ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի եւ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի քաղաքական թշնամությունը առաջիկայում սպառնում է բորբոքվելու մի նոր թափով: Օբամայի պետական գործչի կերպարը ուղիղ հակադրվում է Թրամփի ապապետական խառնվածքին` ԱՄՆ քաղաքացիներին կանգնեցնելով յուրահատուկ ընտրության առաջ: ԱՄՆ-ում ակնկալելի է տեսնել ներկա եւ նախկին նախագահների պայքար` հայկական իրականության համար քաջածանոթ ելեւէջներով:
Առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի մասնակի ընտրություններ, որոնք կարող են ճակատագրական լինել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների համար: Եվ որ ամենակարեւորն է, այդ ընտրությունները սահմանելու են առաջիկա երկու տարիների ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հարաբերությունները: Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում հանրապետականները, որոնք օժանդակում են նախագահի վարած քաղաքականությանը: Այժմ Թրամփը լուրջ դժվարությունների չի հանդիպում Կոնգրեսի հետ հարաբերություններում` ունենալով մեծամասնության աջակցությունը: Սակայն առաջիկայում նրա համար երանելի այդ շրջանը կարող է ավարտվել, եթե միջանկյալ ընտրություններում դեմոկրատները հաղթանակ տանեն: Եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստանան, Թրամփի հիմնական քաղաքական ծրագրերը կդոփեն տեղում: Այդպես էր Օբամայի նախագահության մոտ 6 տարիներին, երբ մեծամասնությունն օրենսդիրում պատկանում էր հանրապետականներին, որոնք շատ հաճախ արհեստական խոչընդոտներ էին հարուցում եւ խափանում գործադիրի ծրագրերի իրականացմանը: Դրանով հանդերձ Օբաման տպավորիչ արդյունքներ արձանագրեց ինչպես պետության ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:
Սակայն սահմանադրական ու պետական ավանդույթները պարտադրեցին Օբամային հեռանալ Սպիտակ տնից եւ հրաժարվել ակտիվ քաղաքականությունից: Նրա այդ վարքը առաջին հերթին պայմանավորված էր ամերիկյան ավանդույթներով, երբ նախկին նախագահները չեն զբաղվում քաղաքականությամբ` համարելով, որ կառավարման շրջանում արել են իրենց ուժերի առավելագույնը: ԱՄՆ-ում նախկին նախագահները հիմնականում զբաղվում են իրենց հոբբիներով եւ բարեգործական ծրագրերով` չներքաշվելով ակտիվ քաղաքական ու կուսակցական գործունեության մեջ: Միաժամանակ ամերիկյան ավանդույթներով նոր նախագահները կենտրոնանում են առօրյա խնդիրների վրա` չհիշելով նախկին վարչակազմը կամ իրենց առավելությունները ստիպված ցուցադրելու պարագայում զուգահեռներ անցկացնում են` անվանապես նախորդներին չսեւացնելով: Սակայն ինչպես եւ ակնկալելի էր, նոր նախագահ Թրամփը խախտեց նաեւ այդ ավանդույթը: Նա հրապարակավ քանիցս քննադատել է Օբամային ու նրա նախագահության շրջանը` այն համարելով ձախողված: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի այդօրինակ հռետորաբանությունը ինչ-որ տեղ տրամաբանական էր, սակայն նախագահության շրջանում դա մերժելի է: Տպավորություն է, որ Թրամփը իր իսկ ստեղծած կառավարական քաոսը փորձում է բարդել նախկին նախագահի վրա արդարացնելու համար իր վարչակազմի ճգնաժամը: Այդուհանդերձ, Թրամփը դրանով հարվածում է ԱՄՆ պետականությանը` խախտելով տասնամյակների ավանդույթները, որոնց առկայությամբ է նաեւ ԱՄՆ-ն ապահովել իր համաշխարհային առաջատարությունը:
Եվ ահա նախագահությունից հետո Թրամփի «միջնորդությամբ» քաղաքականությունից անբացակա Օբաման որոշել է սեփական նախաձեռնողականությամբ ակտիվություն ցուցաբերել: Օրեր առաջ նա մասնակցեց ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածուների նախընտրական քարոզարշավներին` միաժամանակ հրապարակելով առաջիկայի խիտ օրակարգը: Օբաման ակնհայտորեն վճռական է տրամադրված իր անձնական մասնակցությամբ նպաստելու դեմոկրատների հաղթանակին առնվազն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնության կոճակը հանրապետականներից խլելու առաքելությամբ: Նա առաջին անգամ անունադիր քննադատել է գործող նախագահին` կոչ անելով ամերիկացիներին քվեարկության միջոցով մերժել վերջինիս բերած «հակաամերիկյան» արժեհամակարգը: Թրամփը սուր էր արձագանքել նախկին նախագահին` նշելով, թե վերջինիս ելույթն իր անհետաքրքրությամբ իրեն քնեցրել էր: Սակայն ակնհայտ է, որ պանդորայի արկղն աստիճանաբար բացվում է, եւ ակտիվ մասնակցությանը զուգահեռ Օբաման ավելի է ուժեղացնելու Թրամփի հանդեպ քննադատությունը: Աստիճանաբար ուրվագծվում է նախկին ու ներկա նախագահների պայքարի պատկերը ԱՄՆ-ում` հատկապես 2020թ. ընտրությանն ընդառաջ, որտեղ ԱՄՆ դեմոկրատները ստիպված են լինելու իսկապես ուժեղ թեկնածու առաջադրել Թրամփի դեմ:
1998թ. իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի թիմը նույնպես ամեն ինչ արեց բացասական լույսի ներքո ներկայացնելու իր նախորդին: Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Քոչարյանի երդմնակալության արարողությանը` ի հեճուկս պալատական հեղաշրջման, սակայն Քոչարյանի կողմից նախորդների հանդեպ հրապարակային հարգանք այդպես էլ չդրսեւորվեց: Սա էլ նպաստեց քաղաքական բեւեռացման խորացմանը` հանգելով 2008թ. առաջին նախագահի քաղաքական վերադարձին: Տեր-Պետրոսյանի վերադարձը պատուհաս դարձավ Քոչարյանի համար` ոչ միայն իրական սպառնալիք դառնալով վերջինիս ստեղծած իշխանական բուրգի համար, այլեւ զրկելով նրան վարչապետական հավակնություններից: Իսկ ահա Մարտի 1-ի պատճառով Քոչարյանի համար վերջնականորեն փակվեցին հնարավոր վերադարձի դարպասները: Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում հակաքարոզչական առումով տիրապետող էր նախկին երկու իշխանությունների հանդեպ հարաբերական անտարբերությունը, քանի որ Սարգսյանը առաջին ժամկետում լուրջ ընդդիմության հետ գործ ուներ, իսկ երկրորդում մեծ դժվարությամբ կասեցրեց պալատական հեղաշրջման սպառնալիքը: Այսպիսով, կարելի է փաստել, որ տարիների ընթացքում Հայաստանում նախկին ու ներկա նախագահների միջեւ այդպես էլ չձեւավորվեցին նորմալ հարաբերություններ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում չարաշահումներ են հայտնաբերվել: Դրանք հիմնականում ֆինանսական բնույթի են: Չարաշահումներն ի հայտ են եկել բուժհաստատությունում Շիրակի մարզպետարանի իրականացրած ներքին աուդիտի արդյունքում: Հայտնաբերված թերացումները Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հաշվետվության տեսքով ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Տվյալները նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Թե ինչ չարաշահումների ու ինչ գումարի մասին է խոսքը, մարզպետ Սարուխանյանը չմանրամասնեց. «Գործն ուղարկել ենք Դատախազություն: Ֆինանսական բնույթի չարաշահումներ ենք հայտնաբերել, տեսել ենք կոռուպցիոն բնույթի ռիսկեր: Մանրամասնել չեմ կարող: Քննությունը կպարզի մանրամասները»,- ասաց մարզպետ Սարուխանյանը:
Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանը խնդրի շուրջ մանրամասներ ու կարծիք հայտնել հրաժարվեց: Իսկ օրեր առաջ նրա հետ նույն հարցի շուրջ զրույցի ժամանակ Կուրղինյանը վստահեցրել էր, որ հիվանդանոցում իրականացվելիք աուդիտը գնահատում է նորմալ, եւ անհանգստության կարիք էլ չկա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանը 2016 թվականին քաղաքապետի թեկնածու էր եւ գլխավորում էր ՀՅԴ ցուցակը: Նախորդ տարի էլ վարկանիշային ցուցակով մասնակցում է ԱԺ ընտրություններին։ ՔՊ-ական մարզպետի հետ լարված հարաբերություններին անդրադարձել էինք թերթի նախորդ հրապարակումներում:
Այժմ բուժհաստատությունում իրականացվելու է նաեւ արտաքին աուդիտ: Իսկ մարզպետարանի ներքին աուդիտը հաջորդը կուղեւորվի Գյումրու Շտապբուժօգնության կայան:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածների հատկանիշներով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու կապակցությամբ:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված հացահատիկի սերմացուի յուրացման եւ Լուսաձորի համայնքապետարանում փաստացի չաշխատած, սակայն որպես համայնքապետարանի հավաքարարի Իջեւանի տարածաշրջան մեկ այլ բնակավայրի բնակչուհուն մեկ ամսվա աշխատավարձ վճարելու կապակցությամբ: Քրեական 2 դրվագները միավորվել են մեկ քրեական գործի մեջ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Քրեական գործով նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը: Իրավապահներից տեղեկացա, որ քրեական գործի քննության շրջանակներում նա մարել է պետությանը պատճառված 200 հազար դրամ վնասը: Նախաքննությունը շարունակվում է: 1963թ. ծնված Վարդան Սարդարյանը Լուսաձորը ղեկավարել է 1991-2005թթ., դրանից հետո Լուսաձորի հիմնական դպրոցում աշխատել որպես պատմության ուսուցիչ, 2016թ. ՏԻՄ ընտրություններում ընտրվել է համայնքի ղեկավար: Նա ՀՀԿ անդամ է:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՑԱԾՐ Է
Այս տարի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հնձվել է շուրջ 1500 հեկտար ցորենի արտ: Միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 28-30 ցենտներ, ինչը բարձր ցուցանիշ չէ: Ցորենի բերքատվության վրա բացասաբար ազդեցին ամռան ընթացքում տեղացած անձրեւները, ոչ ուժեղ կարկտահարությունը: Բերդի տարածաշրջանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անձրեւների հետեւանքով շատ տեղերում ցորենի հասկերը փռվել են, ցորենի հատիկները թափվել են գետին: Փռված արտերի բերքը հավաքելու համար հացահատիկահավաք կոմբայնը ավելի շատ ժամանակ է ծախսում: Չտուժած արտերի դեպքերում հացահատիկահավաք կոմբայնը կարողանում է օրական հնձել 8-10 հեկտար արտ, իսկ փռված արտերի պարագայում` օրական հազիվ 2 հեկտար: Գյուղացիները մեծամասամբ չեն օգտագործում հնձված արտերի ծղոտը, արտերը հնձելուց հետո հացահատիկի դաշտերն այրում են` կարծելով, որ դրա հետեւանքով դաշտը բերրիանալու է, հաջորդ տարում ավելանալու է այդ դաշտից ակնկալվող բերքը: Շատ են դեպքերը, երբ ցորենի հնձված արտերում վառած կրակը տարածվում է առանց արտատիրոջ հսկողության, կամ քամուց ավելի ուժգնանալով` տարածվում է դեպի հարակից դաշտերը, թփուտներն ու անտառները` վնասներ պատճառելով շրջակա բուսական եւ կենդանական աշխարհին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ