ՀՀԿ-Ն ԵՎՐՈՊԱՅՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքաղաքական կյանքը դառնալու է Եվրոպայի քննարկման առարկան: Բանն այն է, որ նախօրեին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում բարձրացրել է այս հարցը` խնդրելով, որ ուշադրություն դարձնեն ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին:

Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե մասնավորապես քննարկման առարկա էր դարձել խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ընդ որում, Արփինե Հովհաննիսյանը եվրոպացիներին ներկայացրել է փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ: «Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ», – նշել է նա։ Հովհաննիսյանը հասցրել է եվրոպացիներին ներկայացնել նույնիսկ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի միջեւ տեղի ունեցած գաղտնալսման փաստը:
Ստացվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը բավականին օպերատիվ է աշխատել` Հայաստանի վրա «տղա բերելու» հարցում: Ի դեպ, այս դեպքում «տղա բերել» ձեւակերպման հեղինակային իրավունքը հենց նախկին իշխանության ներկայացուցիչներին է պատկանում: 2008թ. մարտի 1-ից հետո, երբ բանտերը լցվել էին հարյուրավոր քաղբանտարկյալներով, եւ երբ ընդդիմությունը բարձրաձայնում էր այդ մասին` ներկայացնելով փաստեր, նախկին իշխանությունները մեղադրում էին «տղա բերելու» մեջ: Երբ ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին միջազգային ատյաններում բարձրացնել Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր, նույն ՀՀԿ-ականները նրանց մեղադրում էին «սպիտակեղենը դուրս տանելու» համար: Եվ սա այն դեպքում էր, երբ այժմյան իշխանության ներկայացուցիչները փորձում էին այդպիսի ատյաններում քննարկման առարկա դարձնել Հայաստանի ներքին քաղաքական, իրավական հարցերը:
Միայն թե, ՀՀԿ-ական պատգամավորուհու արարքը եւ ՀՀ նոր կառավարության նկատմամբ եվրոպայում բացասական վերաբերմունք ձեւավորելն ի սկզբանե դատապարտված է: Նախ` Հայաստանի կառավարությունն այսօր ունի բացարձակ լեգիտիմություն ու վայելում է ժողովրդի աջակցությունը: Բացի այդ, Հայաստանում տիրող իրավիճակը փորձում է դրսում ներկայացնել եւ այդ մասին բարձրաձայնել ու խոսել ժողովրդավարության, իրավականության ոտնահարման մասին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, որն այս պահին խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնության ներկայացուցիչ է:
Եվ այստեղ հետաքրքիր է, երբ ՀՀԿ-ն էր իշխանության եւ, երբ ընդդիմությունը մշտապես բարձրաձայնում էր իսկապես Հայաստանում տիրող քաղաքական հետապնդումների եւ կոռուպցիայի մասին, նույն ՀՀԿ-ականները փորձում էին աչք փակել նման հայտարարությունների վրա, սակայն երբ այժմ իսկապես Հայաստանում նոր իրողություն է, եւ իրավիճակ է փոխվել, վերջիններս հիշել են, թե իբր Հայաստանում նման արժեքներ են ոտնահարվում:
Ի վերջո, ինչ ազդեցություն կարող է ունենալ նման կառույցում Հայաստանի հարցի քննարկումը հենց մեր երկրի վրա: Ընդգծենք, որ բնականաբար սա առաջին դեպքը չէ, երբ ԵԽԽՎ-ի պես լուրջ կառույցում քննարկման առարկա է դառնում Հայաստանում տիրող իրավիճակը: Խոսքը հատկապես վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո տիրող իրավիճակին: ԵԽԽՎ-ում նաեւ բանաձեւ է ընդունվել, որը կազմված է եղել Վեհաժողովի կողմից մոնիտորինգային գործընթացի վերաբերյալ զեկույցի հիման վրա, որը պատրաստվել էր էստոնացի պատվիրակ Անդրեաս Հերկելի կողմից: Մասնավորապես, ԵԽԽՎ հարցով համազեկուցողները Հայաստան են ժամանել 2012-ի հունվարին եւ ներկայացրել ինֆորմացիա, որը հրապարակվել է 2012 մարտին:
Եվ ստացվում է, որ այժմ եւս մոնիթորինգի համար անձինք պետք է ժամանեն Հայաստան եւ ուսումնասիրեն այն ոլորտները, որոնց մասին էլ բարձրաձայնել է հենց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Եվ հիմա գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ է լինելու մոնիթորինգից հետո, ինչ եզրակացության կգան մոնիթորինգն իրականացնողները եւ ինչ կլինի հետագայում: Եվ այստեղ երկու սցենար կարող է գործել. կա՛մ մոնիթորինգի անդամները կհայտնաբերեն, որ Հայաստանում ոչ մի այդպիսի խնդիր առկա չէ, կա՛մ էլ կհայտնաբերեն խնդիրներ: Առաջին տարբերակի դեպքում դա միանշանակ լինելու է այդ հարցը բարձրաձայնողների, այսինքն` Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀԿ-ականների համար, իսկ եթե որեւէ ոլորտներում խնդիրներ հայտնաբերվեն, ապա նրանք պարզապես խորհուրդներ են տալու, թե ինչպես պետք է դրանք վերացվեն: Այլ հարց է, թե որքանով նրանց կողմից հայտնաբերված խնդիրները կարող են այդպիսիք լինել հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների համար:
Եվ այստեղ իրականում խնդիրները շատ խորն են թաքնված եւ պատահական չէ, որ այդ հարցը բարձրաձայնում է հենց Արփինե Հովհաննիսյանը, ով հանդիսանում է ԵԺԿ խմբակցության անդամ: Բանն այն է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլն օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ով, ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ բավական մտերիմ է: Եվ հետաքրքիր է, որ Ջոզեֆ Դոլն իր մտահոգությունները հայտնած է եղել հենց Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո. «Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաեւ ուշադիր կերպով հետեւենք Արեւելյան հարեւանությունում տեղի ունեցող իրադարձություններին: Այս առնչությամբ ես հանդիպում եմ ունեցել «Հայաստանի Հանրապետական» կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին եւ լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը եւ օրենսդիր մարմնի անկախ լինելը», – նշել էր նա:
Եվ ահա, այս հանդիպումից ու զրույցից հետո Արփինե Հովհաննիսյանն է նման հարց բարձրաձայնում, եւ ակնհայտ է, որ ԵԺԿ նախագահն այս հարցում կանգնած է ՀՀԿ-ականների կողքին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՊՇԵԼ ԷԻՆ
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի գլխավոր թեման ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունն էր: Այդ թեմայի մասին պատգամավորները բազմաթիվ հարցեր ուղղեցին: Գլխավոր պատասխանողն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ով մանրամասներ եւ պարզաբանումներ ներկայացրեց տեղի ունեցածի մասին: Եվ հարցուպատասխանից հետո ԱԺ պատգամավորները, անգամ ՀՀԿ-ականները միջանցքում զրուցել, անկեղծացել էին: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, թե նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորներն էին ասում, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերին շատ լավ եւ ճիշտ պատասխաններ տվեց, գոհացրեց իրենց: «Իրեն վարչապետի պես պահեց», մեկնաբանում էին ՀՀԿ-ականները եւ մատնանշում, թե նախօրեին Դավիթաշենում հնչեցրած շատ կոշտ, էմոցիոնալ ելույթը սազական չէր վարչապետին, նա կարող էր միանգամայն այլ բառապաշարով ու այլ տոնայնությամբ խոսել:

 

 

ՊԱՏՃԱՌ Է ՊԵՏՔ ՉԱՇԽԱՏԵԼՈՒ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգը դեռ հայտնի չէ: Կառավարության նախորդ նիստից անցել է մեկ շաբաթ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնական կայքում այդպես էլ չեն տեղադրել կայանալիք նիստի օրակարգի նախագծերը: Ավելին, կառավարության՝ այսօր նախատեսված նիստը եւս չի կայանալու: Պատճառը «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն են: Ու, ընդհանրապես, այս օրերին հայաստանյան գրեթե բոլոր պետական գերատեսչություններում մի տեսակ անգործության մթնոլորտ է. բոլորը զբաղված են զորավարժությունների հետ կապված հարցերով` աչքաթող անելով հիմնական պարտականությունները:

 

 

ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
Այսօր Ազգային ժողովը ընտրելու է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մինչ ԱԺ-ում ելույթ ունենալը Երվանդ Խունդկարյանին դատական համակարգում խորհուրդներ են տվել: Խորհուրդներից մեկն էլ եղել է այն, որ եթե պատգամավորները հարցեր ուղղեն ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվող գործերի մասին, ապա չմեկնաբանի, կոնկրետ բան չասի: Խոսքը, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքին է վերաբերում: Խունդկարյանին հուշել են, որ եթե նրան հարց ուղղվի, եւ նա անդրադառնա այդ գործին, ապա դա կլինի իր վախճանը: Ըստ էության, Երվանդ Խունդկարյանը կարողացավ հաջող անցնել այս փուլը՝ հմտորեն շրջանցելով այդ թեման:

 

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը իր հակասական հայտարարություններով անընդհատ փորձում է տապալել ղարաբաղյան հարցով բանակցությունները: Բաքվում հանդիպելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին` Իլհամ Ալիեւը պնդել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին անընդունելի են Ադրբեջանի համար: «Նախագահ Ալիեւը նշել է` ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է` ասես Փաշինյանը ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը:

 

 

ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏԻՎ
Երեկ տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացումը, որի ժամանակ ֆրանսերեն ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ն. Փաշինյանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երեւանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես եւ ամբողջ Հայաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական ակտիվ գործունեության կենտրոններից մեկը: Միկաել Ժանն իր հերթին նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին հայ ժողովուրդը պատրաստվում է իրեն բնորոշ հյուրընկալությամբ: «Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն»,-ասել է նա:




Լրահոս