Իսկ եթե մինչեւ վերջ ասելով նկատի ունեք արյուն թափվելը, ապա, այո, փաստորեն չգնացինք մինչեւ վերջ: Որովհետեւ յուրաքանչյուրի կյանքը թանկ է: Ասեմ,որ հեղափոխությունը նաեւ այդ պայքարի հանգրվանն է: Եվ այն դեռ կիսատ է : Մենք բոլորս պիտի հասնենք նրան, որ դա ամբողջական դառնա»,- պատասխանեց պարոն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողված պայքարն ավարտվեց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ «զորավար» Վովա Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթքով:

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ Է
Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։ Երեկ նախընտրական ծրագրի ներկայացմանը ներկա էր նաեւ Արմեն Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայրը, ով գրեթե միշտ իրեն հեռու է պահել քաղաքական գործընթացներից եւ չի եղել կուսակցական, սակայն երեկ հայտարարեց, թե արդեն «Լույս»-ի համակիրն է։ «Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչ է փոխվել եւ ինչու որոշեց սատարել այդ թիմին։ «Իմ տրամաբանությունն ու ինտուիցիան թույլ է տալիս մտածել, որ դաշինքն ունի հիանալի թեկնածու։ Ես չեմ սիրում գնալ պարտության կամ միջակության։ Արտակն իմ մարտական ընկերն է, որի հետ ես պատերազմ եմ անցել», – նշեց նա։

 

 

ՀԷՑ-Ը ԽԱԽՏԵԼ Է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովին է դիմել Երեւանի բնակչուհի Իվետա Մուրադյանը, ով տեղեկացրել է, որ ինքը փետրվարի 22-ին դիմել է ՀԷՑ`բնակարանի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պահանջով: Սակայն ընկերությունը քաղաքացու դիմումը անպատասխան է թողել: Ավելին՝ քաղաքացին մեկ անգամ եւս դիմել է ՀԷՑ` հունիսի 20-ին, ընկերությունն արձագանքել է հուլիսի 10-ին եւ սպառման էլեկտրական համակարգը էլեկտրական ցանցին միացնելու, մատակարարման պայմանագիր կնքելու համար քաղաքացուց պահանջել է վճարել 138 հազար դրամ: Բայց պարզվում է, որ ՀԷՑ-ը առանց Հանձնաժողովի անհատական որոշման, դիմումատուի բնակարանի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու դեպքում խախտել է էլէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները: Ավելին, ընկերությունը սահմանված ժամկետում չի պատասխանել դիմումատուի դիմումին: Ինչի արդյունքում ՀԾԿՀ-ի կողմից ստացել է նախազգուշացում:

 

 

ՀՔԾ-Ն ՍՏՈՒԳՈՒՄ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստուգում է, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Միքայել Հարությունյանը 2002թ. հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի հարցին, նշել է. «Քրեական համապատասխան գործով ընթացող նախաքննությամբ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը հստակեցնելու վերաբերյալ: Քրեական գործով դրա հետ կապված հստակություն մտցվելուց հետո հնարավոր կլինի քրեաիրավական հարթությունում քննարկման առարկա դարձնել մնացած ածանցյալ բոլոր հարցերը»: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը եւս «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է, որ Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու փաստը ստուգվում է: «Ինտերֆաքս»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2002 թ.-ից Մ. Հարությունյանն ունի ռուսական անձնագիր: Այս տեղեկությունը տարիներ շարունակ չի հանրայնացվել եւ չնայած դրան՝ Հարությունյանը 2000-ականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ ՌԴ-ն իր տարածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը:

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա երկու հարեւան պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Երեւանում Բախտաձեն հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:




Լրահոս