ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմնակիցները քարոզարշավի ժամանակ թռուցիկներ բաժանելուց բացի որոշել են դրանք դնել նաեւ լվացքի պարանի վրա կախված հագուստի գրպանը: Ակնհայտ է, որ նրանք ամեն կերպ փորձում են «տեղ հասցնել» Մարությանի ընտրական ծրագիրը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ո՞վ իրավունք ունի մշտական կացության կարգավիճակ ստանալ: Ընդհանրապես, ո՞ւմ է տրվում մշտական կացության կարգավիճակ:

Լիաննա Տոնոյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Տոնոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

 

 

ՀԱՐՑ. Հայրիկս 1983թ. մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը ներառյալ ունի մանկավարժական 12 տարվա ստաժ: Նույն մարզադպրոցում 3 անգամ կրճատվել, ապա նորից ընդունվել է: 3 կնիքներն էլ տարբեր են, սակայն մեր տարածքային սոցապ բաժինը քաղաքապետարանի կնիքը` 1991-93թթ., հաշվի չի առնում, եւ այդ ժամանակահատվածի ստաժը չի հաշվարկում: Կնիքի վրայի թվերն է նայում եւ պատճառաբանում, որ չի համապատասխանում: Խնդրում եմ պատասխանել` ինչու չեն հաշվում հայրիկիս 2 տարվա ստաժը:

Տիգրան Եղնկյան (59 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Միաժամանակ հայտնում եմ, որ Տիգրան Եղնկյանին մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար նրան խորհուրդ է տրվում գրավոր դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:




Լրահոս