ՀՀ Արմավիրի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Ջրառատի գյուղապետարանում: Արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ եւ թերություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզպետարանի կողմից ստուգումներ իրականացվել են օգոստոսի 10-ից մինչեւ օգոստոսի 21-ը: Այս գյուղը, թերեւս, պատահական չի ընտրված: Բանն այն է, որ Ջրառատը ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի հայրենի գյուղն է, իսկ գյուղապետ Սամվել Գալստյանը`նրա քրոջ որդին է: Եւ հետո հենց այս գյուղում էր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ տեղի ունեցել զինված միջադեպ, երբ Երանոսյանի եղբայրն ու կողմնակիցները կրակոցներ էին արձակել Ջրառատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի համակիրների ուղղությամբ:
Ինչեւէ, Արմավիրի մարզպետարանը հրապարակել է Ջրառատում իրականցված ստուգումների արդյունքները: Ըստ այդմ` ավագանու անդամ Նարեկ Մկրտչյանը աշխատել է համայնքի հիմնադրած առողջապահական ՀՈԱԿ-ում որպես հաշվապահ: Ավելին` Մկրտչյանը ավագանի ընտրվելուց հետո մինչեւ ավագանու հերթական նիստը գրավոր չի հրաժարվել ավագանու անդամությունից կամ աշխատանքից չի հրաժարվել: Ըստ մարզպետարանի` խախտվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հ. 1 մասի առաջին կետը, համաձայն որի` համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որեւէ պաշտոն աշխատակազմում եւ համայնքային ենթակայության կազմակերպություններում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքի ավագանու մի քանի անդամներ մասնակցություն են ցուցաբերել` կողմ քվեարկելով այն որոշումներին, որոնք առնչվել են իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին: Այսպես, 2017 թվականի հունվարին եւս մեկ որոշումով ավագանու անդամը մասնակցել է իր մերձավորի շահերին առնչվող ավագանու նիստին եւ կողմ է քվեարկել թվով դարձյալ մեկ անձին դրամական օգնություն հատկացնելու համար: Նաեւ` անցած տարվա դեկտեմբերին ավագանու թիվ 45-Ա որոշմամբ ավագանու անդամների թվով 6 մերձավորներ ստացել են դրամական օգնություն` յուրաքանչյուրը 70 հազար դրամի չափով: Ընդհանուր գումարը կազմել է 420 հազար դրամ: Մարզպետարանի հրապարակած արդյունքներից տեղեկացանք նաեւ, որ Ջրառատ համայնքի տրանսպորտային միջոցների համար նախատեսված վառելիքը բաց է թողնվել երթուղային թերթիկների թերի լրացումով: Ավելին` տրանսպորտային միջոցների գանձված գույքահարկի գումարները սահմանված կարգով եւ ժամկետների ուշացումով են մուտքագրվել համայնքի սպասարկող գանձապետական հաշվին:
Ստուգումների ընթացքում մարզպետարանի աշխատակիցները Ջրառատում հայտնաբերել են նաեւ թվով 2 ինքնակամ շինարարության դեպքեր: Իսկ թվով 4 բնակելի տներ եւ այլ շինություններ չեն օգտագործվում իրենց գործառնական նշանակությանը համապատասխան: Ըստ մարզպետարանի` այս դեպքում տեղական ինքնակառվարման մարմինը, մասնավորապես` համայնքի ղեկավարը դրսեւորել է անգործություն, պասիվ վարքագիծ, որի հետեւանքով չեն կանխվել շենքերի, շինությունների գործառնական նշանակությանը ոչ համապատասխան օգտագործման դեպքերը:
Բայց սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի հողային գլխավոր տեսուչ Սողոմոն Սարգսյանը հայտարարեց, որ դեպքեր են բացահայտվել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը օգտագործվել է արտադրականի անվան տակ առանց դրանց նշանակությունը փոփոխելու:
«Խոսքը գյուղատնտեսական եւ արտադրական նշանակության հողատեսքի մասին է: Ջրառատում տեղի է ունեցել գյուղատնտեսական նշանակության հողատեսքի` ընդհանուր հաշվարկով 7 հա հողատարածքի ապօրինի հողի նպատակային նշանակության փոփոխություն: Գյուղատնտեսական նշանակության հողատարածքները օգտագործել են արտադրական հողատարածքների նպատակով առանց հողի նպատակային նշանակությունը կառավարությունով փոխելու: Գյուղացուց սեփականության իրավունքով գնել են գյուղատնտեսական նշանակության 5-րդ կամ այլ կարգի հող եւ սկսել են այդ հողը քանդել. բերրի շերտը մի կողմ են արել եւ սկսել են տակից առանց նպատակային նշանակության փոփոխության ավազահանություն իրականացնել»,- ներկայացրեց Սողոմոն Սարգսյանը: Մասնագետի խոսքերով` այդ ընդհանուր հաշվարկով 7 հա հողատարածքը տարբեր մարդկանց է պատկանում: «Ջրառատում առկա հանք օգտագործողներն են իրականացրել դրանք, որոնք ավազի ապօրինի հանելով եւ վաճառքով են զբաղված: Դրել են էքսկավատորը, միանգամից քանդել ու դրանք վերածել են ավազահանության տարածքների, որտեղ լճեր են գոյացել»,- պատմեց հողային գլխավոր տեսուչը:
Նրա խոսքերով` հողային հարաբերությունների եւ հողերի քանդման, օգտագործման, բերի շերտի հանման վերահսկողությունը «Հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածով վերապահված է համայնքի ղեկավարին: Ըստ Սարգսյանի` գյուղապետը պետք է պատշաճ վերահսկողություն իրականացնի, որպեսզի իր ղեկավարած գյուղի վարչական տարածքում գտնվող յուրաքնաչյուր նպատակային հողատարածք օգտագործվի իր նպատակով: Իսկ Ջրառատի մասով տեղի է ունեցել ոչ պատշաճ վերահսկողություն: Այսինքն` գյուղատնտեսական նշանակության հողը առանց հիմնավորման եւ կառավարության համապատասխան որոշման փոփոխվել, դարձել է արտադրական, ընդերքօգտագործման:
Սողոմոն Սարգսյանը մեզ հետ զրույցում նկատեց նաեւ, որ եթե գյուղապետարանի կողմից պատշաճ իրականացվեր վերահսկողություն կամ բացատրական աշխատանքներ տարվեր այդ 7 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքի մասով, ապա 28 մլն 350 հազար դրամ գումար մուտք կգործեր համայնքի բյուջե:
Թե խոսքը ինչ 28 մլն 350 հազար դրամի մասին է, բացատրեց հողային գլխավոր տեսուչ Սարգսյանը. «Գյուղատնտեսական նշանակության հողի մեկ քմ-ի գնարժեքը կազմում է 5 դրամ 7 լումա, իսկ արտադրական նշանակությանինը` մեկ քմ-ն` 405 դրամ: Եւ եթե մենք արտադրական նշանակության հողի մեկ քմ-ի արժեքը` 405 դրամը, բազմապատկենք 70 հազար քմ-ով, ապա կստանանք 28 մլն 350 հազար դրամ: Մենք իրենց ասել ենք, որ շտապ կարգով ձեռնարկեք միջոցներ հողի նպատակային նշանակությունները փոփոխելու եւ հողը նորմալ իր նախորդ դիրքին բերելու համար»:
Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նաեւ, որ համայնքի ղեկավարը գրավոր ծանուցագրեր է ուղարկել եւ նրանց նկատմամբ կիրառել է վարչական վարույթ: Այսինքն` ե՛ւ ՀՀ հողային օրենսգրքով, ե՛ւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի գյուղապետը իրավունք ունի վարչական վարույթ կիրառել նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով եւ կասեցնել գործունեությունը մինչեւ պատշաճ տեսքի բերելը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց նաեւ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանին, ով հայտարարեց. «Վարչական վարույթ կիրառվել է նրանց նկատմամբ: Բայց ստուգումներից առաջ դադարեցված է եղել նրանց գործունեությունը: Կանխվել է: Մարդիկ հիմա զբաղված են այդ թղթատարության հետ կապված հարցերը լուծելով»:
Ի դեպ, գյուղացիների մոտ խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ գյուղապետի կինը զբաղեցնում է գյուղի ակումբի պետի պաշտոնը, իսկ հարազատները մանկապարտեզում են աշխատում: Այս հարցին ի պատասխան` գյուղապետն արձագանքեց. «Ինչ է իմ կինն իրավունք չունի՞ աշխատելու: Կինս աշխատել է, վաղը երեխաս մեծանա, սովորի, ինքն էլ է աշխատելու: Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզին, ապա ես 2012 թվականին ընտրվել եմ գյուղապետ, բայց մանկապարտեզի վարիչը` իմ քեռակինը, այդտեղ աշխատում է 2008 թվականից»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ