Մոսկվա այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մասնավորապես, լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների: Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, եւ մենք դա թույլ չենք տա»: Փաշինյանը ԼՂ հիմնախնդրին անդրադարձել էր նաեւ ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: Մասնավորապես, ըստ նրա, գուցե ղարաբաղյան բանակցային գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձեւաչափի պատճառով: «Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան կողմի մասնակցությունը, այսինքն՝ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին»,- ասել էր նա:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, վարչապետ Փաշինյանը Ռուսաստանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Արցախը Հայաստանի մի մաս է պատկերացնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը
-Կարծում եմ` ցանկացած հայ էլ ունի այդ երազանքը: Եվ դա մեզ բոլորիս համար էլ գերնպատակ է: Ուզում ենք եւ պետք է ձգտենք դրա իրականացմանը: Սա պարզապես ժամանակի խնդիր է: Ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում դժվար գտնենք մեկին, ով չի ցանկանա դա: Իհարկե նշեմ,որ Հայաստանն ու Արցախը միեւնույնն է, միասին են:
-Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը
-Եթե ընդունում ենք այն,որ Արցախն ու Հայաստանը միասին մեկ հայրենիք են, ուրեմն մենք արդեն մեծ ձեռքբերում ունենք: Հարցի լուծումը, իհարկե, կախված է նաեւ աշխարհաղաքական տարբեր հոսանքներից եւ գլոբալ միտումներից: Մեր միասնականությունը ոչինչ չի կարող խարխլել: Գերնպատակին հասնելու ճանապարհը տեսնում եմ երկու պետությունների հզորացմամբ եւ Արցախի հարցի լուծման միջոցով:
-Փաշինյանը ասել է, որ գուցե ղարաբաղյան գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձեւաչափի պատճառով: Համամի՞տ եք այդ ձեւակերպման հետ:
-Հիշեցնեմ` 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում Արցախը հաստատվել է հակամարտության կողմ: Սակայն Ադրբեջանի քմահաճույքի պատճառով դուրս է մնացել բանակցային գոտուց: Պետք է ամեն ինչ անել, որ Արցախը կրկին դառնա բանակցային լիարժեք կողմ:
-Այսօր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մարտի 1-ի վերաբերյալ նոր հայտարարություն արեց: Ըստ Խաչատրյանի` 2008թ. փետրվարյան իրադարձությունների ժամանակ 0038 գաղտնի հրամանից հետո, որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների: Այդ ընթացքում սահմանում գտնվող զինվորները առանց հերթափոխի են ծառայել, արդյունքում եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա: Խաչատրյանն ասել է, որ ամենախայտառակը նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկան սարքելն է:
-Ամբողջ ծավալով ասելով` նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Արցախի հետ դա կապ չունի: Սխալ հասցեով եք տալիս այդ հարցը: Ես չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական իրադարձություններին, բավական հետաքրքիր վիճակ է ստեղծվել արտաքին քաղաքականության ոլորտում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ այցից հետո հայտարարել էր, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու: Միաժամանակ, նա շեշտել էր, թե դա բացառապես հումանիտար ծրագիր է եւ որ ռազմական բաղադրիչ իր մեջ չի պարունակում: Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը:
Հիմա նրա այս հայտարարությունները եւ ՀՀ իշխանությունների քայլերը տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել:
Հայտնի փաստ է, թե Սիրիայի խնդրի պատճառով ինչ լարված են ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունները: Սիրիան, առանց չափազանցնելու, դարձել է երկրագնդի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ բախվում են գերտերությունները: Ըստ այդմ, Սիրիայի խնդրի վերաբերյալ ցանկացած դիրքորոշում կարող է դիտվել կողմերից որեւէ մեկի դեմ ուղղված: Այս իրավիճակում ՀՀ-ի կողմից ՌԴ-ի հետ համատեղ հումանիտար ծրագրի իրականացումը եւս մեկնաբանվում է, թե հաճելի չէ արեւմուտքին: Այդ առումով հատկապես ակտիվ են նախկին իշխանության՝ ՀՀԿ ներկայացուցիչներն ու նրանց վերլուծաբանները:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս ամենին հանգիստ է վերաբերվում: Ավելին, իշխանությունները պնդում են հումանիտար կոնտեքստում գործելու մասին: «Սիրիայում բնակվող հայերի անվտանգության խնդիրը մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է», – երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը եւ հավելել,- «Այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում ենք եւ աշխատում ենք նաեւ մեր գործընկերների հետ: Գիտեք, որ այս հարցում նախկինում եւս Ռուսաստանի Դաշնությունը օգտակար է եղել, որպեսզի մենք կարողանանք ֆիզիկապես հասցնել հումանիտար օգնությունը այնտեղ: Այս դեպքում եւս մենք աշխատելու ենք միասին, որպեսզի կարողանանք տեղում մեր ներդրումը ունենալ խիստ անվտանգության հումանիտար կոնտեքստում», – ասաց Մնացականյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին մեկնաբանել է նախատեսված քայլերը` ընդգծելով, որ Սիրիա կգործուղվեն պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ Ըստ նախարարի, բնական է, որ ՊՆ մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետեւաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ: «Հայ մասնագետները Սիրիայում կատարելու են բացառապես հումանիտար խնդիրներ մարտական գործողություններից դուրս տարածքներում, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում: Նույնիսկ ականազերծողների պարագայում խոսքը գնում է ոչ թե զինվորական սակրավորների, այլ հումանիտար ականազերծման մասին, իսկ դրանք մասնագիտական առումով լրիվ տարբեր բաներ են: Կարծում եմ՝ թյուրըմբռնման պատճառն այն է, որ ուշադրություն է դարձվում ոչ թե գործուղման խնդրի եւ գործուղվողների կարգավիճակի, այլ զուտ նրանց զինվորական լինելու հանգամանքի վրա»,- ասել է նա:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՈՒԺԵՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Երեկ Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկ քարոզարշավի հարակից տարածքում անվտանգությունը մեծ չափով էր ներգրավված, քան երբեւէ: Ասել է թե` հսկողությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ մեծացել է: Ավելին, երեկ իր ելույթից հետո վարչապետն անսպասելի մտավ ժողովրդի մեջ, որի մասին նախապես անվտանգության աշխատակիցները տեղյակ չէին եւ նրա համար անցնելու ճանապարհ բոլորովին այլ կողմից էին բացել: Եվ վարչապետի այդ քայլից հետո իսկապես իրարանցում սկսվեց, քանի որ մարդիկ ամեն կերպ փորձում էին մոտենալ վարչապետին, անվտանգության աշխատակիցներն էլ փորձում էին կանոնակարգել: Եվ կրկին բոլորի համար անսպասելի կերպով վարչապետը հրահանգեց փակել ճանապարհները, քանի որ երթ են կազմակերպելու, եւ երկար ժամանակ պահանջվեց կանոնակարգման համար:
ՉՄԵԿՆԱԲԱՆԵՑ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կրկին մանրամասներ հայտնեց 2008 թվականի դեպքերի մասին: «Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Մենք ունենք հստակ ապացույցներ։ Դա եղել է, երբ Ռոբերտ Քոչարյանը արդեն արտակարգ դրություն էր հայտարարել։ Այսինքն` հրազենային վիրավորում ստացած որեւէ զինծառայող չկար։ Մեր տարբերակը, որ սա արվել է նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե արտակարգ դրություն մտցվել է, որովհետեւ արդեն եղել են զոհվածներ, հաստատվի, ճիշտ է»,-ասաց նա։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՔԾ պետի բացահայտումների մասին մեկնաբանություններ ստանալ նաեւ Տիգրան Աբգարյանի հարազատներից: Սակայն նրա ծնողները չցանկացան որեւէ տեսակետ հայտնել: «Ես ինձ հիմա լավ չեմ զգում եւ չեմ կարող որեւէ բան ասել։ Ցանկություն էլ չունեմ խոսելու այդ գործի մասին»,-ասաց Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը:
ԹԱՔՆՎԱԾԸ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը 1999 թվականից մինչ օրս պետական պաշտոն է զբաղեցրել: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի 2 բնակարան, 2 ավտոտնակ եւ մեկ Kia Sorento 3.5 մակնիշի ավտոմեքենա: Բաղրամյանի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11.9 մլն դրամ եւ 200 հազար ռուսական ռուբլի: Նա ունի 5.8 մլն դրամի եւ 27 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բաղրամյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 304 հազար դրամ: Բացի այս, նա տրված փոխառություններից ստացել է մոտ 500 հազար դրամի չափով տոկոս: Նա նաեւ «այլ եկամուտ» է հայտարարագրել գումարի տեսքով, որը կազմել է 1 մլն 357 հազար դրամ: