ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾԸ ԼՈՒՐՋ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իրավապահները Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով քննություն են տանում մեկ վարկածի շուրջ, թե ինչ կապ կարող է ունենալ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, որը հայտնի է «յուվեցի Կարո» անունով, այս միջադեպի հետ: Պարզվում է՝ պատմությունը բավականին խորն է, որից տեղյակ է եղել անգամ Սերժ Սարգսյանը:

Ինչպես եղավ դեպքը
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, 3 անձինք զինված հարձակվել էին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա, եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին: Մյուս երկուսը փախուստի էին դիմել: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել են Վրաստանում: Այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձնման հարցը: Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վրաստանում հայտնաբերված անձը երկար տարիներ աշխատել է որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահ: Իսկ ահա երրորդ անձը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայել է ՀՀ ոստիկանությունում, կոչումով ավագ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ինչեւէ, գործով հարցաքննվել էին հայր եւ որդի Մկրտումյանները: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` հայր եւ որդի ցուցմունք են տվել` պատմելով, թե ինչպես է տեղի ունեցել ամեն ինչ: Մասնավորապես, ինչպես են տեսախցիկներով տեսել, որ տան ուղղությամբ կոնկրետ մարդիկ են գալիս, որից հետո դուրս են եկել բակ եւ սկսել են դիմադրել ներխուժած անձանց: Ավելին` նրանք հայտնել են, որ ավազակային հարձակում իրականացրած անձինք իրենց որեւէ պահանջ չեն ներկայացրել: Իրավապահները հետաքրքրվել են, թե ինչ կասկածներ ունեն ավազակային հարձակման մասով, նրանք ցուցմունք են տվել` նշելով, որ որեւէ կասկած չունեն որեւէ մեկի նկատմամբ, եւ կատարվածը ոչ պրոֆեսիոնալ անձանց քայլ է եղել: Մեզ հայտնի դարձավ, որ երբ իրավապահները նրանց հարցրել են, թե ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահ է եղել, կարող է նրանց հետ խնդիր են ունեցել, ի պատասխան` Արման Մկրտումյանը հայտնել է, որ չի հավատում այդ տեղեկություններին, եւ նման բան չի կարող լինել:
Մեկ վարկածի շուրջ
Ու թեեւ տուժողները որեւէ մեկի նկատմամբ կասկած չունեն, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգն այս օրերին քննում է մեկ վարկած: Ուսումնասիրելով ավազակային հարձակման վարկածները` չեն բացառել, որ այս դեպքը կապ ունենա ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի եւ ԱԺ նախկին պատգամավորի շուրջ տեւական ժամանակ հասունացած դատական թնջուկի հետ: Իսկ ի՞նչ դատական վեճի մասին է խոսքը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը բանկերից մեկի հետ խնդիր է ունեցել եւ չի ցանկացել կատարել բանկի հետ իր պայմանագրային պարտավորությունները: Արդյունքում, բանկի եւ նախկին պատգամավորի միջեւ դատական վեճը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախկին պատգամավորը փորձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միջոցով իր եւ բանկի միջեւ առաջացած անհաշտությունը իր օգտին լուծել, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո Կարո Կարապետյանը դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը զարմացել է
Արդյունքում, Սերժ Սարգսյանը իր մոտ է կանչել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` հորդորելով օգնել պատգամավորին: Սակայն Արման Մկրտումյանը ներկայացրել է իրավիճակը` հայտնելով, որ բանկը քաղաքացու հետ ունի պայմանագիր եւ այս դեպքում ընդդեմ բանկի որոշում կայացնել նշանակում է ակնհայտ ապօրինության դիմել: Սերժ Սարգսյանը, լսելով այս մասին, Արման Մկրտումյանին ասել է, որ իրեն այլ կերպ է մատուցվել հարցը ու շատ զարմացած է: Վերջնարդյունքում նախկին վարչապետը դատարանի նախագահին ասել է, որ պետք է վարվել այնպես, ինչպես օրենքն է թելադրում:
Եվ հիմա իրավապահ համակարգը, ունենալով այս ինֆորմացիան, քննում են այս վարկածը հասկանալու համար, թե այս պատմությունը ինչ կապ կարող է ունենալ Արման Մկրտումյանի տան նկատմամբ իրականացված ավազակային հարձակման հետ: Ավելին` իրավապահները մյուս անձանց գործունեության մասով եւս հետաքննություն են կատարել եւ Արման Մկրտումյանի ընտանիքի եւ ավազակային հարձակում իրականացրած անձանց միջեւ կապ չեն գտել, միակ կապը թիկնապահն ու նախկին պատգամավորն են:
Գործը կգնա ՀՔԾ
Նկատենք, որ կալանավորված անձանցից մեկը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, ուստի չի բացառվում, որ գործը ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ավազակային հարաձակում գործած անձինք նախկինում պաշտոնատար անձանց մոտ աշխատել են որպես թիկնապահ: Օրինակ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահն է եղել, իսկ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն տարիներ առաջ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի թիկնապահ է եղել:
Նախկին պատգամավորը
իրավիճակի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի հետ հասկանալու համար, թե նա ինչ առնչություն ունի այս պատմության հետ, ինչին ի պատասխան` նախկին պատգամավորն ասաց. «Նախ՝ այդ անձը իմ թիկնապահը չի եղել, ինձ մոտ մարդ է եղել, բայց 7 ամիս է՝ հետը շփում չունեմ ու չգիտեմ՝ ինչի համար է նա դա կատարել»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ նախաքննությունը իրականացնող մարմինը մեկ վարկած է քննում, որ նա նախկինում բանկերից մեկի հետ խնդիր է ունեցել եւ այդ խնդիրն իր օգտին լուծելու համար դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահին, սակայն ստացել է մերժում, Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ես Արման Մկրտումյանի հետ մոտիկ հարաբերության մեջ եմ եղել, եւ ժամանակը ցույց կտա` ով ով է, ինչ ինչ է, այնպես որ, ով կապում է իմ անունը այդ ամենի հետ, լավ բան չի անում, իմ անունը ոչ մի բանի հետ չկապեք, ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, սնանկության գործով դատարանի շուրջ աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: Մասնավորապես, ԲԴԽ-ի կողմից հավանություն չստացած դատավորները դատի են տվել ԲԴԽ-ին` պահանջելով, որ նա պատճառաբանի, թե ինչու իրենց չի ընտրել նոր ստեղծվելիք դատարանի դատավոր: Ավելին, գրել էինք, որ դատական համակարգում խոսակցություններ կան, որ նրանք, ովքեր ընտրվել են, ԲԴԽ-ի անդամներին զանգեր են արել, խնդրել են,որ օգնեն իրենց դառնալ սնանկության գործով դատարանի դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սնանկության գործով դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի հետ հասկանալու համար, թե նա որեւէ մեկին խնդրել կամ զանգել է, որ իրեն ընտրեն նոր ստեղծվելիք դատարանի դատավոր:
-Դատական համակարգում կարծիքներ կան, որ նոր ստեղծվելիք դատարանի դատավորները ոչ պրոֆեսիոնալ են: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես իրենց տեղը չեմ կարող պատասխանել, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում, գնահատական տալիս: Ուղղակի կարող եմ նշել, որ մի շարք չափանիշներ են հաշվի առնվել, այդ թվում` ստաժը, փորձը, դատավորի քննած գործերի քանակը, բեկանումների թիվը:
-Ըստ Ձեզ` Ձեզ ո՞ր արժանիքի համար են ընտրել:
-Ես չեմ կարող իմ արժանիքը ասել, դա Բարձրագույն դատական խորհուրդն է գնահատել, բայց 2001 թվականից ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրա, իմ գիտական թեման եղել է սնանկության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում, ունեմ մի շարք տպագրված հոդվածներ սնանկության գործերին առնչվող, դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում, Ֆրանսիական համալսարանում, իսկ մնացած արժեքների մասին արդեն որոշել է բարձրագույն դատական խորհուրդը:
-Դատական համակարգում տարածված խոսակցություններով` նրանք, ովքեր ընտրվել են, զանգեր են արել, խնդրել են ԲԴԽ անդամներին, Դուք զանգե՞լ եք, խնդրե՞լ եք եւ ո՞ւմ եք զանգել, խնդրել:
-Բացառվում է, իմ անունից անձամբ կարող եմ ասել, որ բացառում եմ նմանատիպ զանգերը, մրցույթը եղել է թափանցիկ բոլորի համար:
-Հիմա Ձեր կոլեգաները համամիտ չեն ԲԴԽ-ի որոշման հետ եւ դատի են տվել` պահանջելով, որ ԲԴԽ-ի որոշումները անվավեր ճանաչեն, գործը ՀՀ վարչական դատարան վարույթ է ընդունվել:
-Գործը դատական քննության փուլում է, դատարանը իր գնահատականը կտա: Ամեն մեկն ինքն է ընտրում իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության միջոցները: Անձամբ ես դատական համակարգի ներսում առաջացած խնդիրների կամ լուծման պատճառով նման պաշտպանության միջոցի չէի դիմի, որովհետեւ չի բացառվում, որ հետագայում նոր տեղեր բացվեն կամ չգիտեմ` նոր հնարավորություններ ստեղծվեն, համենայնդեպս, ինքս նման ճանապարհով չէի գնա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԴՊՐՈՑԻՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում տարրական դասարանները գերազանց գնահատականներով ավարտող, սակայն կարդալ եւ գրել չիմացող աշակերտների խնդրին. «Մենք պետք է կրթության գնահատման եւ որակի համար պատասխանատվություն մտցնենք: Այս պահին ատեստավորումը դպրոցում կրում է շատ ձեւական բնույթ: Ըստ էության, ատեստավորման հիմքում պետք է աշակերտների առաջադիմությունը լինի»: Նախարարը պատմել է իրեն հայտնի դարձած այն իրողության մասին, որ իր հայտարարությունից հետո որոշ ուսուցիչներ հրաժարվում են դասավանդել 12-րդ դասարաններում. «Այն հայտարարությունից հետո, որ 12-րդ դասարանում 1 կամ 2 առարկա կլինի միասնական եւ կտեսնենք, որ դպրոցում ինչ միջին գնահատական է եւ ինչու է առաջադիմությունը ցածր, որոշ ուսուցիչներ հրաժարվել են 12-րդ դասարանում դասավանդել, քանի որ հստակ կերեւա, թե ինչ մակարդակ է եղել այդ դպրոցում»:

 

 

ՉԻ ՈՒՐԱՆՈՒՄ
«Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ եւ հարգում եմ նրան»,-հայտարարել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկինում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` հավելելով, թե տեղին չէ հարցը` արդյոք նրա շուրջ կհամախմբվի՞: Հարցին` Քոչարյանը կկարողանա՞ հասարակությունը մոբիլիզացնել, վերջինս պատասխանել է` կապրենք, կտեսնենք. «Ես իր հետ 10 տարի աշխատել եմ, եւ, որ աղետի գոտին վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, դա փաստ է: Էնքան բան է կառուցել, պատերազմին մասնակցել է, արտագաղթ չկար, ներգաղթ կար: Ամեն ինչ ուրանալ… ես այդ բնավորությունը չունեմ»: Դիտարկմանը, թե Քոչարյանն է մեղավոր Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի համար, Վ. Ղուկասյանը հակադարձել է. «Երբ մեկին փաթաթում եք Մարտի մեկ, Հոկտեմբերի 27, փաստերով խոսեք, հստակ կա՞ այդպիսի բաներ: Եթե լինի, միանշանակ, բոլորս էլ չենք ընդունի էդպիսի մարդուն: Քննչական մարմինները թող աշխատեն»:




Լրահոս