Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունից հետո խորհրդարանի նիստերը սկսեցին մեկնարկել երեքշաբթի, իսկ օրակարգերն էլ այնքան հագեցած չէին, ինչպես նախկինում էր: Եվ այս հանգամանքով պայմանավորված էլ շատ էին լինում դեպքեր, երբ լիագումար նիստերը տեւում էին մեկ օր, լավագույն դեպքում` մեկ ու կես: Այս խնդիրը խորացել է հատկապես Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց եւ կառավարություն ձեւավորելուց հետո:
Այս շրջանում դժվար է հիշել մի դեպք, երբ նիստերը մի քանի օր տեւած լինեն. պատահում է նաեւ այնպես, որ նույնիսկ կես օր է տեւում: Ընդգծենք, որ խոսքը հերթական, այլ ոչ թե արտահերթ նիստերի մասին է, քանի որ վերջիններս կարող են հրավիրվել անգամ մեկ հարցի համար: Սակայն ընդունված է, որ հերթական նիստերի օրակարգը պետք է լինի լայն: Մինչդեռ, վերջին շրջանում ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում: Օրինակ` հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, եւ օրակարգը սպառվեց կես օրում:
Այսպիսի իրավիճակը մի քանի պատճառ ունի. նախ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մայիսից սկսած, այնքան էլ շատ օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել, եւ հիմնականում խորհրդարանում քննարկվել են նախագծերի երկրորդ ընթերցումները, այսինքն` նախորդ կառավարությունից դեռ մնացած եւ ամբողջությամբ չընդունվածները: Իսկ մյուս պատճառն էլ այն է, որ հենց պատգամավորներն են վերջին շրջանում պասիվացել եւ այնքան էլ մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ չեն դնում շրջանառության մեջ եւ ուղարկում կառավարություն: Հենց դրա պատճառով էլ այդպիսի տխուր պատկեր է:
Իսկ այժմ խոսենք թվերի լեզվով. Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Ազգային ժողովի հերթական նիստը տեղի ունեցավ մայիսի 22-ին եւ 23-ին: Այդ օրը քննարկեցին նախագծեր եւ քվեարկեցին ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցմամբ, սակայն պարզ է, որ բոլորն էլ եղել են նախորդ կառավարությունից մնացած: Կառավարության նախաձեռնություններից կարելի է առանձնացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը բուռն դժգոհության պատճառ հանդիսացավ:
Նույնիսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական ներկայացրեց, բայց հետո, անսալով վարչապետ Փաշինյան հորդորներին, ետ վերցրեց հրաժարականը: Ինչպես հայտնի է, այս նախագծով կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ ներդրվեց եւ դարձավ պարտադիր: Սա, թերեւս, կառավարության կողմից ներկայացրած ամենաշատ քննարկված նախագիծն էր:
Ազգային ժողովի կողմից բուռն քննարկված, սակայն հավանության արժանացած նախագծերից մեկն էլ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն էր, որով խստացվեց ընտրակաշառք տալը կամ ընդունելը եւ վարչական պատասխանատվության փոխարեն սահմանվեց ազատազրկում:
Իսկ ահա պատգամավորները մատնվել են բացարձակ անգործության` վերածվելով ընդամենը կոճակ սեղմող խմբակի: Ընդ որում, եթե նախկինում հնչում էին դժգոհություններ, թե կառավարությունը հնարավորություն չի տալիս իրենց «ինքնադրսեւորվելու»` իր ձեռքը վերցնելով օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու իրավունքը, հիմա այս առումով պատգամավորներն ազատ են: Ազատ են, բայց եւ չեն գործում. մինչեւ հիմա նրանց կողմից որեւէ խելամիտ, լուրջ օրենսդրական նախագիծ չի ներկայացվել:
Ակնհայտ է պատգամավորների եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների տրամադրվածութունը, ովքեր մշտապես նշում են, թե չեն խոչընդոտում կառավարության աշխատանքին, սակայն այնպես չեն անում, որ կառավարություն-Ազգային ժողով կապն ավելի սերտ լինի: Նման գործելաոճ են որդեգրել նաեւ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները: ՀՀԿ-ականների կողմից ակտիվ չլինելու եւ նախագծեր չներկայացնելու պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում եւ այն, որ այլեւս պետք չէ քծնել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին, եւ բավարարվում են թեթեւ աշխատելով` կոճակ սեղմելու դիմաց ստանալով շարքային պատգամավորի դեպքում ավելի քան 500 հազար դրամ, հանձնաժողովների նախագահների դեպքում՝ շատ ավելին: Էլ չենք ասում` պետությունը պատգամավորերի սպասարկման համար ՀՀ քաղաքացիներիս գրպանից գոյացած բյուջեի միջոցներից ահռելի գումարներ է հատկացնում:
Իրավիճակի պատասխանատուն նաեւ կառավարությունն է, որը 5 ամսից ավել է, ինչ գործում է, եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նշել, անցել է ադապտացիոն շրջանը, սակայն չի շտապում նոր նախագծեր ներկայացնելու հարցում` օրուգիշեր մտածելով միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Միգուցե կառավարությունն արտահերթ ընտրություններից հետո ակտիվություն դրսեւորի, երբ Փաշինյանի ղեկավարած ուժը նաեւ խորհրդարանում ունենա զգալի ներկայացվածություն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ