ՀԱՐՎԱԾ ԷՐ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին: ՈՒ այլեւս մեծ կարեւորություն չունի երկու պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդակությունը: Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել համացանցում, պարզապես խայտառակություն է: Տեղի ունեցածը լրջագույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ անվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները: Եւ հետո, հայտնի չէ, թե հրապարակող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Եւ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կարելի է բավական հեռուն գնացող, տխուր հետեւություններ անել: Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին:
Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան: Բայց չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում: Ուստի ամենեւին բացառված չէ, որ համակարգում էլի գտնվեն այդպիսի մարդիկ, որոնք աշխատում են դեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից եւ մարդկային փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց կամ նրանց թիմի հետ: Բացի այդ, տարիներ առաջ խոսվեց, որ պաշտոնյաներից եւ մեծահարուստ գործարարներից ոմանք ձեռք են բերել գաղտնալսող սարքավորումներ, ինչպիսիք կան իրավապահ համակարգում, եւ փորձում են միմյանց նկատմամբ այդպես վերահսկողություն իրականացնել:

 

 

 

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում` այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ եւս: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանը մեկնաբանեց. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկեք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն եւ դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»: Նշենք, որ ըստ հայցադիմումի` Գյուլումյանին պետք է տրվեր հավելավճար աշխատավարձի՝ 640 հազար դրամի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար դրամ, «ՀՀ դատական օրենսգրքի»ուժի մեջ մտնելու պահից` այս տարվա ապրիլի 9-ից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»: Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկն էլ Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որ հիմա ձերբակալված է: Ըստ շրջանառվող լուրերի` Կարապետյանը ժամանակին բանկերից մեկի հետ դատական վեճ է ունեցել, եւ վերջում վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել է հօգուտ բանկի: Ասում են՝ այս պատմությունը հասել է անգամ Սերժ Սարգսյանին: Կարո Կարապետյանն ինքը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ հերքել է իր առնչությունը Մկրտումյանի հետ կատարվածին: «Նախ այդ անձը իմ թիկնապահը չի եղել, ինձ մոտ մարդ է եղել, բայց 7 ամիս է հետը շփում չունեմ ու չգիտեմ` ինչի համար է նա դա կատարել»:

 

 

 

Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է նվազել: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն` այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 762.5 մլն դոլար: Նախորդ ամսվա համեմատ այն մի փոքր աճել է. օգոստոսի 1-ին ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 759 մլն դոլար էր: Փոխարենը տարեսկզբի ցուցանիշի համեմատ պետական պարտքը 12.1 մլն դոլարով պակասել է: Հունվարի 1-ին ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ընդ որում, ՀՀԿ իշխանության օրոք ՀՀ պետական պարտքն ամեն ամիս ավելացել էր, ու արդեն մայիսի 1-ի դրությամբ հասել 6 մլրդ 867.5 մլն դոլարի: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ընդհակառակը, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրեց միանգամայն այլ գործելաոճ՝ հրաժարվելով նոր պարտքեր ներգրավելուց, միաժամանակ, մարելով եղած պետական պարտքը: Ու պետք է արձանագրենք, որ Փաշինյանի վարչապետության այս չորս ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքը զգալի նվազել է՝ մոտ 105 մլն դոլարով:

 

 

 

ԿՐԿԵՍ ԱԺ-ՈՒՄ
Խորհրդարանում ՀՀԿ-ականների պահվածքը հիշեցնում է իրենց առաջնորդի հայտնի խոսքերը, թե «կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: ՀՀԿ-ականները, որ թավշյա հեղափոխությունից հետո իրենց հայտարարել են ընդդիմություն` միաժամանակ, պահպանելով օրենսդիր իշխանության ղեկավար պաշտոները, այս ընթացքում կարողացել են հմտորեն կրկեսի վերածել հենց ԱԺ-ն: Երեկ ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: «Դա քաղաքական գործընթաց է եւ քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», – ասել է Բաբլոյանը:
Եթե նման հայտարարությամբ հանդես գար խորհրդարանական որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ, ապա միանգամայն նորմալ կհամարեինք: Մինչդեռ հիմա քաղաքական կոնսենսուսի արդյունքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հրամայականի մասին խոսում է ՀՀԿ ներկայացուցիչն այն դեպքում, երբ երկու տարի առաջ բոլորս ականատես եղանք, թե հանուն Սերժ Սարգսյանի վերարտադրության իրենց իշխանությունն ինչպես կարողացավ նախ «քաղաքական կոնսենսուս» ապահովել, այնուհետեւ՝ սահմանադրական փոփոխություններ պարտադրել: Եթե մոռացել եք, հիշեցնենք Բաղրամյան պողոտայում Սերժ Սարգսյանի հանդիպումներն ամենատարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ. քաղաքական դաշտում առանցքային դերակատարություն ունեցող ուժերից մի քանիսին պարզապես բռնությունների եւ շանտաժի միջոցով հնարավոր եղավ բերել այդ դաշտ: Հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար հերթի կանգնեցրին մարդ-կուսակցություններին: Կուսակցություններ, որոնց անդամները հազիվ մի Ժիգուլու ուղեւորների չափ լինեն: Այդ մարդ-կուսակցությունների անուններն իրար կողքի հնչեցնելով` տպավորություն փորձեցին ստեղծել, թե սահմանադրական փոփոխությունների հարցում կա կոնսենսուս: Եւ այս ամենը իրոք մեկ մարդու, մեկ գործչի ցանկությամբ. այն գործչի, որ որոշել էր չհեռանալ իշխանությունից: Ուստի սահմանադրությունը փոխեցին, որ նա նախագահի պաշտոնը թողնելուց հետո իշխանավարի արդեն որպես վարչապետ, նոր սահմանադրությամբ` որպես պետության փաստացի ղեկավար: Բայց եւ այդ սահմանադրությունն ու իշխանությունը պահելու անհագ ցանկությունը դարձավ տապալման պատճառ:
Իսկ հիշում եք՝ քաղաքական դաշտում քանի-քանի անգամ է կոնսենսուս մինուս ՀՀԿ վիճակը եղել: Քաղաքական առանցքային բոլոր ուժերը ժողովրդի հետ միասին բազմիցս եկել են ընդհանուր հայտարարի՝ բացի ՀՀԿ-ից: Դժվար չէ ենթադրել՝ նույնկերպ կշարունակվի նաեւ առաջիկայում: Մեկ տարբերությամբ, որ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, այլ բավական ամոթալի մերժվեց ու հեռացվեց:




Լրահոս