ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է զարմացնել. նա, առողջապահական համակարգում կյանքի համար կարեւորագույն խնդիրները թողած, զբաղված է զավեշտալի գործողություններով: Այս անգամ Թորոսյանը որոշել է

ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը ամբողջովին փոփոխել: Ընդ որում` այս դեպքում մի քանի ամսյա նախարարը թաքուն-թաքուն է որոշում կայացրել, առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանով նախարարության գլխավոր մասնագետները այլեւս հանդես են գալու որպես խորհրդատուներ: Թորոսյանի խելքին փչել է կրճատել նաեւ գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի: Եւ ամենակարեւորը, փոփոխությունների է ենթարկվել նաեւ նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները եւ գործառույթների շրջանակը:
Խորհրդատուների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Ի դեպ, խորհրդատու կարող է նշանակվել ՀՀ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող այն մասնագետը, ով կբավարարի սահմանված չափանիշերին, մասնավորապես, կունենա առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Ի դեպ, նախարարի հանձնարարությամբ` խորհրդատուները պետք է ուսումնասիրեն քաղաքացիների գրավոր եւ բանավոր դիմումները, տան մասնագիտական եզրակացություններ եւ այլն:
Թե ինչով չեն բավարարել այն անձինք, ովքեր տարիներ շարունակ կոչվել են գլխավոր մասնագետ, հայտնի չէ: Համենայն դեպս, մինչեւ հիմա գլխավոր մասնագետ են համարվել այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս որպես բժիշկ մեծ համբավ ունեն: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Թորոսյանը իր մտերիմներին «նշանակում է» կարեւոր պաշտոնների: Թեեւ գլխավոր մասնագետը պաշտոն չէ եւ այն կրողը երբեւէ չի վարձատրվել: Այնուամենայնիվ, այս դեպքում Թորոսյանը դարձյալ չի մոռացել իր ընկերներին, մտերիմներին եւ նրանցից մի քանիսին նշանակել խորհրդատու: Իսկ նրանք, ովքեր ցանկից դուրս են մնացել եւ այլեւս չեն կոչվելու գլխավոր մասնագետ, այդ մասին տեղեկացել են պատահական. մեկին գործընկերն է զանգով փոխանցել, մյուսը մամուլի միջոցով, իսկ մի հատվածն էլ` մեր զանգից հետո:
Այս մասնագետների թվում է նաեւ ՀՀ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը եւ այլոք:
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը նախապես տեղյակ չի եղել իրականացվող փոփոխություններից. «Ես այսօր եմ պատահական իմացել աշխատանքի գալուց: Այդ գաղափարը սավառնում էր երկնքում, բայց զուտ խոսակցություն էր: Իսկ ինքնըստինքյան փաստը այսօր ինձ համար ի հայտ դարձավ, երբ եկա աշխատանքի: Բոլորովին վիրավորված չեմ, նորմալ եմ վերաբերվում»:
Իսկ ահա Հովհաննես Մանվելյանը, անդրադառնալով այս հարցին, արձագանքեց. «Նախարարը ինքը պետք է որոշի, թե ումից խորհուրդ հարցնի: Ամեն մեկն իր թիմն է որոշում, ես իմ թիմն ունեմ եւ այն օտար մարդը, ով իմ թիմի գաղափարը չի կիսում, հետեւաբար չի կարող մնալ իմ թիմում»: Արտավազդ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Տեղյակ չեմ եղել նախապես: Սերնդափոխություն է, բոլորովին վատ չեմ զգում: Պատահական զանգել են ինձ ու ասել»:
«ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյոք նախապես նախարարությունը ծանուցել է, թե ոչ, նախարարի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը փոխանցեց. «Սա վճարվող աշխատանք չէ, իրականացվել եւ իրականացվելու է բացառապես հասարակական հիմունքներով: Խորհրդատուի դերը պաշտոն չէ, իսկ խորհրդատուի փոփոխությունը չի նշանակում պաշտոնից ազատում: Նախապես բազմիցս հայտարարվել է, որ ինստիտուտի փոփոխություն է լինելու: Գործընթացը կարգավորվում է նախարարի հրամանով: Նախկին հրամանը ուժը կորցրած է ճանաչվել, նորն է ընդունվել: Այդ մասին ասվել է ե՛ւ պաշտոնական հաղորդագրություններում, ե՛ւ տարբեր մասնագիտական հանդիպումների, քննարկումների ժամանակ»:
Կարճ ասած` նախարար Թորոսյանը շարունակում է ինքնադրսեւորվել, բնականաբար, այլոց հաշվին:
Հ. Գ. Նախարար Արսեն Թորոսյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ թերեւս այդպես փորձելով ապահովագրել ինքն իրեն: Բայց արդյո՞ք կներվեն նրան այնպիսի սխալները, որոնք թույլ է տալիս գործունեության ընթացքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՅՐԸ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ՞

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի շուրջ թեժ մրցակցություն է սկսվել: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գյումրիում վերջին օրերին շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մոր՝ Թամարա Մելիքյանի անունը: Վերջինս Սահակ Մինասյանի հետ լավ հարաբերություններ մեջ է: Ըստ շրջանառվող լուրերի` Թամարա Մելիքյանի հնարավոր նշանակումը նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հեռահար ծրագրերից է:

Թամարա Մելիքյանը այն դասախոսների շարքում էր, ով քաջալերում էր Սահակ Մինասանին ու դուրս էր եկել աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գ. Համբարյանը Թ. Մելիքյանի հնարավոր թեկնածությունը համարում է ոչ օրինական. «Այդ կնոջ հավակնությունները խնդրահարույց են առաջինը այն առումով, որ բուհ-ի կանոնադրության 56-րդ կետում կատարված փոփոխությունների համաձայն` բուհ-ի ռեկտոր կարող է լինել այն անձը, որը 5 տարի ադմինիստրատիվ ստաժ ունի բուհ-ական ոլորտում: Ես գիտեմ, որ այդ կինը պահանջին չի բավարարում: Ինքը դեկան է նշանակվել 2013թ. նոյեմբերի վերջին, բացի այդ էլ Սահակ Մինասյանի օրոք 2-3 ամիս դեկանությունից հանվել էր: Ես կարծում եմ` ինքը ռեկտորի թեկնածու չի էլ կարող լինել: Բայց ովքեր են ջանասիրաբար տարածում իր անունը, կարծում եմ, բոլորին էլ պարզ է»,-ասաց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:
Թամարա Մելիքյանը ղեկավարում է Հումանիտար գիտությունների ու արվեստի ֆակուլտետը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից ճշտել` արդյոք հավակնու՞մ է ՇՊՀ ռեկտորի աթոռին, թե՞ ոչ: Սակայն տիկին Մելիքյանը նախընտրեց չպատասխանել, բայց նաեւ չբացառեց. «Բացարձակ չեմ կարող մեկնաբանել կամ կարծիք հայտնել: Անհեթեթ հարց է, ցանկությունը ո՞րն է, խելագարվում եմ այդ հարցից: Չեմ հասկանում` այդ լուրերը ոնց են տարածվել: Կուզենայի ավելի լուրջ հարցերից խոսել: Այդ հարցին ես պատասխանել չեմ ուզում»,-ասաց Թամարա Մելիքյանը:
Իսկ ՇՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը դեռ մշակում է կանոնադրությունը ու հստակեցնում այն պահանջները, որոնք անհրաժաշտ են ռեկտորի աթոռը զբաղեցնել ցանկացողներին:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԿՐԿԻՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» եւ սահմանվել ողջամիտ ժամկետներ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում եւ սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12մլն 967 հազար 739 դրամի չափով:
«Սանիթեք» կազմակերպությունը ներկայացրել է իր առարկությունները թողարկված ծանուցագրերի վերաբերյալ առ այն, որ ձախողումները պայմանավորված են նաեւ օբյեկտիվ հանգամանքներով. տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է աղբավայրի անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված աղբատար մեքենաների վնասմանը, աղբամանների մեծ քանակով այրմանը եւ վնասմանը եւ այլն:

 

 

ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է:
Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում քաղաքացին կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ:

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով Բաքու կժամանի սեպտեմբերի 25-ին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: «Նախագահները սեպտեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում կունենան, որի ընթացքում կհղկվեն այն բոլոր հարցերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել կամ ձեռք չեն բերել Սոչիում սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպման ժամանակ»,-նշել է Կալաշնիկովը:




Լրահոս