2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության խմորը դեռ շատ ջուր կուզի:
Գործը հասավ օրենսդիրներին
Հեռախոսային ձայնագրությունը այն աստիճան խառնաշփոթ է ստեղծել, որ անգամ գործին խառնվեցին օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Մասնավորապես Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածով նախատեսված հնարավորություններից օգտվելով` Ազգային ժողովի առնվազն 26 պատգամավոր դիմել է Արա Բաբլոյանին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Ըստ սահմանադրության`
1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով կարող է ստեղծվել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
2. Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:
Եվ ահա ՀՀԿ-ական պատգամավորներն էլ, օգտվելով հարմար առիթից, Ազգային ժողովին առաջարկեցին ստեղծել Քննիչ հանձնաժողով՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնիության իրավունքի խախտման եւ բովանդակային մասի ուսումնասիրման հարցով:
Միմյանց դասեր տալու ժամերը
Եվ այսպես, ԱԺ-ում սկսվեց քննարկումը հանձնաժողովի ստեղծման շուրջ, որի մասին իր գնահատականը տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի ստեղծման սահմանափակում կա.«Զարմացած եմ, որ այդ սահմանափակումը վրիպել է ձեր աչքից: Սահմանափակման մեջ հստակ գրված է, որ չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել, երբ նախաքննություն է ընթանում: Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, քրեական գործեր են հարուցված: ԱԺ-ն չի կարող ստեղծել նման հանձնաժողով»:
Ի պատասխան Էդմոն Մարուքյանի` Քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ իսկապես այդ հանգամանքը չէր կարող վրիպել իրենց աչքից: «Այո, կանոնակարգով հստակ սահմանվում է, եւ կոնկրետ փաստերի հետ կապված հարուցված է քրեական գործ, բայց մենք չենք խոսում կոնկրետ քրեական գործի կամ կոնկրետ հանգամանքների մասին: Սա մեզ բերում է այն եզրահանգման, որ եթե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնիության իրավունքը խախտվել է, առնվազն կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու համար՝ արդյոք իր հեռախոսային գաղտնիության իրավունքը պաշտպանված է»:
Կրկին ֆիզիկայի օրենքը գործեց, եւ Էդմոն Մարուքյանը հակադարձեց` նշելով, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշման նախագծում նշված է կոնկրետ դեպք, եւ ստորագրահավաք է իրականացվել կոնկրետ դեպքի ուսումնասիրման հետ կապված, ինչը արգելված է:
Քննարկման ժամանակ ուշագրավ էր ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի գնահատականը, որ դատախազության կողմից գաղտնալսված ձայնագրությունների վերաբերյալ գործ հարուցվել է միայն այն պատճառով, որ խոչընդոտվի ԱԺ-ի սահմանադրական իրավունքը: «Ինչի՞ց եք վախենում, որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում: Հերիք չէ՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, եւ դրանցից վախենալ պետք չէ: Խորհրդարանի իրավաբանները գտել են ձեւը, թե ինչպես են շրջանցելու ձեր կողմից դրված այդ արգելքը, եւ այդ ձեւը բովանդակությանը չի խանգարելու»:
Այսպիսով, չնայած պատգամավորների կողմից տրված իրարամերժ գնահատականներին` Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ սահմանադրության ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով` 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ: Իսկ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից եւ 1-ը՝ ՀՅԴ-ից:
Ի՞նչ կասկածներ ունի
նախաքննական մարմինը
ԱԺ-ում հնչում է այն տեսակետը, թե դատախազության կողմից գաղտնալսված ձայնագրությունների վերաբերյալ գործ հարուցվել է միայն այն պատճառով, որ խոչընդոտվի ԱԺ-ի սահմանադրական իրավունքը եւ հանձնաժողով չստեղծվի: Բայց իրականում իրավապահ համակարգում սրտի խորը կսկիծով փնտրում են իրենց թիկունքից հարվածողին:
Ինչպե՞ս բացատրենք. սեպտեմբերի 11-ին հայտարարվեց, որ «Հեռախոսային խոսակցույթունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալով հանցավոր արարքների հատկանիշներով»:
Իսկ արդեն երեկ դեպքի առիթով այլ հատկանիշներով քրգործ հարուցվեց, որը հենց Աշոտյանը բնորոշեց որպես իրենց աշխատանքի խոչընդոտում: Նկատենք, որ երեկ էլ ՀՀ քննչական կոմիտեն ստացել եւ վարույթ է ընդունել «առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը»: Նկատի ունենալով, որ հրապարակումները եւ ձայնագրությունն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ` ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:
Քրգործ 2 հատկանիշներով
Այսպիսով, երկու հատկանիշներով քրգործ է հարուցվել գաղտնալսման փաստով: Իսկ ո՞րն էր երեկվա «պաշտոնական լիազորություններն անցնելու» առիթով հարուցված քրգործի իմաստը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահները կասկածներ ունեն, որ շարքային մեկը չէր կարող գաղտնալսել ուժային կառույցների առաջին դեմքերին, եւ հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է պաշտոնատար անձանց թեթեւ ձեռքով: Այսինքն` համակարգը փնտրում է, թե ով է եղել այն անձը, որը համակարգի ներսում գտնվելով եւ լավ տիրապետելով գործին` գաղտնալսել է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին եւ ինչ որ եղանակով հանրայնացնելով այն: Ու շատ կարեւոր է, թե ինչ մոտիվացիայով է իրականացվել:
Հուսանք` քննությունը օպերատիվ ընթացք կունենա եւ իրականում կբացահայտվի այդ պետական խայտառակությունը ողջ մանրամասներով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ
Ոստիկանության զորքերում չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պայմանագրային զինծառայողների պարգեւների հաշվին պաշտոնատար անձը գումարներ է աշխատել: Ըստ մեղադրանքի` Վռամ Բեժանյանը, լինելով ՀՀ ՈԶ 1043 զորամասի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով գնդապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով իր ենթակա զինծառայողներից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` ընդհանուր 364 հազար ՀՀ դրամ:
Մեզ հայտնի դարձավ, որ Վռամ Բեժանյանը իր վերադաս հրամանատարի կողմից հրաման է ստանում, որպեսզի ՀՀ ոստիկանության օրվա առթիվ իր ենթակայության տակ գտնվող զորամասի զինվորների անունները ներկայացնի, որոնք պետք է տոնական օրվա առթիվ ստանան պարգեւավճարներ:
Արդյունքում, Բեժանյանը ՀՀ ՈԶ ֆինանսական բաժին է ներկայացրել պարգեւատրման ենթակա անձանց ցուցակ, որի համաձայն ՀՀ ՈԶ 1043 զորամաս պայմանագրային զինծառայողներ` Արամ Մանասյանը, Արթուր Շախբազյանը, Դավիթ Թորոսյանը, Էդվարդ Մնացականյանը, Հակոբ Բաղդասարյանը, Նորայր Ղեւոնդյանը եւ Պարույր Վարդանյանը որպես պարգեւավճար պետք է ստանային 93 000 հազար դրամ:
Այսպիսով հրամանատար Բեժանյանին է փոխանցվում սահմանված պարգեւավճարը, սակայն պարզվում է, որ գումարները տեղ չեն հասնում: Մեզ հայտնի դարձավ, որ Բեժանյանը իր զինվորներին հայտնում է, որ սխալմամբ իրենց 93 հազար դրամ են պարգեւատրել, բայց պետք է պարգեւատրեին 41 հազար դրամ:
Այս ամենը լսելուց հետո զինվորները հավատում են հրամանատարին եւ հետ են վերադարձնում 52 հազար դրամները, որն էլ, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի, Բեժանյանը հափշտակում է:
Մեզ հայտնի դարձավ` իրավապահները Բեժանյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով` Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿԻ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրել է Վճռաբեկ դատարանի նախագահին: Ընտրվել է Երվանդ Խունդկարյանը: Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ` ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 84-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր. Ե. Խունդկարյանը դարձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
ԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿԻՐ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ն անվանել է խաղաղասեր երկիր, որը «չունի եւ չի կարող ունենալ ագրեսիվ ծրագրեր»: Պուտինը հավելել է, որ ռուսական բանակը պետք է պատրաստ լինի պաշտպանելու երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, իսկ եթե անհրաժեշտություն լինի, նաեւ աջակցել դաշնակիցներին: «Մեր պարտքը Ռուսաստանի ու հայրենիքի առաջ այն է, որ պատրաստ լինենք պաշտպան կանգնել մեր երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը, իսկ եթե հարկ լինի, նաեւ աջակցել մեր դաշնակիցներին»,-ասել է ՌԴ ղեկավարը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում մեկնարկել են «Արեւելք-2018» զորավարժությունները, որոնք կդառնան 37 տարվա ընթացքում Ռուսաստանում ամենախոշոր զորավարժությունները:
ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանի նախաձեռնությունն է, դեսպանները ճանաչողական այցով են Հայաստան գալիս: «Շարժառիթը Հայաստանում լինելն է կազմակերպված խմբով: Դա ընդունված պրակտիկա է, երբ ինչ-որ երկրում հավատարմագրված դեսպանները այցելում են հարեւան երկիր` այդ երկրի դեսպանի նախաձեռնությամբ»,-ասել է Տ. Բալայանը: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, որ սեպտեմբերի 15-ից Հայաստան կայցելեն Վրաստանում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի արտերկրյա դեսպաններ եւ հանդիպումներ կունենան ՀՀ քաղաքական ղեկավարության հետ: