ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փոշմանել են, որ ժամանակին կողմ են քվեարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն` համաձայնվելով նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությանը: Եւ հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, ՀՀԿ-ական պատգամավորները մի հավաքույթի ժամանակ «հայհոյանք են դրել», որ իրենց գործընկերներին չեն հանձնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Նրանք որոշել են` անկախ պատգամավորներին ներկայացված մեղադրանքի բովանդակությունից ու ծավալից, անկախ դրա հասարակական ընկալումից`միեւնույն է, իրենք կողմ չեն քվեարկի որեւէ մեկի կալանավորման օգտին: Իսկ որ Փաշինյանի իշխանությունը հատկապես կոռուպցիոն գործերի բացահայտումների շրջանակներում շուտով «թակելու է» շատ ՀՀԿ-ականների դռներ, կասկած չի հարուցում: ՀՀԿ-ականներն այս որոշումը կայացրել են մի կողմից Փաշինյանի կառավարությանն ընդդիմանալու համար, միաժամանակ, փորձում են ցույց տալ, թե իրենք միասնական են: Իհարկե, բացահայտ ՀՀԿ-ականները հերքում են այս լուրերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ինչո՞ւ պետք է նման քննարկում լինի: Քննարկումները լինում են փաստերի հիման վրա: Եթե չկա, ապա ինչո՞ւ մենք մեր ուղեղները պետք է ծանրաբեռնենք ոչ օգտակար ինֆորմացիայով կամ թվացյալ փաստերով»:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր է առաջիկայում հրաժարական ներկայացնել: Նրան այդպես էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ աշխատել, մանավանդ, երբ վարչապետն էլ առանձնապես ոգեւորված չէ Բալասանյանին այդ պաշտոնին տեսնելու հարցում: Հիմա Բալասանյանը վերջին ժամանակներս բավական պասիվացել է, նույնիսկ սկսել է գրեթե չշփվել իր թիմակիցների հետ: Սպասվում է` Բալասանյանը հրաժարականը կներկայացնի սեպտեմբերից հետո, քանի որ սեպտեմբերի 30-ին Գյումրու տոնն է, ուստի քաղաքապետը «ձգելու է» մինչեւ այդ օրը: Հիշեցնենք` այս տարվա հուլիսին նա ասել էր, որ ինքը «նույն պահին» հրաժարական կտա, եթե վարչապետը հորդորի: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանին, որն էլ փոխանցեց. «Աբսուրդի հասնող տեղեկություն է, նման բան չկա,ինքը աշխատում է, այսօր էլ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել»:
Երեւանի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը նախորդ ամիսներին իր վատ աշխատանքը մեկնաբանում էր, թե մեքենաները շարքից դուրս են եկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Սանիտեք»-ի մեքենաները փչացել են անորակ դիզվառելիքի պատճառով: Այս ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը թեեւ երեկ չհաստատեց մեր այս տեղեկությունները, բայց եւ չհերքեց: «Մեքենաները «Եվրո-5» ստանդարտ ծրագրով են: Հայաստանում կա եվրոդիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին»,- ասաց նա:Իսկ հարցին` այսինքն դրա՞ հետեւանքով են փչացել մեքենաները, թե՞ ոչ, Թավիլն ասել է. «Չեմ մեկնաբանում այս հարցը: Ուղղակի չեմ մեկնաբանում… ուղղակի, այո, կա եվրո դիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին»: Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ նա նաեւ նշել է, թե մեքենաների փչանալու հիմնական պատճառներից էլ «Նուբարաշենի» աղբանոց տանող ճանապարհների վատ վիճակն է:
Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճում են մասնավոր բուժհաստատությունները: Ով մեծ գումարներ ունի, շատ հեշտությամբ կարող է Հայաստանում կլինիկա բացել, երկու-երեք սարքավորում ներկրել եւ փող աշխատել: Մանավանդ, երբ ոչ միայն հայտնի բուժհաստատություններում, այլեւ նորաբացերում այցելուների պակաս չկա: Այդ մասին են վկայում գոյացող հերթերը: Որ Հայաստանում հիվանդանոցային բուժհաստատություններն ավելացել են, հաստատում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ եթե 2013-ին դրանք կազմել են 129, 2014-ին` 130, ապա 2015 թվականին` 132: Համեմատության համար նշենք, որ Սլովենիայում հիվանդանոցների թիվը այդ ժամանակահատվածում կազմել է 30, Սլովակիայում` 138, Չեխիայում` 156, Խորվաթիայում` 76, Լիտվայում` 145, իսկ Իսրայելում` ընդամենը 57:
ԳԵՐԼԱՐՎԱԾ
Ե՛ւ հայ-ադրբեջանական սահմանին, ե՛ւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում այսօր գերլարված վիճակ է, եւ գնալով վիճակն էլ ավելի է լարվում: Սա առանց չափազանցնելու:
Ադրբեջանական զինուժը սկսել է պարբերաբար գնդակոծել Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հաճախակիացան այն բանից հետո, երբ հրապարակվեց ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Թե պետության անվտանգությանն ինչ ահավոր վնաս էր նեղ անձնական դրդապատճառներով ոմանց դավաճանական այս քայլը, եւ ինչպիսի նվեր էր այն Ադրբեջանին, եզրակացրեք ինքներդ: Այդքանից հետո Ադրբեջանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում հրադադարի ռեժիմը խախտել, սադրանքների դիմել` մտածելով` եթե հնարավոր է գաղտնալսել ՀՀ ԱԱԾ պետի հեռախոսազրույցները, հետո հրապարակայնացնել ձայնագրությունը, ուրեմն կարելի է գոնե առաջին փուլում հրադադարի ռեժիմը խախտել, այդ երկրի սահմանամերձ շրջանները գնդակոծել:
Միաժամանակ, Ադրբեջանն այսօր նեղսրտված է Հայաստանում անցկացված զորավարժություններից, որի շրջանակներում ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանին իբր պատերազմ հայտարարելու որոշում ընդունեց: Ի դեպ, օրենսդիր մարմնի ղեկավար պաշտոնները ինքներդ եք հիշում, թե որ կուսակցության ձեռքում է շարունակում կենտրոնացած մնալ: Ընդ որում, Հայաստանում անցկացված զորավարժությունների ողջ սցենարում Ադրբեջանը մատնանշված չէր որպես թշնամի պետություն:
Հիմա Ադրբեջանը ոչ միայն քննադատում է ՀՀ ԱԺ-ի` զորավարժությունների շրջանակներում իրենց պատերազմ հայտարարելու պայմանական որոշումը, այլեւ իրենք են պատասխան լայնածավալ զորավարժություններ անցկացնում եւ այնտեղ Հայաստանը որպես թշնամի մատնանշում: Նրանց զորավարժությունների պլանը կազմել է անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Վարժանքների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ էլ հստակ նշվում է՝ ադրբեջանական բանակի թշնամին Հայաստանն է: Մինչ այժմ Ադրբեջանի ՊՆ-ն օգտագործում էր «պայմանական թշնամի» եզրույթը, նաեւ նշվում էր, որ զորավարժություններն անցկացվում են պատերազմականին առավելագույնս մոտեցված պայմաններում:
Ու վերջապես, Ադրբեջանը շարունակում է դիմադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարություններին: Ադրբեջանը շարունակում է ընդդիմանալ Փաշինյանի հայտարարություններին, թե ԼՂ խնդրում ՀՀ-ն փոխզիջումների մասին կխոսի, երբ փոխզիջումների գնալու պատրաստակամություն տեսնի պաշտոնական Բաքվի մոտ:
Այնպես որ, Ադրբեջանին ընդամենը առիթ է պետք, եւ նրան կարծես ընձեռել են այդ առիթը: