«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Մենք զրուցել ենք հակահեղափոխության շանսերի, նախարարությունում աշխատելու բարդությունների, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդգրկված ուժերում մշակույթի գործիչների առկայության եւ այլ թեմաների շուրջ:
-Տիկի՛ն Մակունց, ի՞նչ եք կարծում, հակահեղափոխությունն այսօր ի՞նչ շանսեր ունի:
-Գիտե՞ք, հիմա գտնվում ենք մի կետում, որտեղից հետդարձի ճանապարհ չկա: Մենք արդեն իսկ թավշյա հեղափոխության օրերին թելադրել ենք մի մշակույթ, որից հետադարձ ճանապարհ մենք՝ որպես միասնական ուժ, չենք թողնելու, որ լինի: Երբ որեւէ բան նվաճում ես, եւ դա հաջողվում է քեզ անել ամենախաղաղ կերպով` ցնցելով աշխարհը, ինքնավստահություն ձեռք բերելով եւ հավատալով սեփական ուժերին, դրանից հետ կանգնելու հավանականությունն ուղղակի իրատեսական չեմ համարում: Հակահեղափոխություն, իհարկե, չի լինելու: Սա իմ անձնական կարծիքն է: Մենք շարունակելու ենք գործել նույն ոգով, նույն տրամադրվածությամբ եւ իրավական դաշտի շրջանակներում՝ խստորեն հետեւելով օրենքներին:
-Հետաքրքիր է՝ անդամագրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի՞նչ ստացաք, դա Ձեզ ի՞նչ տվեց, կուսակցական լինելը կարո՞ղ է ի նպաստ մշակույթի լինել:
-Գուցե շատերին հայտնի չէ, ասեմ, որ ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից եմ, եղել եմ դրա ստեղծման հիմքերում: Այդ ժամանակ կուսակցությանը չեմ անդամագրվել մի շարք պատճառներով. առաջին հերթին որովհետեւ աշխատանքս թույլ չէր տալիս ինձ ակտիվ քաղաքական գործունեություն վարել, իսկ նախարարի պաշտոնն արդեն քաղաքական է: Բացի այդ՝ հիմա կա թիմային աշխատանքի գործոնը: Կարճ ասած՝ անդամագրվելով կուսակցությանը՝ ֆորմալ առումով ամրագրել եմ իմ պատկանելությունը թիմին:
-Ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին բավական քննադատեցին «Հանրապետական» կուսակցությանն անդամագրվելու համար: Հիմա, կարծես, Դուք եք նույն ճանապարհով գնում:
-Համեմատությունն այս պարագայում մի փոքր տեղին չէ, քանի որ, ինչպես նշեցի, ես ի սկզբանե եղել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմքերում:
-Արդեն ադապտացվե՞լ եք նախարարությունում Ձեր աշխատանքին, Ձեր կարգավիճակին: Նախորդ իշխանության կադրերի հետ աշխատելը դժվար չէ՞, ստացվո՞ւմ է երկխոսության մեջ մտնել նրանց հետ:
-Հատկապես պաշտոնավարմանս սկզբի օրերին ինձ համար բարդ էր, որովհետեւ գիտեք՝ փոխնախարարները նախորդ իշխանության օրոք էին աշխատել, եւ կար քաղաքական շեշտադրումների տարբերության հարց: Տեղակալներիս փոփոխությունից հետո խնդիրն այդ առումով լուծվեց. շեշտադրումները դրվում են այնպես, ինչպես մենք եւ մեր թիմն է ճիշտ համարում: Ինչ վերաբերում է նախորդ կադրերին, շատ դեպքերում նրանք ասում են. «Եթե մենք գործեինք այլ պայմաններում, եթե մեզ չթելադրեին, կկարողանայինք մեր պրոֆեսիոնալ դիրքորոշումը հայտնել, իրավիճակն այլ կերպ կլիներ»: Վստահ եմ՝ դուք էլ եք լսել նման պնդումներ: Հիմա նախարարությունում այն մարդիկ, որոնք իսկապես պրոֆեսիոնալ աշխատանք են կատարում, ունեն բոլոր հնարավորությունները:
-Տիկի՛ն Մակունց, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդգրկված ուժերի ներկայացուցիչների շրջանում քիչ չեն մշակույթի գործիչները: Դուք երբեւէ միջնորդե՞լ եք, որպեսզի այս կամ այն գործիչը ներգրավվի ցուցակներում:
-Ոչ, բայց ուրախ եմ, որ թեկնածուների ցանկում մշակույթի մարդիկ կան: Ավագանին վճարովի հաստիք չէ, այն պահանջում է նվիրում, գաղափարների, ինչու ոչ, նաեւ երազանքների իրականացում: Ես ուրախ եմ, որ մտավորականները նույնպես հայտ են ներկայացնում քաղաքի բարելավմանն ու շենացմանը ուղղված գործընթացների իրականացմանը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Հայաստանում կա շուրջ 2500 հուշարձան, եւ դրանք այս կամ այն չափով վերականգնման, նորոգման կարիք ունեն: Այդ հուշարձաններից յուրաքանչյուրի վերականգնման համար մշակույթի նախարարության բյուջեից տարեկան հնարավոր է տրամադրել 10 հազար դրամ: Այդ է պատճառը, որ նախարարությունն աշխատում է տարբեր երկրների համապատասխան կենտրոնների հետ, ֆինանսեր գտնելու համար փնտրում է այլընտրանքային ուղիներ եւ չի սահմանափակվում սուղ բյուջեի միջոցներով:
Իտալացի մասնագետներ Արա Պաոլո Զարյանն ու Քրիստին Լամուղն, օրինակ, սեփական միջոցներով ուսումնասիրել եւ մշակել են Սարգիս Մուրադյանի՝ 1974 թվականին ստեղծված «Սասունցիներ» որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Վերականգնման աշխատանքները նրանք իրականացնելու են անվճար: Նշենք, որ «Սասունցիներ» որմնանկարը Խորհրդային Հայաստանում մոնումենտալ նկարչության բարձրարվեստ աշխատանքներից է: Այն գտնվում է Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տան նախասրահում: Մինչեւ հիմա գյուղի բնակիչներն ու գյուղապետարանն իրենց միջոցներով պահպանել են որմնանկարը, բայց, այնուամենայնիվ, այն վերոնորոգման կարիք ունի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարչի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը, տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կնվիրաբերվի որմնանկարի վերանորոգմանը. «Ապագայի գյուղացիները եկեղեցի չունեն, որմնանկարն է իրենց սրբատեղին: Նրանք շատ կապված են «Սասունցիների» հետ եւ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց դրա»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց տիկին Մուրադյանը:
«Արվեստն օգնում է արվեստին». սա բարեգործական համերգի կարգախոսն է: «Ես չէի կարող մերժել նման գործում մասնակցություն ունենալու առաջարկը: Շատ եմ կարեւորում այս համագործակցությունը»,-իր հերթին նշեց «Կադանս» անսամբլի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը:
Հավելենք, որ համերգը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի հանրային ռադիոն:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ