«Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել Վայոց ձորի մարզի խոշորացված Շատին համայնքում:
2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Ու չհաշտվելով իր պարտության հետ` տեւական ժամանակ է՝ նրա կողմնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում: Հիմա էլ ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել է համայնքապետարանը՝ պարալիզացնելով համայնքի աշխատանքները: Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում:
Մեր թերթի երկու աշխատակիցներն իրավիճակին ծանոթանալու համար այցելել էին Շատինի համայնքապետարան: Արձանագրեցինք, թե ինչպես են բնակիչները բեռնատար մեքենայով փակել համայնքապետարանի բակը, համայնքապետարանի աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա դռանը: Այստեղ էլ տեղի է ունեցել ողջ միջադեպը. բնակիչներից մի քանիսը հարձակվել են մեր թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել: Նրանց անունները հայտնի է՝ Շիրակ Հարունյան, Նվեր Հովհաննիսյան, Զվարթ Սմբատյան, Ժաննա Խուդոյան, Գեղանուշ Եղոյան: Թե ով այդ միջադեպին ինչ մասնակցություն է ունեցել, մանրամասն ներկայացված է 4-րդ էջի հրապարակման մեջ:
Մինչ այդ, արձանագրենք` Շատինում ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն իշխանություններն են՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Արագած Սաղաթելյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը: Եւ նրանք, ըստ էության, պարտավոր են լուծել իրավիճակը: Նաեւ իրավապահները պետք է մեր այս հրապարակումն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատժեն «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին:
Մարտի 1-ի քրեական գործով իրավապահները օպերատիվ-հետախուզական նոր գործողություններ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին Մաշտոցի պողոտա-Լեո փողոց-խաչմերուկի շենքերի բնակիչները պատմեցին, որ օրերս իրավապահները զննություն են իրականացրել իրենց շենքերի կտուրներում եւ ձեղնահարկերում եւ ուշագրավ փաստեր հայտնաբերել: Մասնավորապես, իրավապահները գտել են կրակված փամփուշտների գնդակներ, որոնք մնացել են կտուրներում, որոշները` ճակատային պատերի մեջ: Համոզմունք կա, որ այդ գնդակները կրակվել են մարտի 1-ի իրադարձություների ժամանակ: Հիշեցնենք, նախօրեին իր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւս ասել էր, թե կան կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել:
Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները եւ սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը: Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում ԿԸՀ-ն չի հասցնի բացակա անդամին նորով փոխարինել, եւ կստեղծվի շիլաշփոթ վիճակ: Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։ Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանին, սակայն նա հերքեց լուրերը: «Դրանք պարզապես կեղծ լուրեր են։ Նման բան չի կարող լինել»,- ասաց նա։
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում Արմավիրի մարզպետարանի անցկացված ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ եւ թերություններ են հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Ջրառատի գյուղապետը Երանոսյանի քրոջ որդին է՝ Սամվել Գալստյանը, եւ նրան էլ վերագրում են հայտնաբերած խախտումները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բացահայտվել է, որ ավագանու անդամները կողմ են քվեարկել իրենց ընտանիքի անդամներին ու հարազատներին բյուջեից դրամական օգնություն տրամադրելու որոշումներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի հողային գլխավոր տեսուչ Սողոմոն Սարգսյանը հայտարարեց, որ դեպքեր են բացահայտվել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը օգտագործվել է արտադրականի անվան տակ, առանց դրանց նշանակությունը փոփոխելու: Խոսքը 7 հեկտար հողատարածքի մասին է, եւ գյուղապետը փոխանակ վերահսկողություն իրականացնելու, աչք է փակել այդ ամենի վրա:
ՀԻՄՆԱՎՈՐԵՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
Եւ այսպես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, բավական արագ արձագանքեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցին: Նման օպերատիվությունն իհարկե սպասելի էր միանգամայն հասկանալի պատճառներով. հեռախոսազրույցում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը քննարկել են նաեւ հարուցված քրեական գործի շրջանակներում Քոչարյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու հարցը:
Երեկ Ռոբերտ Քոչարյանը կատարվածը որակել է որպես հանցագործություն, քաղաքական հետապնդում, որի նպատակն իրեն «փակելն է»: Բացի այդ, նա շատ հեռուն գնացող մի քանի արտահայտություններ է արել: «Այդ գործի մեջ ներքաշված են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ այլ մարդիկ, ներքաշում են բազմաթիվ պետական ծառայողների: Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, եւ ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու: Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ»,- ասել է նա:
Այս խոսքերից կարելի է լուրջ, շատ լուրջ հետեւություններ անել, որ, օրինակ, նախկին նախագահը, օգտագործելով իր դիրքը, ճնշում է գործադրում քննչական խմբի, նաեւ վկաների վրա` սպառնալով` «բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու»: Ընդ որում, Քոչարյանը նման խոսքեր է հնչեցնում մի իրավիճակում, երբ որպես ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը գաղտնալսելու եւ տարածելու պատվիրատու շատերը հենց իրեն են կասկածում: Այս ամենից հետո կարելի է մտավախություն ունենալ, որ մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, խոչընդոտում է նախաքննության իրականացմանը, ուստի իրեն պետք է անհապաղ կալանավորել: Երեկ արդեն հնչում էին նման գնահատականներ:
Այնպես որ, եթե ՀՀ վճռաբեկ դատարանն այսքանից հետո որոշի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը եւ նա կրկին հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, ամենեւին էլ պետք չէ զարմանալ: Հենց իր խոսքերն են նման կասկածներ հարուցել:
Մեկ փաստ էլ. Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ասել է. «Մենք ստացանք նոր բռնապետ»: Հետաքրքիր է՝ իսկ ո՞վ է նախկին բռնապետը, ո՞ւմ նկատի ուներ Քոչարյանը նոր բռնապետի մասին խոսելիս:
Քիչ էր մնում մոռանայինք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս Փաշինյանի մասին ասել է. «Հայաստանում հայտնվել է նոր բռնապետ»: