ՄԱՍՆԱՎՈՐ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու եւ զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել: Շատ օլիգարխներ կամ նախկին պաշտոնյաներ ստեղծել են իրենց մասնավոր պահնորդական կազմակերպություններն ու օգտվում են դրանց ծառայությունից: Ընդ որում, այդ ամենը նրանք հիմնադրել են միանգամայն օրինական ճանապարհով. այդպիսի բան է նախատեսված ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում ստացվում է, որ պետության մեջ ստեղծվել են փոքրիկ զինված խմբավորումներ (որոշ դեպքերում՝ բանդաներ հիշեցնող), եւ սա օրենսդրական բացի պատճառով: Եթե նախկինում թիկնապահ տրամադրում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, ապա 2012թ. ուժի մեջ է մտել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենք, համաձայն որի` 500 հազար դրամ պետական տուրք մուծելուց հետո կարելի է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն, զինված մարդիկ։ Արդյունքում ստացվել է այնպես, որ նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ այսօր ունեն նման կազմակերպություններ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ալֆա Դելտա» ընկերության իրական տերն, օրինակ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը, «Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերության անունից պարզ է՝ այն առնչվում է ԵԿՄ-ին, հիմնադիրը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արմանը: «Լեգիոն» պահնորդական ընկերությունը, որ նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տների պահպանությունն է իրականացնում, պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի մորաքրոջ որդուն` Եղիշե Սիմոնյանին: ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին են պատկանում «Գրիֆ» եւ «Միհր» պահնորդական ընկերությունները: Իսկ «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին, հիմնադիրն էլ նրա կինն է՝ Գայանե Մինասյանը:
Ու հիմա ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը բացի «ռեյդեր» անելուց, պետք է օրենսդրությունը փոխի եւ ոլորտը ոստիկանության կամ ԱԱԾ-ի տրամադրության տակ դնի: Այլընտրանքը զինված խմբավորումների գոյությունն է «օրենքի» սահմաններում:

 

 

Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաեւ ԱԺ այս նստաշրջանին: Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել, եւ մինչեւ հիմա նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ են մնացել, որոնք էլ նորագոյացությունների պատճառ են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, Միքայելյանն ապաքինվում է:

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»: Երեկ Փաշինյանն արձագանքել է այս խոսքերին, ասել. ««Մարտի 1-ի» հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008թ. մարտի 1-ին»: Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են մարտի 1-ի գործով նախաքննությունը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարիներին ՀՀ-ից հեռացել են մարտի 1-ի գործով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ: Բացի այն, որ ՀՀ-ից հեռացել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում հետախուզում է հայտարարված, այստեղ չէ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, իրավապահ համակարգի մի շարք այլ միջին կալիբրի պաշտոնյաներ:

 

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ԱԺ-ում երեկ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով: Միայն թե, ինչպես պնդում են «Ելք» եւ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, այս հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ միջադեպի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որի պարագայում խորհրդարանն այլեւս նման լիազորություն չունի: Հատկանշական է, որ ժամանակին, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, սահմանադրական փոփոխություններով, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովի գաղափարը ներմուծեց, նաեւ թմբկահարում էին, թե դա ընդդիմության շահերից է բխում: Բայց նրանք նաեւ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրել էին քրգործի առկայության դեպքում քննիչ հանձնաժողովի ձեւավորման դեմ արգելքը որպես ական, որպեսզի այդ հանձնաժողովը հարկ եղած դեպքերում չձեւավորվի, եւ ընդդիմությունը զրկվի այդ գործիքից։ Ու հիմա ստացվում է, ՀՀԿ դրած ականները հենց իրենց դեմ են պայթում: Նշենք, որ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից եւ 1-ը՝ ՀՅԴ-ից: Եթե «Ելք»-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակեն միասին համագործակցությունը, ավելի շատ ձայն կունենան, քան ՀՀԿ-ն:

 

 

 

ՓՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Շվեյցարիայի դատախազ Միշել Լաուբերի հանդիպումը: Նրանք քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, միաժամանակ, ձեռք բերել պայմանավորվածություններ: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` Արթուր Դավթյանը շեշտադրել է «հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի եւ Շվեյցարիայի դատախազությունների միջեւ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը: Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին»: Նաեւ տեղեկանում ենք, որ հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջեւ «ձեռք են բերվել գործնական եւ առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման եւ վերադարձման հարցում համագործակցության շուրջ»:
Նկատենք, որ սա կոռուպցիայի, ապօրինի հարստացման, փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կարեւոր, բայց միեւնույն ժամանակ, ուշացած նախաձեռնություն է: Գաղտնիք չէ, որ ապօրինի հարստացած անձինք իրենց ունեցած գումարները գերադասում են պահել օֆշորային գոտիներում (այդ թվում շվեյցարական բանկերում): Ու եթե իշխանություններն իսկապես ցանկանում են կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարելի շրջանակներում ՀՀ-ից ապօրինի ճանապարհով դուրս բերված գումարները վերադարձնել, ապա առաջին քայլով պետք է համագործակցեն օֆշորային երկրների իրավապահ համակարգի հետ:
Միաժամանակ, նկատենք, երեկվա հաղորդագրությունից պարզ չէր` ի՞նչ գործնական եւ առարկայական պայմանավորվածությունների մասին է խոսքը, որքանո՞վ են այդ պայմանավորվածություններն իրականանալի` հաշվի առնելով Շվեյցարիայի, եւ ընդհանրապես, միջազգային օրենսդրությունը: Ի վերջո, պատահական չէ, որ ապօրինի հարստացած անձինք իրենց գումարները գերադասում են պահել օֆշորային գոտիներում. այնտեղ ապահովված է բանկային հաշիվների, ֆինանսական գործարքների եւ ընկերությունների շահառուների անանունությունն ու գաղտնիությունը: Ուստի այդ հարցը կարեւոր է: Հուսանք, սա չի արվել ընդամենը քարոզչական նպատակներով:




Լրահոս