Այս տարվա օգոստոսի 20-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: Բայց հիմա պարզվում է, որ չի բացառվում ՀՀ ՎՃռաբեկ դատարանը ընդհանրապես չքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կրկին կալանք ընտրելու հարցը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հավելենք, որ չնայած գործը մակագրվելու է մեկ դատավորի, սակայն բողոքի էության, այն վարույթ ընդունել կամ չընդունելու հարցի քննարկմանը մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների փորձագետները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել, որ այն դատավորը, որը քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկությունները տրամադրելու է ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի նրանք ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը:
Եւ մինչ համակարգիչը կընտրի, թե որ դատավորն է քննելու այս գործը, արդյոք ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը կալանքի փոխարինելու հարցը, նախաքննություն իրականացնող մարմնի որոշումն իրավիճակ է փոխել: Մասնավորապես, 2018 թվականի սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Ահա այս որոշումն էլ դարձավ ճակատագրական ե՛ւ ՀՀ Վճռաբեկ դատարանի, ե՛ւ ՀՔԾ-ի համար: Ինչո՞ւ, որովհետեւ ունենք մի այսպիսի պատկեր. դատախազությունը բողոքարկել է 2-րդ նախագահի խափանման միջոցի հարցը ՀՀ վճռաբեկ դատարան եւ համակարգիչն էլ ընտրել էր, թե որ դատավորը պետք է քննի այդ գործը: Բայց մինչ գործը կհասներ դատաքննությանը, իրավիճակի թելադրանքով ՀՔԾ-ն կայացրեց մեկ այլ որոշում. երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը ընտրվեց ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Իհարկե, այդ որոշումը անհրաժեշտ էր, որպեսզի ՀՔԾ-ն հիմնավորեր, թե ինչու է նախագահի անձնագիրն իր մոտ պահում, բայց այդ որոշմամբ քննչական մարմինն, ըստ էության, թեթեւացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի հետագա քայլերը:
Մասնավորապես,«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում ՀՔԾ-ի որոշումը լուրջ քննարկման առարկա են դարձրել, եւ դատավորները առաջ են քաշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածը, որը վերաբերում է
Խափանման միջոցների հասկացությանը եւ տեսակներին
1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
2. Խափանման միջոցներն են`
1) կալանավորումը.
2) գրավը.
3) ստորագրություն` չհեռանալու մասին.
4) անձնական երաշխավորությունը.
5) կազմակերպության երաշխավորությունը.
6) հսկողության հանձնելը.
7) հրամանատարության հսկողության հանձնելը:
3. Կալանավորումը եւ գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:
Եւ ահա դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ եթե դատախազությունը բողոք է բերել կալանավորելու պահանջով, իսկ ՀՔԾ-ն էլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ապա կիրառության մեջ է մտնում ՀՀ քրեական դատավարության 134 հոդվածի 4-րդ կետը, որը հստակ սահմանում է. «Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված»:
Ասել է թե` Վճռաբեկ դատարանը, հղում անելով օրենքին, կարող է անգամ չքննել ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, քանի որ արդեն ՀՀ երկրորդ նախագահի մասով հստակ որոշում կա, եւ նրա նկատմանբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Ահա այսպես դատավորները ցանկանում էին իրենց վրայից պատասխանատվությունը գցել ՀՀ Սահմանադրական դատարանի վրա՝ ՀՀ երկրորդ նախագահի անձեռնամխելիության ու կալանքի հարցի սահմանադրականությունը որոշելու համար այն ուղարկելով ՍԴ, հիմա ավելի թեթեւ վիճակում են:
Բայց դատական համակարգի ներսում ծավալվող քննարկումներն այսքանով չեն ավարտվել, դատավորներից ոմանք կարծիք են հայտնել, որ միգուցե մինչեւ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ ընդունելը ՀՔԾ-ն որոշի խափանման միջոցը դարձյալ փոխել: Այդ դեպքում ՀՀ Վճռաբեկ դատարանին այլ ելք չի մնա, քան քննարկել երկրորդ նախագահի կալանավորման հարցը:
Եւ ստացվում է, որ ՀՔԾ-ն իր ոչ պրոֆեսիոնալ պահվածքով իր կայացրած որոշման ձեռքը կրակն է ընկե՞լ: Իսկ թե ինչպես դուրս կգա իրավիճակից, ցույց կտա ժամանակը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
4 ԹԻԿՆԱՊԱՀ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի գործով եւս երեք թիկնապահ է կալանավորվել: Հիշեցնենք` ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Ն. Սարգսյանը 2018թ. հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայից խողովակներ` սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր: Արդյունքում Ա. Պետրոսյանի եւ Ն. Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում: Պետրոսյանը հետախուզվում էր ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Ա. Պետրոսյանը ինքնակամ ներկայացավ իրավապահներին եւ վերջինիս պաշտպանը հայտնել էր, որ նա իրավապահներին հայտնել է, որ կատարվածի հետ կապ չունի:
Ինչեւէ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ն. Սարգսյանի եւս երեք թիկնապահները: Ասել է թե` այս պահի դրությամբ 4 թիկնապահ գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորվածներն են` Սամվելը, Հարությունը, Հովհաննեսը, Արտեմը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ հաղորդում ներկայացրած ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանի դեմ` պատիվն արատավորելու համար: «Ես իմ պատիվը արատավորելու համար հայց եմ ուղարկել դատարան, որ տվյալ անձը պատասխանատվության ենթարկվի, առայժմ բարոյական վնասս վերականգնի: Թող մամուլով կամ հեռուստատեսությամբ ներողություն խնդրի իր հայտարարության համար: Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ, տվյալ անձնավորությունը ներողություն կխնդրի, որից հետո եթե շարունակի, իրեն ֆինանսական տույժի էլ եմ ներկայացնելու եւ գումարն ուղարկեմ որեւէ մանկատուն»,-հայտարարել է Ալիկ Սարգսյանը:
ՉԵՆ ՎՃԱՐՎԵԼ
Սիսիանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները բողոքի ակցիայով են հանդես եկել Շիրակի մարզպետարանի դիմաց: Ընկերությունը փողոցաշինական աշխատանքներ է իրականացնում Գյումրիում «Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային» ծրագրի շրջանակում: Ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների թերությունների մասին պարբերաբար բարձրաձայնվում էր: Հատկապես դժգոհություն կար` կապված Վազգեն Սարգսյան փողոցի հիմնանորոգման հետ: Նախօրեին էլ տեսանյութ է տարածվել, թե ինչպես է քանդվում Վազգեն Սարգսյան փողոցի բետոնալցված հատվածը, ավելի վաղ բազալտե եզրաքարերի անորակ լինելու մասին տեղեկություններ տարածվեցին: Շինարարներին զգուշացրել են, որ թերություններով պայմանավորված չեն վճարվելու:
Այդ հանգամանքով պայմանավորված էլ շինարարները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` հայտարարելով, որ հենց գալիս է աշխատավարձերը տալու պահը, որոշում են, որ շինարարությունն անորակ է:
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության որոշմամբ` աշխատանքների վերահսկողության խմբի ղեկավարը մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն է: Շինարարները ցանկացել են հանդիպել մարզպետի հետ, նրանց ընդունել է Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, ով հորդորել է աշխատավարձերի խնդրով դիմել շինկազմակերպությանը:
Ծրագիրը վերհսկողություն նախկինում Գյումրու քաղաքապետարանն էր իրականացնում, շինկազմակերպության ընտրությունն էլ հենց այդ ժամանակահատվածում է եղել:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը: Սարգսյանն ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո: Դահլիճում ներկա գտնվողները դատարանի այս որոշումը ծափահարություններով ու բղավոցներով են ընդունել: Նախորդ նիստին պաշտպանական կողմը նշել է, որ Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքեր առկա չեն, մեղադրող դատախազը, սակայն, պնդել էր հակառակը` նշելով, որ Սարգսյանը դեռեւս տարիներ առաջ ճնշում է գործադրել գործով տուժողի, ինչպես նաեւ վկաների վրա: Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար` սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: