ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Եւ հիմա ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչներ զավթել են համայնքապետարանը՝ պարալիզացնելով համայնքի աշխատանքները: Իսկ ուժային կառույցները ուղղակի անգործության են մատնված:

Պարտված ՀՀԿ-ականը
Նախ ամենասկզբից. 2017 թվականի ընտրություններից հետո ՀՀԿ-ի թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին եւ չհաշտվելով այդ մտքի հետ` մինչ օրս իր մի քանի կողմնակիցներով Շատինում բողոքի տարբեր ակցիաներ է կազմակերպում: «Ժողովուրդ» օրաթերթը համայնքում տիրող իրավիճակը հասկանալու նպատակով այցելեց Վայոց Ձորի մարզ: Պարզվում է, որ ավելի քան երեք ամիս է, ինչ պաշտոնապես 6947 բնակիչ ունեցող խոշորացված Եղեգիսի համայնքային կենտրոն համարվող Շատին գյուղի մոտ 20-30 բնակիչ փակել են համայնքապետարանի դուռը եւ թույլ չեն տալիս այնտեղ որեւէ մեկը մուտք գործի, իսկ ահա նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանը, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում: Մեր նկարահանող խումբը Թառաթումբ համայնքում զրուցեց համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ:
Ի դեպ, գործող գյուղապետ Արթուր Ստեփանյանին սատարում է գեներալ, արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, բանակային N կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական գեներալ Հովիկ Օհանյանը: Ըստ էության, այս պայքարը ուղղված է գեներալի դեմ, քանի որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի տանը զինվորի բաժին նշումով պահածոների եւ այլ իրերի հայտնաբերման առիթով հարուցված քրեական գործի փաստից ոգեւորված` որոշ անձինք արշավ են սկսել գեներալների դեմ: Այս դեպքում թիրախը Հովիկ Օհանյանն է դարձել, որին փորձում են նույնացնել Գրիգորյանի հետ, բայց որեւէ կերպ չի ստացվում:

Համայնքի ղեկավարը անուններ է տալիս
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Ստեփանյանը պատմեց. «Իմ հակառակորդի` Տիգրան Խուդոյանի համախոհները չհաշտվեցին իրականության հետ եւ փակեցին Երեւան-Մարտունի միջպետական ճանապարհը: Մի քանի օր լարված իրավիճակ ստեղծեցին եւ պահանջում էին, որ ընտրությունները չեղյալ համարեն: Ամեն օր 70-80 հոգի հավաքում էին եւ ասում էին, թե մի օր Մարատը չպետք է աշխատի, մի օր սա չպետք է աշխատի, այդ օրերին այնքան եմ հայտնվել ոստիկանությունում, որ այսպիսի մի միտք էին արտահայտել` նշելով, որ Եղեգիսի խոշորացված համայնքի ղեկավարը ոստիկանության զամպալիտ է աշխատում»:
Ըստ համայնքի ղեկավարի` բնակիչներին, որոնք փակել են համայնքապետարանը, ուղղորդում է իր հակառակորդ Տիգրան Խուդոյանը. «Եթե մենք էլ անընդհատ լարվածություն ստեղծենք, ո՛չ այս կողմը կօգտվի, ո՛չ այն: Դրա համար մենք խաղաղ ճանապարհով ենք ցանկանում այս հարցը կարգավորել: Այսինքն 30 ընտանիք ողջ գյուղի մթնոլորտը խառնում է, եւ ավելի քան 3 ամիս է՝ փակել են համայնքապետարանը»:

Չարաշահումներ են թույլ տվել
Այս իրավիճակին զուգահեռ Արթուր Ստեփանյանը խոսեց նաեւ Շատին համայնքում իր հակառակորդ թեկնածուի կողմից թույլ տրված չարաշահումների մասին. «ՏԻՄ ընտրություններից հետո Տիգրան Խուդոյանը, իր աշխատակիցները կարգադրություն են իջեցնում, հավելյալ աշխավարձ են ստանում` մոտ 3 միլիոն դրամ, կան փաստեր: Խնդիրներ են հայտնաբերել նաեւ առք ու վաճառքի պայմանագրերի հետ կապված, իսկ իրենք խոսում են մեր այսօրվա ուռճացված հաստիքացուցակների մասին, ինչը հիմնավոր չէ: Մենք ոչ մի չարաշահում չունենք: Իրենք «Նիվա» մակնիշի մեքենա են դուրս գրել, ինչի իրավունքը չունեին, դրա համար իրավապահները գործ են հարուցել, եթե չեմ սխալվում, Տիգրան Խուդոյանը մոտ 1 միլիոն դրամ մուծում է արել քննչական վարչության հաշվեհամարի վրա, որի հաստատումից հետո այն կփոխանցվի համայնքի բյուջեին»:

Ի՞նչ են պահանջում բնակիչները
Ըստ Շատին համայնքի բնակիչ Աշոտ Ղահրամանյանի՝ համայնքապետարանի դուռը փակողներն իր բարեկամներն են. «Մի կազմակերպիչ կա, որը թշնամանք է գցում, նա Տիգրան Խուդոյանն է: Ես անձամբ իրեն ձայն տվողն եմ եղել, անգամ հրապարակում իր օգտին եմ խոսել: Հիմա ինձ համարում են դավաճան, թշնամանք են գցել մարդկանց մեջ: Սրանց պահանջն է, որ Արթուր Ստեփանյանը հրաժարական տա: Չեմ կարող ասել փող է տվել, չեմ տեսել, ո՞նց ասեմ, բայց այսպես չի կարելի: Պետք է իրականությանը նայել. ով ընտրվել է, նա էլ ղեկավարն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը եղավ նաեւ Արտաբույք համայնքում, որտեղ բնակիչները հավաքվել էին եւ պահանջում էին գործադիր իշխանության ներկայացուցիչներից, որպեսզի գան եւ խնդրին լուծում տան: «Համայնքապետարանը պետական օբյեկտ է, ինչպե՞ս են թողել, որ մի 20 հոգի խոչընդոտի համայնքապետարանի աշխատանքը: Հիմնականում սա հակառակորդ թեկնածուն է անում: Արթուր Ստեփանյանը հաղթել է, հիմա էլ կանգնել, ասում են` խոշորացում չեն ուզում: Ինքը նախկինում (խոսքը Տիգրան Խուդոյանի մասին է- Ք. Մ.) ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի՝ Ջերմուկի Աշոտի եւ նախկին մարզպետ Սարգսյան Սամվելի թելադրանքով այնպես էր անում, որ խոշորացում լիներ, բայց հիմա էլ չեն ուզում: Մենք պահանջում ենք` իշխանությունը գա, իր օրենքները իրականացնի: Վերեւները չե՞ն տեսնում այս ամենը: Մենք անձամբ մեր մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի մոտ ենք գնացել: 100-200 հոգով մարզպետարանի դուռը փակել էինք: Եթե գյուղը գրավված է, մենք էլ մարզպետարանը կգրավենք. ոստիկաններն են եկել, մարզպետարանի դուռը չենք բացել, վարչության պետն է եկել, նոր բացել ենք, ասել ենք, ինչ է կատարվում, ասել ենք, ով է կազմակերպիչը… ոչ մի արդյունք»:
Ի դեպ, Վայոց Ձորում տարածված տեղեկությունների համաձայն` օրերս ոստիկանները ցանկացել են մուտք գործել Շատինի համայնքապետարան, սակայն մոտ 20 բնակիչների եւ ոստիկանների միջեւ բախում է եղել, որի արդյունքում բնակիչները ծեծել են ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի տեղակալ Սուրեն Միրզոյանին: Բնակիչները պատմեցին, որ կանայք անգամ կծել են ոստիկաններին, քարերով եւ հայհոյանքներով վռնդել են համայնքապետարանից՝ թույլ չտալով ներս մտնել: Ըստ էության, Շատին համայնքում ստեղծվել է մի իրավիճակ, որ մոտ 20 բնակիչ զավթել է համայնքապետարանը, ակնհայտ ապօրինություն է իրականացնում, Վայոց Ձորի մարզպետը, ԱԱԾ ղեկավարը, դատախազը, ոստիկանապետը, քննչական ծառայության ղեկավարները ուղղակի անգործության են մատնված:

Մասնագիտական գործունեությունը խոչընդոտել են
Մեր նկարահանող խումբը իրավիճակին ծանոթանալու համար այցելեց Շատինի համայնքապետարան: Արձանագրեցինք, թե ինչպես են բնակիչները բեռնատար մեքենայով փակել համայնքապետարանի բակը, համայանքապետարանի աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա դռանը: Երբ փորձեցինք մոտենալ համայնքապետարանի դռանը, մահճակալին մի դեռահաս տղա էր պառկած, մեզ մոտեցավ համայնքի բնակիչ Շիրակ Հարունյանը, որը ակնհայտ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, պահանջեց հեռանալ համայնքապետարանի դռան մոտից: Մենք հրաժարվեցինք կատարել նրա անօրինական պահանջը՝ նշելով, որ մենք մեր պրոֆեսիոնալ աշխատանք ենք իրականացնում եւ փորձում ենք հասկանալ, թե ինչու են բնակիչները փակել համայնքապետարանի շենքը, արդյոք նրանց որեւէ մեկը գումար է տվե՞լ հերթապահության համար:


Կամաց-կամաց վրդովված բնակիչների թիվը մեծացավ, որոնցից յուրաքանչյուրն իր պահանջն էր ներկայացնում: Մենք ցույց տվեցինք լրագրողական վկայականը, որը բնակիչներից մեկը՝ Նվեր Հովհաննիսյան անունով, պարզապես խլեց մեր ձեռքից: Նա հրաժարվում էր այն հետ վերադարձնել, եւ միայն կանացից մեկը նրա ձեռքից վերցրեց վկայականը եւ փոխանցեց մեզ: Սակայն այսքանով իրավիճակը չհանդարտվեց, բնակիչները սկսեցին վիրավորանքներով ու գոռգոռոցներով քաշքշել մեզ՝ լրագրողներիս, մեկը հարվածեց տեսանկարահանում իրականացնողի ձեռքին՝ այդկերպ խոչընդոտելով մեր մասնագիտական գործունեությունը: Ի դեպ, հիմնական քաշքշողները, ովքեր հրելով մեզ փորձում էին հանել համայնքապետարանի բակի տարածքից, Շատինի բնակիչներ Զվարթ Սմբատյանն էր, Ժաննա Խուդոյանը, Գեղանուշ Եղոյանը:

Դեպքից անմիջապես հետո մենք շտապեցինք ոստիկանության Վայոց Ձորի մարզի վաչություն, որպեսզի կատարվածի մասին անձամբ հաղորդում տանք մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանին: Սակայն հերթապահ մասում մեզ հայտնեցին, որ պետը խորհրդակցության է եւ չգիտեն, թե երբ կարող է ընդունել մեզ: Ու այդպես էլ չընդունեց:
Այս հրապարակումը խնդրում ենք համարել հաղորդում հանցագործության մասին, որի վերաբերյալ տեսանյութը կներկայացնենք ArmLur.am կայքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողություններն ու հռետորաբանության պատճառով հաստատված ռազմաշունչ մթնոլորտը»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վերահաստատեց, որ իրավասու է բանակցել ՀՀ անունից, որովհետեւ Հայաստանի վարչապետն է։ «Իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի անունից, որովհետեւ Արցախի Հանրապետության նախագահը չեմ, վարչապետը չեմ։ Ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաեւ ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի կամարտահայտման անհրաժեշտությունը, այդպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը», – ասաց Փաշինյանը՝ շարունակելով.-«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է, հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների եւ հռետորաբանության պատճառով։ Եւ վերը նշվածի համատեքստում ամեն դեպքում ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս, եւ չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել, եւ Հայաստանը հրաժարվել է դրանից»։




Լրահոս