Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնազերծված հեռախոսազրույցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան, երեկ հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ հեռախոսազրույցը։ Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցածին, արդյոք անսպասելի չէ՞ նման լուրջ պաշտոններ զբաղեցնող անձանց հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը։
-Զարմանալի չէ, ցավալի է։ Այստեղ զարմանալի բան չկա, այսօր այս զարգացած տեխնիկայի դարում հնարավոր է լսել ցանկացած անձի, ցանկացած հեռախոս։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ անհրաժեշտ տեխնիկա։ Տեխնիկական միջոցներ ունեն հատուկ ծառայությունները եւ, ինչպես նշեց ԱԱԾ տնօրենը, դա կարող են ունենալ գերհարուստ մարդիկ։
-Իսկ արտաքին հետք կարո՞ղ ենք տեսնել այս ամենում։
-Ես դա չեմ կարող ասել կամ գնահատական տալ, թե որտեղից է։ Եթե Աստված տա, բացահայտվի, թե որտեղից է, դա այլ հարց է։ Իսկ հիմա դրա մասին խոսելը մի քիչ վաղ է։
-Նշեցիք, որ ոչ թե զարմանալի է, այլ ցավալի։ Սա հարված էր հենց ազգային անվտանգությա՞նը։
-Որովհետեւ սա առաջին հերթին ուղղված է պետության դեմ, ոչ թե անձերի։ Իհարկե, անձերի դեմ էլ է ուղղված, բայց հիմնականում պետության դեմ։ Դա անողը կարող էր անել նաեւ ուրիշ խոսակցություն, մեկ ուրիշ բան, որը, օրինակ պետական գաղտնիք էր։ Դա շատ ավելի հեռուն գնացող վտանգներ է իր մեջ պարունակում, քան այսօրվա խոսակցությունը, որը եղել է եւ որը ես այսօր չեմ համարում արտառող երեւույթ։
-Բովանդակային առումո՞վ էլ։
-Ո՛չ բովանդակային, ո՛չ էլ դեպքը։ Համեմատություն անենք. Գերմանիայի պես հզոր երկրի կանցլերին լսել են ուղիղ 10 տարի։ Ու ոչ միայն, այլ նաեւ կառավարական ամբողջ ապարատը, Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահներին լսել են, իսկ Թուրքիայում լսել են գլխավոր շտաբի պետին, պաշտպանության նախարարին։ Այնպես որ այսօր չպետք է կենտրոնանալ, որ լսել են, լսել են, լսել են։ Կարող է էլի են ինչ-որ բաներ լսել, եւ վաղն էլ այլ բաներ հրապարակվեն։ Այլ բան է, որ այդ լսածը չլինի պետական գաղտնիք, չլինի մի բան, որ կարող է մեր պետությանը վնաս հասցնել։ Իսկ այստեղ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում։
-Այսօր (երեկ-խմբ.) խորհրդարանում գլխավոր թեման եւս այս էր, որքանո՞վ Ձեզ գոհացրին ՀՀ վարչապետի մեկնաբանությունները։
-Ինձ գոհացրեց։ Ասեմ, որ ինձ գոհացրել էր նաեւ ԱԱԾ տնօրենի բացատրությունները։ Գիտեք ինչ, հեռախոսը հեռախոս է, իմն էլ, ԱԱԾ տնօրենի հեռախոսն էլ նույնն է։ Եվ եթե կա լսելու հնարավորությունը, սարքավորումները, կարող են լսել։ Ես չգիտեմ, թե ով է լսել, չեմ կարող ասել դա։ Իսկ եթե եղել է եւ արդեն փաստ է, ցավում եմ դրա համար եւ չէի ցանկանա, որ այդպիսի բան լիներ։ Որեւէ մեկին դուրեկան չէ այդպիսի բանը, բայց դրա դեմ պայքար անպայման պետք է տանել, զբաղվել դրանով եւ կարողանալ բացահայտել։
-Ինչպե՞ս, ի՞նչ քայլեր պետք է հետեւեն այս ամենին։
-Դա արդեն տեխնիկական խնդիրներ են, միայն հատուկ ծառայությանը բնորոշ գործողություններ են։ Ուրիշ մարդ չի կարող դա անել։
-Դուք էլ նշեցիք, թե գերհարուստները կարող էին դա անել կամ հատուկ ծառայությունները։ Այսինքն՝ մարդկանց շրջանակը նե՞ղ է, ո՞վ կարող էր դա անել։
-Թողեք դա ազգային անվտանգությանը, մեր խելքի բանը չէ։ Թող իրենք զբաղվեն, մասնագետներ կան, որ գիտեն՝ դա ում ձեռագիրն է, ով կարող էր անել։ Կզբաղվեն, կբացահայտվեն, եւ սովորական, քաղացիական մարդու խելքի բանը չէ։ Պայքարը զուտ տեխնիկական է, այլ միջոցներ չկան։ Հատուկ ծառայություններն ունեն այդպիսի տեխնիկա եւ կարող են շատ բաներ անել։
-Դուք նշեցիք, որ Ձեզ գոհացրեց ԱԱԾ տնօրենի մեկնաբանությունները։ Այսինքն` այդ պաշտոնյաների հրաժարականի հիմքերը չե՞ք տեսնում։
-Ո՛չ, հիմքեր չեմ տեսնում։ Ընդհակառակը, սա ինչ-որ տեղ նաեւ ԱԱԾ տնօրենի համար մի փոքր զգուշացում եղավ, որպեսզի ինքն ավելի ուշադիր լինի եւ կարգապահ իր գործողությունների մեջ, որին որ հավատում եմ եւ չեմ կարծում , որ իրենից լավ որեւէ մեկը կարող է այդ գործը կատարել, որը նա կատարում է։
-Արթուր Վանեցյանն իր խոսքում նշեց՝ չի կարծում, որ կառույցում դավաճաններ կան, եւ միեւնույն ժամանակ հայտարարեց, թե կադրային փոփոխությունների չի դիմել։ Սա ճի՞շտ եք համարում։
-Նորմալ եմ վերաբերվում։ Մարդիկ, որոնք որ երկար տարիներ աշխատել են, վարժվել են, դա սպեցիֆիկ է եւ նոր մարդու պարագայում դա բարդություն է։ Հատուկ ծառայության դպրոցներ են նաեւ անցնում եւ այսօր կա դպրոց, որտեղ սովորում են։ Դա շատ կարեւոր է, եւ փորձով մարդկանց փոխարինելը հապճեպ չի կատարվում, այլ սերնդափոխությամբ, եւ հետո դուրս եկա։
-Իսկ ձայնագրության բովանդակության մասո՞վ։ Այսինքն՝ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում չի՞ փորձել ազդել իրավապահ համակարգի վրա։
-Ո՛չ, ես չեմ գտնում այդպես։ Այսօր Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ Վանեցյանն ինքը չի փորձել խոսել դատական համակարգի ներկայացուցչի հետ, այլ հակառակը։ Եվ բացի այդ, Վանեցյանը միշտ հարցնում է` հիմքերը կա՞ն, թե՞ ոչ։ Ես տողատակերը այդպես եմ հասկացել, բայց կարող են մարդիկ լինել, ովքեր այլ կերպ կհասկանան եւ կմեկնաբանեն։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած ներքաղաքական գործընթացներում, ապա մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության թեմայի շուրջ քննարկումներում պաշտոնյաները սկսել են միմյանց հակասել:
Ինչպես հայտի է, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով մարտի 1-ին զինված ուժերի ներգրավվումը ներքաղաքական գործընթացներին որակվել է որպես սահմանադրական կարգի խախտում:
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլեւ կրակել մարդկանց, բնակարանների ուղղությամբ: Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել:
Նույն օրը` «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2008թ. հետընտրական իրադարձություններին երկրի այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, եւ դա ապացուցված է: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ Մարտի 1-ին բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել եւ բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաեւ ավտոմատներ:
Երեկ այս թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` իր հերթին հաստատելով բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է»,- ասել է նա՝ հավելելով, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալը: «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում՝ իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավելի ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,- նշել է Տոնոյանը:
Մինչդեռ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններին երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերքել է ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի ու ՀՔԾ պետի հայտարարությունները:
«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել»,- ասել է Դավթյանը, որ 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Ըստ նրա՝ «Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»: Նա նաեւ նշել է, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով: «Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- պնդել է Դավթյանը:
Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՀՔԾ պետի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խոսքերում հակասությունների վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ: «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի յուրաքանչյուր բառի տակ կան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգին համապատասխան ձեռք բերված հավաստի ապացույցներ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ
Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ: Սա այն բանից հետո, երբ նախօրեի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարել էր «ռեյդեր իրականացնել, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին եւ զինաթափել բոլորին»: Վարչապետի հանձնարարականն ի կատար էր ածվել ոչ միայն նախօրեի երեկոյան, այլեւ նման միջոցառումներ իրավապահները շարունակել էին երեկ: Արդյունքների մասին առայժմ ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ կառավարությունը մանրամասներ չեն հրապարակել: Փոխարենը համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են բերման ենթարկվում օլիգարխներին ուղեկցող թիկնապահների «գումարտակները»: Բայց ամենաուշագրավը Փաշինյանի հանձնարարականից հետո օլիգարխ համարվող ներկա ու նախկին պատգամավորների պահվածքն էր: Նրանք՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը եւ այլք, հերթով հարցազրույցներ էին տալիս` հայտարարելով, որ ո՛չ օլիգարխ են, ո՛չ զենք ունեն, ո՛չ էլ անգամ թիկնազոր: Եւ վերջապես, երեկ այս ամենը մեկնաբանել է Գալուստ Սահակյանը, բնականաբար, իրեն հատուկ ոճով: Գրիգորիչը նախ խնդրել է ներկայացնել օլիգարխ բառի ստուգաբանությունը, այնուհետեւ ասել. «Երբ ասում է, որ օլիգարխ կա, թող բառացի հայտարարի՝ օլիգարխներն էս մարդիկ են, որովհետեւ երբեմն երբ ասում են օլիգարխ, ուրեմն հանրապետակա՞ն է»։
ՀՐԱՉԻՆ ՈՐՈՆԵԼԻՍ
Համացանցում հրապարակված ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել եւ տարատեսակ քննարկումների առիթ դարձել: Ինչպես հայտնի է, խոսակցության ժամանակ ԱԱԾ պետն ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննելուց առաջ դատավորն իրեն է զանգահարել: «մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը… Մի խոսքով` դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ` դուխով»: Այս ամենից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատական համակարգը «փնտրտուքների» մեջ է. նրանք փնտրում են Հրաչ անունով դատավորի: Պարզվել է՝ դատական համակարգում Հրաչ անունով մեկ դատավոր կա, որը, սակայն, առաջին ատյանի դատարանի դատավոր չէ: Չի բացառվում, որ հետագայում պարզվի , որ Հրաչ անունով մեկը զանգահարել եւ ներկայացել է դատավոր: Ու եթե պարզվի՝ այդպես է եղել, այդ հանգամանքը պետք է դառնա քննության առարկա իրավապահների կողմից: Մինչ այդ, երեկ հայտարարությամբ հանդես է եկել Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը` նշելով. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել եւ նրա հետ երբեւիցե որեւէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»: