Հայաստանում աղի արտադրության ծավալների ռեկորդային անկում է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ եթե 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 18 հազար 978 տոննա աղ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները կազմել են 13 հազար 102 տոննա: Ասել է թե` աղի արտադրությունը նվազել է 31 տոկոսով:
Ամենայն հավանականությամբ, պատճառն աղի ներկրման ծավալներն են, երբ բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից: Ի դեպ, իրանական արտադրության մեծ քանակությամբ աղի ներկրման մասին ահազանգում է Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը` «Ավանի աղի կոմբինատը»:
Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով` այն մաքսազերծվում է «ծիծաղելի գներով», սահմանին իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղի քիմիական բաղադրությունը չի ստուգվում: