Լուսանկարն արվել է Երեւանում
Շունն իր հանգիստն է վայելում։ Նա հանգրվանել է ծաղիկների տակ ու մուշ-մուշ քնել։
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` առեւտրի իրականացման վայրի կազմակերպումը լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ուզում եմ իմանալ` որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարը:
Լեւոն Հարությունյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:
ՀԱՐՑ. 1984-2006թթ. աշխատել եմ ե՛ւ դպրոցում, ե՛ւ մանկապարտեզում: Ուզում եմ իմանալ` մանկավարժական թոշակ կարող եմ ստանալ:
Անահիտ Համբարձումյան (ք. Երեւան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 27-րդ կետի համաձայն` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:
Անահիտ Համբարձումյանը չի նշել, թե մանկապարտեզում եւ դպրոցում ինչ մասնագիտությամբ կամ պաշտոնում է աշխատել, հետեւաբար մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցը քննարկելու համար նա պետք է գրավոր դիմի սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում Ա. Համբարձումյանը փաստաթղթերի մանրամասն ցանկով պետք է ներկայանա սոցիալական տարածքային բաժին հարցը տեղում կարգավորելու եւ լուծելու համար: