Լուսանկարն արվել է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց մի խումբ երիտասարդներ անհասկանալի հավաք էին կազմակերպել։ Նրանք վարսահարդարման պարագաներ էին տեղադրել եւ միմյանց մազերն էին կտրում: Իրականում փոքր-ինչ տարօրինակ «միջոցառում» էր:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` կենսաթոշակ ստացողն իրավունք ունի՞ թոշակի իր գումարը նախօրոք մի քանի ասմվա կտրվածքով ձեռք բերել, այսինքն` նախօրոք վերցնել: Եթե այո, ապա ինչպե՞ս, ու՞ր կարող եմ դիմել:
Պողոս Ամրոյան (69 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պ. Ամրոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ կենսաթոշակի գումարի առաջանցիկ վճարման մասին դրույթ սահմանված չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման հարցադրումները եւս մեկ անգամ փաստում են այն մասին, թե սոցիալական ինչ ծայրահեղ վիճակում են գտնվում շարքային քաղաքացիները, այս դեպքում` կենսաթոշակառուները: Նրանք ամեն կերպ փորձում են տարբեր կարիքների համար գումար հայթայթել` անգամ կենսաթոշակի մի քանի ասմվա գումարը նախօրոք վերցնելով: Հայաստանում կենսաթոշակի գումարի առաջանցիկ վճարման մասին դրույթ սահմանված չէ, քանի որ օրենք ընդունողների մտքով անգամ չի անցել, որ ՀՀ-ում աղքատության շեմն այսքան բարձր կարող է լինել, եւ որ նման ծայրահեղ վիճակում գտնվող հազարավոր մարդիկ կգտնվեն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ծննդի գրանցումն ի՞նչ կարգով է իրականացվում:
Լիզա Եփրեմյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ: Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են.
ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա,
բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը եւ նրա հայրանունը` մոր ցուցումով:
Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ` ծնողների համաձայնությամբ: Մեկ տարեկան եւ ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձեւի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների /ծնողներից մեկի/ կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի դիմումի հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ: