Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարսանիքներին երգող երգիչները պետք է հարկեր վճարեն. «Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու ավանդույթ է ձեւավորվել, գիտեմ՝ այսինչ այսինչյանը հարսանիքին երգելու համար որքան գումար է պահանջում: Իսկ նրանք ունե՞ն արդյոք հարկեր վճարելու մշակույթ, այդ երգիչ-երգչուհիները հայտարարագրեր չեն ներկայացնում: Բայց օրենքով կա այդպիսի պայման վերջին 25 տարիների ընթացքում»,-ասել է ՊԵԿ նախագահը: Խոսելով, առհասարակ, մշակույթի ոլորտից` նա նաեւ նշել է, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, օրինակ, ժամանակին իր եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր է ներկայացրել:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի եւ երգչուհի Աննա Խաչատրյանի հետ: Նրանք երկուսն էլ չեն պատկերացնում՝ ինչ սկզբունքով է հնարավոր հարկել իրենց ոլորտի ներկայացուցիչներին, ինչ մեխանիզմներ պետք է մշակվեն, որոնք կարող են ընդհանուր լինել բոլորի համար:
Արսենի խոսքով՝ երգիչ-երգչուհիներին հարկային դաշտ մտցնելուց առաջ հարկավոր է լավ ուսումնասիրել ոլորտը եւ տիրապետել ինչ-ինչ մանրամասների, հետո նոր հայտարարություններ անել. «Օրինակ՝ իրենք գիտե՞ն, թե երգի ստեղծումից մինչեւ տեսահոլովակի թողարկում երգիչը որքան է ծախսում, թե՞ դա ոչ ոքի չի հետաքրքրում: Այնքան խնդիրներ ունեն մեր ոլորտի ներկայացուցիչները, թող առաջնահերթ դրանք լուծեն: Երգչին հարկային դաշտ մտցնելուց առաջ նրա համար պետությունն ի՞նչ կարգավիճակ է ապահովելու: Բոլոր հիմնարկների հարցերը լուծել են, մնացել են երգիչնե՞րը: Այդ նույն սկզբունքով կարելի է Վերնիսաժի նկարիչների վաճառած ամեն կտավից հարկ վերցնել: Ի դեպ, նման քննարկումները նոր չեն, որ լինում են, նախկինում եւս բարձրացվել է այս հարցը, մեզ կանչել են համապատասխան մարմիններ, բայց երբեք հստակ մեխանիզմ չի ներկայացվել՝ ինչպես պետք է հարկվեն երգիչները: Իսկ մտածե՞լ եք այն մասին, որ երգիչը գուցե տվյալ հարսանիքի ժամանակ երգը պարզապես նվիրում է, դրա համար չի վճարվում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է որոշվի՝ ով որքան է վճարելու»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ հիշեց, որ երգիչներին հարկային դաշտ մտցնելու հարցը նախկինում քննարկվում էր ձայնասկավառակ թողարկելու պարագայում. «Ես ասում էի՝ պետություն, ապահովիր ալբոմներիս օրինական վաճառքը, ես էլ հարկ կտամ քեզ: Ես դեմ չեմ օրինական դաշտ մտնելու որեւէ պահանջի, բայց դա պետք է լինի խելամիտ, փոխշահավետ պայմաններում»,-նկատեց Արսենը:
Աննան եւս պատկերացում չունի, թե պետությունն ինչ սկզբունքով է երգիչ-երգչուհիներից հարկ վերցնելու: Նրա խոսքով՝ իրենց ոլորտն այդ առումով կառավարելի չէ. «Օրինակ՝ ես նախորդ շաբաթ երգել եմ հարսանիքի ժամանակ, եւ ինձ որպես հատուցում գինի են նվիրել: Հիմա ես պետք է այդ գինու 45 գրամը հարկ տա՞մ: Ինչպե՞ս են այս եւ նմանատիպ այլ դեպքերում կատարվելու հաշվարկները: Կամ ինչպե՞ս են հաշվելու՝ ես ամսական որքան գումար եմ աշխատում, որպեսզի հաշվեն նաեւ, թե որքան հարկ եմ մուծելու: Եվ հետո, կարող է տվյալ երգը մի անգամ պատվիրեն 5 հազար դրամով, մյուս անգամ՝ 20 հազար դրամով: Ինչպե՞ս են իմանալու՝ որ դեպքում որքան են վճարել: Եթե, ասենք, խանութների, ռեստորանների դեպքում սա վերահսկելի է, ապա երգարվեստի ոլորտում նման սկզբունքներով հնարավոր չէ առաջնորդվել»,-մանրամասնեց Աննան:
Հավելենք՝ պարոն Անանյանը հույս է հայտնել, որ գուցե իր հայատարարությունից հետո երգիչ-երգչուհիները ներկայացնեն համապատասխան հայտարարագրեր: Նրա խոսքով՝ առայժմ, սակայն, խանդավառվելու առիթներ չկան:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԱՅՆՊԵՍ ԱՐԵՔ, ՈՐ ՄԵՐ ԳԼԽԻՆ ՎԱՅ ՉՏԱՆՔ»
«Երեւանի ապագա քաղաքապետը պետք է լինի քաղաքի համար սրտացավ եւ նրանով մտահոգ մեկը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Լիանան: Թեեւ վերջինս իրեն քաղաքականությունից հեռու մարդ է համարում, կարծում է, որ ամեն քաղաքացի հասարակական կյանքում պետք է ակտիվ ներգրավածություն ունենա:
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում առկա են խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում. խոսքը ժամանակին աղբահանություն, կանաչապատում իրականացնելու, նոր կայանատեղիների ստեղծման, Հին Երեւանի հուշարձան-շենքերի պահպանման մասին է. «Տեսնում եք՝ որքան են շատացել մեքենաները, պարզապես օդ չկա շնչելու, կանաչ գոտիների պակաս է զգացվում: Ինչ վերաբերում է ավտոկայանատեղիներին, ինքս վարորդ եմ եւ կարող եմ ասել, որ ստիպված եմ քառասուն րոպե շուտ տնից դուրս գալ, որպեսզի կայանատեղի գտնեմ: Հաճախ քաղաքացիները ճանաչում են ինձ, եւ զիջում են, բայց որքա՞ն կարելի է այդպես: Հարկավոր է անհապաղ լուծում տալ այս խնդրին: Բայց մի դրական տեղաշարժի մասին պետք է խոսեմ: Հեղափոխությունից հետո վարորդները սկսել են զիջել միմյանց, իրար շնորհակալ լինել, չեմ կարող չարձանագրել»,-նկատեց Լիանան:
Լիանան ոչ մի կուսակցության, դաշինքի չի առանձնացնում, բայց ողջունում է Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի՝ Աջափնյակում մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցման ծրագիրը. «Շատ լավ նախաձեռնություն կլինի, առհասարակ, կցանկանայի մետրոն նորացված տեսնել»,-ասաց նա:
Իսկ, առհասարակ, երգչուհին քաղաքացիներին կոչ արեց անպայման ներկայանալ ավագանու ընտրություններին եւ որեւէ դեպքում չվաճառել սեփական ձայնը. «Եթե ժողովուրդը հիմա էլ այդպիսի բան անի, շատ վատ կլինի, ուրեմն, գուցե կոպիտ է հնչում՝ տեղն է մեզ…Ամեն մեկը պետք է զգա, թե իր վրա ինչ պատասխանատվություն է դրված: Երկու կոպեկն ուտելու են, ծամեն, գնա, բայց քաղաքապետ ահագին ժամանակ չեն կարող փոխել: Այնպես արեք, որ մեր գլխին վայ չտանք»,-եզրափակեց Լիանան:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՇՇՈՒԿՆԵՐԸ
ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մեկնաբանել է այն շշուկները, թե ինքը կարող է տեղափոխվել «Բավարիա», ինչպես նաեւ հույս է հայտնել, որ նոր մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում բավականաչափ խաղաժամանակ կստանա: «Ես երբեք բանակցություններ չեմ վարել «Բավարիա»-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ, դրանք միայն շշուկներ են: ՊՍԺ-ում մեծ մրցակցություն է, հատկապես իմ դիրքում, որտեղ կարող են խաղալ Մբապեն եւ Նեյմարը: Սրանք աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն են կամ էլ, ինչպես ինձ է թվում, այդպիսին կլինեն ապագայում: Նախորդ մրցաշրջանում ես ՊՍԺ-ի կազմում 47 կամ 48 հանդիպման եմ մասնակցել: Վստահ եմ, որ նոր մրցաշրջանում էլ այդքան կխաղամ: Սիրում եմ այս ակումբն ու քաղաքը: Ինձ լավ եմ զգում ՊՍԺ-ում, այդ իսկ պատճառով իմաստ չեմ տեսնում այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը դիտարկելու»,-ասել է Դրաքսլերը:
ԶԻԴԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ վերադառնալու է մարզչական աշխատանքի: «Իհարկե, շուտով կվերադառնամ մարզչական աշխատանքի: Դա այն է, ինչ դուր է գալիս ինձ եւ այն, ինչով զբաղվել եմ ամբողջ կյանքում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը: Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալ»-ը գլխավորել էր 2016 թվականի հունվարից մինչեւ 2018-ի մայիսը: 2.5 տարում նա Արքայական ակումբի հետ նվաճեց 9 տիտղոս` այդ թվում 3 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում:
ՄԻՍՍ ԱՄԵՐԻԿԱՆ
Ատլանտիկ սիթիում տեղի է ունեցել «Միսս Ամերիկա-2019» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է դարձել Նյու Յորք նահանգի 25-ամյա բնակչուհի Նիա Իմանի Ֆրանկլինը: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է լողազգեստների փուլում մասնակիցների ոչ պարտադիր ելքով: Կազմակերպիչները հայտարարել էին, որ աղջիկներին մտադիր են գնահատել մեծ մասամբ ոչ արտաքին տվյալների համար: Այդ իսկ պատճառով մրցույթի կազմակերպիչներն այն անվանել են «Միսս Ամերիկա 2.0»:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մասսաչուսեթս նահանգի ներկայացուցիչը, երրորդը` Ֆլորիդայի ներկայացուցիչը, չորրորդը` Լուիզիանա, հինգերորդը` Կոննեկտիկուտ: