ԿԵՆՏՐՈՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ ԵՐԵՎԱՆՑԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԻՐ ՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երեւանում նախընտրական քարոզարշավի ակտիվ շրջան է: Թեկնածուները աղբակույտերի վրա, շուրջ եւ շրջանակում քարոզում են ընտրել իրենց: Առանձնապես կրեատիվ մտքեր ու առաջարկներ չեն հնչել քարոզարշավի շրջանում: Ի՞նչ հետաքրքիր նրբերանգներ կան գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շրջանակներում զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանի հետ:

-Երկու օր է, ինչ Երեւանի քաղաքապետի (ավագանու) ընտրությունների քարոզարշավն է ընթանում, ուշադիր հետեւում եմ թեկնածուների ելույթներին եւ ծրագրերին եւ զարմանում:
-Ինչո՞ւ:
-Այսպիսի տպավորություն է մոտս, որ ոչ թե Երեւան քաղաքի, Հայաստանի մայրաքաղաքի, 2800 տարեկան քաղաքի քաղաքապետ ենք ընտրում, այլ ընտում ենք ամեն ինչի պետ, բացի քաղաքի` ժեկի պետ, լիֆտի պետ, աղբահանության պետ, ավտոբուսի պարիկի պետ եւ այլն:
-Իսկ ի՞նչի պետ ենք ընտրելու, ըստ ձեզ: Ի վերջո, այդ բոլոր գործառույթները մեկտեղված են մեկ պաշտոնի՝ քաղաքապետի լիազորությունների մեջ:
-Հարգելի՛ քաղաքական ուժեր եւ թեկնածուներ, Երեւան քաղաքի քաղաքապետը երկրորդ քաղաքական պաշտոնն է վարչապետի պաշտոնից հետո, եւ ես կցանկանայի լսել կամ կարդալ ձեր ծրագրերում քաղաքական որոշումներ պահանջող հարցերի մասին, ձեր պատկերացումները, որոնք վերջին տարիների ընթացքում կուտակվել են հանրային շահ, անձնական շահ, քաղաքական շահ, կյանքի շահ ձեւակեպմամբ:
-Որո՞նք են դրանք՝ ըստ Ձեզ:
1. Կենտրոնից արտաքսված կամ արտագաղթված, կամ սեփականազրկված բնակիչներին վերադարձնելո՞ւ եք իրենց բնակարաններ կամ իրենց բնակատեղիում կառուցված շենքեր, որպեսզի վերականգնվի Երեւանի կենտրոնի համն ու հոտը: Եթե իրավական ճանապարհ կա, ապամոնտաժել բետոնակուռ բազմահարկերը այդ որոշումները ընդունողների եւ սեփականատերերի հաշվին, քանզի յուրաքանչյուր քաղաքի այցեքարտերից մեկը դա իր պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններն են բազում տարեկան, ոչ թե 10 տարեկան բետոնակուռ բարձրահարկերը:
2. Երրորդ մասի Սպանդարյան հրապարակը վերանվանել է Սպանդարյանի հրապարակ (20 տարի իշխանություն էիք, մի հատ հրապարակ կառուցեիք, Նժդեհի արձանն էլ դնեիք վրան, անունն էլ հետը): Մի փորձեք ջնջել իմ հիշողությունների մի մասը:
3. Երեւանի մշակույթի կենտրոններից շատերը շարունակելու են ղեկավարել անճաշակ խամաճիկնե՞րը, թե՞ Երեւանից վերանալու է բայաթին:
4. Տրամվայի գոնե մեկ գիծ վերականգնվե՞լու է Երեւանում, օրինակ, Խանջյան փողոցի հատվածը, որը կարող է ծառայել նաեւ որպես շարժական սրճարան:
5. Վերականգնվելո՞ւ է արդյոք Երիտասարդական պալատը, որը Երեւանի այցեքարտերից մեկն է եւ մեր ապրած տարիների ուղեկից ընկերը: Ողջ աշխարհում «ֆՍՏվՏՎ» կլասի հյուրանոցների պահանջը ավելի շատ է, քան բարձրակարգ: Եվ այսօր, երբ մեր հայրենակիցներից հարյուր-հազարավորները արտագաղթել են, Երեւան են այցելելում արդեն որպես զբոսաշրջիկ, համոզված եմ` նրանից շատերը կցանկանային հանգրվանել այդ կարգի հյուրանոցներում:
6. Վերադարձնելո՞ւ են թափված քարերը Հրազդանի կիրճում (քարերի սիմֆոնիան) իր տեղը (նաեւ Գառնիի ձորի թափված քարերը) նորելուկ քաղքենիների առանձնատներից ու ամառանոցներից:
7. Վերականգնելո՞ւ են արդյոք Խանջյան եւ Աբովյան փողոցների սալահատակները (վերադարձնելով վերը նշված տեղերից բուլիժնիկները):
8. Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսում ե՞ք Երեւանի (նաեւ Գյումրի եւ Վանաձոր) քաղաքապետի ուղղակի ընտրություն, թե շարունակելու են բոնուսներով նշանակել այսուհետ եւս:
Այլ առաջարկների համար ցանկը բաց է:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 

ԿՈՒՐԻՈԶ ԴԵՄՔԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՆԵՐՍ ՄՏՆԵԼ
Շիրակի մարզում վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակն ակտիվացել է: Շիրակում ՔՊ թիմը դեռ համալրման փուլում է: Ուշագրավն այն է, որ ՔՊ հոսք է սկսվել տարբեր կուսակցություններից: «Տարբեր կուսակցություններից եղել են առաջարկներ: «Հանրապետականից», «Բարգավաճից»,«Դաշնակցականից, «Օրինաց Երկիր» կուսակցությունից դիմում են: Կուրիոզ դեմքերը, այսպես ասած, միայն առաջարկել են, բայց մենք թույլ չենք տվել անգամ գրասենյակ մտնել: Այն մարդիկ, որոնք ժամանակին աշխատանքից դուրս չգալու համար ընդգրկվել են կուսակցություն, ապա հեռացել, նրանք մեր գրասենյակում ազատ մուտք ու ելք ունեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ, ՔՊ Գյումրու գրասենյակի ղեկավար Կարեն Սարուխանյանը:
Ստացվում է` առնետավազքը սկսված է: Տարբեր կառույցների աշխատակիցները, որոնք նախկինում տարբեր կուսակցություններ են ընդգրկվել աշխատանքը չկորցնելու միտումով, այժմ նույն հոգեբանությամբ քայլ են անում դեպի ՔՊ: Այն հարցին, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվում այն անձին, ով ամբողջ կյանքում այլ կուսակցության է հարել եւ շահադիտական միտումներով է ցանկություն հայտնում համալրելու ՔՊ շարքերը, մարզպետը պատասխանեց. «Նմանատիպ մարդիկ հետագայում կարող են այլ տեղեր գնալ: Բայց դե մերոնք են: Չենք ուզում սեւ ու սպիտակների բաժանել: Ես հաշվի եմ առնում այն քաղաքական ուղին, որով անցել է, բայց նաեւ հատուկ վատ չեմ տրամադրվում նրանց հանդեպ»:
Ինչպես ամբողջ Հանրապետությունում, ՔՊ-ն կադրային խնդիր ունի նաեւ Շիրակի մարզում: Այդ ուղղությամբ անելիքները շատ են. «Կադրերի խնդիր ունենք, բայց նաեւ ունենք այն պատնեշների խնդիրը, որը ստեղծել են նախկին իշխանությունները: Ստեղծել են մեխանիզմ, որ յուրաքանչյուր ոլորտում միայն իրենք լինեն: Վարչապետն էլ ասաց, որ փորձելու են պատնեշները մեղմացնել, որ երիտասարդ կադրերն էլ հնարավորություն ունենան: Օրինակ` Շիրակի մարզպետարանում 9 եւ Արթիկի սոցծառայությունում 4 անձ աշխատանքի է ընդունվել»:
Գյումրիում շրջանառվում են լուրեր, որ մարզպետը ոչ միայն մարզպետարանում, այլեւ գյուղական տարբեր համայնքներում առաջարկում է քաղաքացիներին համալրել իրենց շարքերը: «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկին առաջարկել համալրել մեր շարքերը: Մարզպետարանի որեւէ աշխատակից էլ չի կարող ասել, որ ես առաջարկել կամ ստիպել եմ որեւէ մեկին ընդգրկվել մեր շարքերը»,- ասաց Սարուխանյանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ 2019-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Հայաստանում այլեւս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հարցերով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքերով` կառավարությունը անում է առավելագույնն ապահովելու թոշակառուների արժանապատիվ եւ բարեկեցիկ ծերությունը: Ըստ տնտեսագետի` 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60 տոկոսով` կազմելով 25 հազար 500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը:

Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախագիծ, որով առաջարկում է 2019-ի հունվարի 1-ից 60 տոկոսով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը: ՀՀ կառավարությունը մտադիր է այս նախագծով հաղթահարել կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը:
Ըստ սոցապ նախարարության` 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 հազար 394, որից` աշխատանքային կենսաթոշակառուներ` 463 հազար 69 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32 հազար 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ` 1905 անձ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23 հազար 313 դրամ եւ ամեն տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ: Այսինքն` ծայրահեղ աղքատության գծի չափով:
Այսպիսով, առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք` նվազագույն կենսաթոշակի չափ: Բացի այդ, առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Ըստ գործադիրի` այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը` թիրախավորելով ցածր կենսաթոշակները: Հուսանք` այս տարբերակը կօգնի թեթեւացնելու սոցիալական բեռը, ի վերջո, Հայաստանում այսօր ամենադժվար վիճակում հենց կենսաթոշակառուներն են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս