ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԿԼԻՆԵՆ ԻՆՉ-ՈՐ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԽԵՄԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնի դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Ընդ որում, նրա թեկնածությունը սկզբում շատերի համար անակնկալ էր: «Ժողովուրդ» օրաթերթը ապագայում իրականացվող քայլերի, քարոզարշավի, հակաքարոզչության եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցեց «Իմ Քայլ»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ:

-Պարո՛ն Մարության, նախօրեին «Իմ քայլ»-ի քարոզարշավը վերածվեց քաղաքական լուրջ հայտարարությունների հարթակի: Եվ դուք վարչապետի ելույթի ժամանակ կարծես փորք-ինչ շփոթված էիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջինիս հայտարարությունը:
-Ամենեւին շփոթված չէի: Վարչապետը ամեն ինչ ասաց: Եվ մինչեւ այդ էլ ամեն ինչ պարզ էր: Մենք պիտի գնանք առաջ: Պիտի ավարտին հասցնենք հեղափոխությունը: Հեղափոխությունն ամբողջացնելու համար պիտի անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն: Պրոդյուսերական-դերասանական աշխատանքից անցումը այդքան բնակա՞ն էր:
-Արդեն 6-7 տարի է` իմ հասարակական գործունեությամբ եղել եմ թե՛ Երեւանի, թե՛ հանրապետության խնդիրների կիզակետում: Դու տարիներ շարունակ ասում ես` սա էսպես չպիտի լինի, նա էնպես չպիտի լինի, եւ գալիս է ժամանակը, որ դու կարող ես քեզ վրա պատասխանատվություն վերցնել: Եթե չես վերցնում այդ պատասխանատվությունը, նշանակում է, որ քո խոսքերը օդ են: Խոսելը հեշտ է, գործելը` դժվար: Ես հիմա կարծում եմ, որ պետք է ինձ վրա վերցնեմ այդ պատասխանատվությունը:
-Այնուամենայնիվ, ասում են` քաղաքականությունը կեղտ է: Եվ ուրեմն, ինչո՞ւ կեղտոտվել:
-Չգիտեմ`քաղաքականությունը կեղտ է, թե ոչ: Ինձ համար կոնկրետ այս ընտրությունները եւ ընդհանրապես քաղաքապետի գործառույթը Երեւանը մեր երազանքների քաղաքը դարձնելու լծակ է:
-Տեսակետ կա, որ Դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն եք մտել Ձեր ընկեր Ալեն Սիմոնյանի միջոցով: Եվ հիմա շատ են շրջանառվում խոսակցություններ այն մասին, որ Ձեր արարքը հարված էր թիկունքից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Չեմ հասկանում` ինչ է նշանակում որեւէ մեկի միջոցով: Բոլորն էլ գիտեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների տեղը, բոլորն էլ գիտեն` ինչպես կարող են գրանցվել: Հիմա առաջվանը չի, որ ինչ-որ մեկի միջոցով գաս-ընդունվես կուսակցություն: Ես եւ Ալենը շատ լավ ընկերներ ենք, եւ վստահեցնում եմ` իրար հետ խնդիրներ չունենք: Մենք մի թիմով գնում ենք քաղաքապետարանի ընտրությունների, այնուհետեւ գնալու ենք ԱԺ ընտրությունների:
-Պատրա՞ստ եք ջրի երես հանել Ձեր նախորդի կոռուպցիոն գործարքները, եթե այդպիսիք լինեն:
-Վստահ եմ, որ կլինեն ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ: Վստահ եմ, որ կլինեն շատ խնդիրներ: Մենք պետք է այդ խնդիրները լուծենք, որ հետո նորմալ կերպով կարողանանք կարգավորել մեր աշխատանքը: Եվ այդպես էլ անելու ենք, եթե իհարկե ժողովուրդը իր քվեն տա մեզ:
-Ձեր դեմ հակաքարոզչություն է սկսել: Տարածում են Ձեր խաղացած դերերի, կերպարների նկարները եւ դրանով փորձում ցույց տալ, որ Դուք չեք կարող լինել քաղաքապետարանում: Սպասո՞ւմ էիք նման բանի:
-Սա պարզապես նախընտրական պրոցեսն է: Իսկ դա պարունակում է իր մեջ ամեն ինչ: Իսկ էդպիսի բաներ անում են, որովհետեւ ուրիշ գործիքներ չունեն:
-Որո՞նք եք համարում Երեւանի հիմնական խնդիրները:
-Դրանց մասին խոսում եմ հանրահավաքների ժամանակ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՑ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի եւ գործկոմի անդամների թեկնածուներին: Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Իսկ գործկոմի անդամների թեկնածուներին ուսումնասիրելիս հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում:

Օրինակ` ցանկում տեղ են գտել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը եւ այլք: Եվ ստացվում է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեն շարունակում է նախորդների պրակտիկան, երբ յուրաքանչյուր աշխատանք բաժին է հասնում յուրայիններին:
Եվ ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ եւս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ: Այն ժամանակ եւս ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում էին, օրինակ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ այլք: Այլ կերպ ասած` մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ, եւ երկու պարագայում էլ նրանցից շատերի միակ արժանիքը իշխանության կողքին կանգնած լինելն է:
Եվ եթե նախկինում ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկված էին միայն ՀՀԿ-ականներ, այսօր էլ արդեն հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են նրանց փոխարինել: Եվ հարց է առաջանում` ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել հենց այդ անդամներին: Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք բարեփոխել ոլորտը, ապա ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե պաշտոնյաներ: Եվ հանուն արդարության նշենք, որ առաջիկայում ընտրվելիք գործկոմի կազմում միակ գիտակ անդամը կլինի թերեւս Սուրեն Աբրահամյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է եւ նախկինում հենց ՀՖՖ նախագահ է եղել:
Լավ կլիներ, եթե նոր իշխանությունները փոխեին իրենց գործելաոճը նման փոքր հարցերում հատկապես: Այլապես նախորդ, այն էլ՝ մերժված իշխանություններին նմանվելն այնքան էլ սիրուն չէ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼ ԾԱԽՍԵՐ
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները ՀՀ պետական բյուջեի հաշվին ահռելի բեռ են անգամ, երբ նոր կառավարությունը որոշել է դրանք լուծարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոնկրետ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 33 մլն 292 հազար 100 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված գումարը ներառում է աշխատավարձ եւ այլ վճարումներ, այդ թվում` օգոստոս ամսվա աշխատավարձը, աշխատանքից ազատման վերջնահաշվարկը, նպաստը: Հիշեցնենք, որ այս հիմնադրամը ստեղծելու նպատակով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Միաժամանակ, սակայն, նրա ստեղծած այս կառույցը էական ոչինչ չէր անում, բայց եւ այնտեղ աշխատողները մի քանի միլիոն դրամի աշխատավարձ էին ստանում: էլ չասած այդ հիմնադրամի կարիքների համար հսկայական գնումների մասին, երբ բյուջեի հաշվին տասնյակ հազարավոր դրամների հասնող սուրճ էին ձեռք բերում: Ի դեպ, հիմնադրամի գործադիր տնօրենն էլ, հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: ««Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու մասին օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվա այցի ժամանակ տեղի հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Ըստ Փաշինյանի` այդ հիմնադրամն իր գործունեության երկու տարվա ընթացքում չկատարեց իր առաջ դրված խնդիրները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ
Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը, որ, չնայած ՀՀԿ աջակցությանը, 2017թ. աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտվեց, թավշյա հեղափոխությունից հետո փորձում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր ներկայանալ: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, արդեն տեւական ժամանակ է` նա Վայոց ձորի մարզում հանդես է գալիս նոր դիրքերից: Սա այն դեպքում, երբ նա փորձել է անդամագրվել ՔՊ-ին, բայց կտրուկ մերժում ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը վստահեցրեց, որ Տիգրան Խուդոյանը որեւէ կապ չունի իրենց հետ: «Հորդորում եմ իրեն եւ իր նման արկածախնդիրներին չխոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից եւ չփորձել հեղափոխության հաղթանակը ծառայեցնել նեղ անձնական նպատակների համար»,- ասաց ՔՊ խոսնակը:

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանությանն ու ԱԱԾ-ին զինաթափել ապօրինի զինված խմբավորումները, այդ թվում՝ «իրականացնել ռեյդեր` բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»:
Եվ ահա այս հրահանգից հետո դատական համակարգի առանց այն էլ ծանր լուծն ավելի է ծանրացել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից արտահերթ միջնորդություններ են ուղարկվում դատարաններ տարբեր անձանց գաղտնալսելու կամ խուզարկությունների թույլտվություն ունենալու մասով: Ավելին, միջնորդությունների մեծ հերթեր են գոյացել այն մասով, որ քննիչները խափանման միջոցների, կալանավորման ժամկետների մասով աննախադեպ միջնորդություններ են ներկայացրել դատարաններ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մասնավորապես առավել ակտիվ գործի են անցել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինները, որոնք ունեն օրենքով սահմանված լիազորություններ դիմել դատարան այս կամ այն անձի բնակարանը խուզարկելու կամ հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու մասով:

 

 

ՕՐԻԳԻՆԱԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Բնականաբար Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական քարոզչությունը ձգտում են իրականացնել այնպես, որ հետաքրքրեն երեւանցիներին, նրանց հուզող խնդիրները բարձրաձայնեն: Եվ բոլոր ուժերն էլ գրեթե նույն կերպ են քարոզչություն անցկացնում. ավագանու թեկնածուներով քայլում են փողոցից փողոց, հանդիպում քաղաքացիներին, հանրահավաքներ հնչեցնում, ելույթներ ունենում: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը գրեթե միայնակ է իրականացնում: Նա պարզապես քայլում է փողոցներով, մարդկանց բարեւում եւ լավ ընտրություններ մաղթում: Եվ հետաքրքիր է, որ նա մշտապես քայլում է մեն-մենակ:




Լրահոս