ՔԻԹՍ ՉԵՄ ԽՈԹԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախօրեին տված հարցազրույցում ուշագրավ արտահայտություններ կային Սերժ Սարգսյանի հետ կապված: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օրերս տված իր հարցազրույցում անդրադառնալով մարտի 1-ի գործին, ասաց, թե կարծում է` յուրաքանչյուրը մեղքի ինչ-որ զգացում ունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Մարտի մեկի գործով պետք է իրականացվի անաչառ, անկողմնակալ քննություն գուցե նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ: Որեւէ մեկը օրենքից վեր չպետք է լինի: Որեւէ մեկը իր վրա չպետք է վերցնի դատավորի ֆունկցիան: Պետք է իրականացվի հրապարակային, անաչառ քննություն: Ցանկացած հանցագործություն պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Դա որոշում ենք ո՛չ ես, ո՛չ դուք, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը: Դա որոշում է ՀՀ դատական իշխանությունը: Դատական որոշում կլինի,այդ ժամանակ էլ կիմանանք` ովքեր են մեղավոր:
-Խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, պարոն Քոչարյանը նշեց, որ ինքը անձամբ ստիպված եղավ բանակցել ահաբեկիչների հետ, որովհետեւ ովքեր դա պետք է անեին, փախել էին: Ըստ Ձեզ` ո՞ւմ մասին է խոսքը:
-Չեմ կարող ասել: Այդ հարցին կարող է պատասխանել Ռոբերտ Քոչարյանը:
-Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար էր: Հնարավո՞ր է, որ խոսքը վերաբերի նաեւ նրան:
-Չեմ կարծում, որ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է եղել, քանի որ այդ դեպքից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը նրան նշանակեց աշխատակազմի ղեկավար: Երկրորդ նախագահը Ձեր նշած հարցազրույցում ասել է, որ հետնորդ ընտրելիս առաջնահերթ է համարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը: Այսինքն` մի մարդ, ով, ըստ Քոչարյանի, լավագույնս կարող է պահպանել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը եւ Արցախի հարցում լինել հայ ժողովրդի շահերի պաշտպանը, դժվար թե որեւէ բանից փախչեր: Եթե կա մի հոգի, ում այդ խոսքերը չեն վերաբերում, դա Սերժ Սարգսյանն է: Բոլոր մտածումները, որ դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, անհեթեթ եւ ծիծաղելի են:
-Իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին խոսելով` Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իրենք երկար տարիներ ընկերներ են եղել, սակայն վերջին տարիներին համարյա չեն շփվել, որ ինքը բազմիցս քննադատել է ՀՀԿ քաղաքականությունը: Հիմա, սակայն, ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել պարոն Քոչարյանի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Նախ ես ցանկություն չունեմ մտնել երկու ընկերների հարաբերությունների մեջ: Դա իմ գործը չէ: Երբեք քիթս չեմ խոթի դրա մեջ եւ գնահատական չեմ տա: Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ես բազմիցս նշել եմ, որ ՀՀԿ-ն երբեք ինքնանպատակ որեւէ մեկի հետչի միավորվում, ոչ էլ պատրաստվում է միավորվել: «ՀՀԿ»-ն ազգային պահպանողական կուսակցություն է, որը միավորվում է իր օրակարգի, իր գաղափարների շուրջ: Եվ բոլոր այն ուժերը, բոլոր անհատ մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն համախմբվել մեր օրակարգի շուրջ, մենք պատրաստ ենք համագործակցել: Հանրապետականը ժամանակին համագործակցել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի եւ մի շարք այլ քաղաքական ուժերի հետ: Այսինքն` մենք թշնամիներ չունենք եւ պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կունենան նույն օրակարգը, գաղափարական բազան, ինչը որ ունենք մենք: Օրինակ` մենք քննադատում ենք ներկայիս իշխանություններին, բայց արտաքին քաղաքական, համապետական շատ խնդիրների շուրջ միակարծիք ենք: Եվ այդ հարցերում օժանդակում ենք մեր իշխանություններին: Դա չեղավ, որ մենք իրար պաշտպանում ենք: Հիմա մենք Քոչարյանին նախ եւ առաջ պաշտպանում ենք իր հետ կապված քրեական գործի մասով: Ինչ որ հիմա կատարվում է, դա բացահայտ քաղաքական հետապնդում է: Դա արդարադատություն չէ:
-Երկրորդ նախագահը նշել է, որ Փաշինյանը իր` քաղաքականություն վերադարձի հետ կապված գուցե սպառնալիք է տեսնում: Կիսո՞ւմ եք նրա կարծիքը:
-Ձեռնպահ եմ մնում նման հարցերի պատասխանելուց: Միայն կասեմ, որ մենք կարծում ենք, որ բոլորը կարող են ասել իրենց կարծիքը: Բոլորը, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը կարող է քաղաքականությամբ զբաղվել: Եվ այն հարցերում, որոնցում, ըստ մեզ, գործող իշխանությունները իրականացնում են ոչ ճիշտ քաղաքականություն, մենք քննադատում ենք: Բայց մենք մեր երկրում որեւէ մեկին մեզ թշնամի չենք համարում: Եվ ի տարբերություն օրվա իշխանությունների` Հայաստանը չենք բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների, մերոնց եւ ձերոնց, սեւերի եւ սպիտակների: Սա ո՛չ ստալինյան, ո՛չ հիտլերյան ժամանակները չեն: Մենք փոքր երկիր ենք, եւ մեզ համար մեծ շռայլություն է բաժանարար գծեր քաշելը: Էսօր քաղաքական հակառակորդներ ենք, վաղը կարող ենք լինել նույն կոալիցիայի մեջ: Եվ դրա համար էլ պետք չէ կամուրջներ այրել: Մենք, ի վերջո, պետք է վեր կանգնենք անձերի միջեւ պայքարից եւ սկսենք նորմալ, ցիվիլ քաղաքական պայքար:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՍՖԱԼՏԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀ ՊԱՌԿԵՑՆԵԼ-ԹՈՂՆԵԼԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խնդրանքով: Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդների կողմից նա պաշտոնական խնդրանք էր ստացել միջոցներ ձեռնարկելու, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չմնա կալանքի տակ: Արդյոք դիվանագիտորեն ճի՞շտ էր բարձրաձայնել, թե ով ինչ է խնդրել:
-Որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում: Հասկանում եմ, որ այդ փաստը հակառակորդները օգտագործելու են ցույց տալու համար իբրեւ թե դա ոչ դիվանագիտական եւ սխալ քայլ էր, բայց դրանք կեղծ սպեկուլյացիաներ են: Հարցը հանրային հնչեղություն ունեցող կարեւորագույն խնդիր է, եւ վարչապետն անգամ պարտավոր է առանձին դետալներ հայտնել հասարակությանն այդ մասին: Այնպես որ սա տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում:
-Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո, ըստ Ձեզ, ի՞նչ գործընթացներ պետք է լինեն: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:
-Ձերբակալություններ, ձերբակալություններ եւ էլի ձերբակալություններ: Ասֆալտին մի քանի թիկնապահ պառկեցնել-թողելը բավարար չէ: Վտանգն այն է, որ այսպես դանդաղ շարժվելու պարագայում ինչ-որ մի պահ իշխանությունը կարող է կորցնել վերահսկողությունը ընթացող պրոցեսների նկատմամբ: Տպավորություն է, թե գործադիրում կարծում են, թե ժամանակն անսպառ է, եւ ամեն բան միշտ մնալու է այնպես, ինչպես որ կա: Տագնապալի դանդաղաշարժություն եւ հանդուրժողականություն է առկա իշխանության գործողություններում, մինչդեռ այն անվերապահ մանդատ ունի կտրուկ եւ արագ գործելու: Նամանավանդ, որ հիմա դրա հսկայական հանրային պահանջ է ձեւավորվել: Այս իշխանությանը ժողովուրդը նախեւառաջ հետեւել է նախկիններին փոխելու եւ պատժելու հույսով, ոչ թե գերքաղաքակիրթ մոտեցումներ ցուցաբերելու նպատակով: Իսկ ժողովրդի պահանջը հիմա միանշանակ բոլոր հակահեղափոխական ուժերին բանտ ուղարկելն ու վերջապես կատարվող այս անպատկերացնելի գործընթացներին վերջ տալն է: Հենց այս ցնցումների պատճառով է, որ ուշանում է հիմա երկրի վերակառուցումը: Փոխարենը զբաղված ենք անհասկանալիորեն հարություն առած դեստրուկտիվ ուժերի` ներքին թշնամու դեմ պայքարելով:
-Իսկ դուք այս ամենում արտաքին հետք տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Ես նախեւառաջ տեսնում եմ ներքին հետք: Սա նախեւառաջ ձեռնտու է հակահեղափոխականներին: Փաստը, որ բարդ տեխնոլոգիայով գաղտնալսում է իրականացվել, դեռեւս չի նշանակում, որ անպայմանորեն դրա հետեւում արտաքին ուժերեւ են կանգնած: Գաղտնալսումն, իհարկե, կարող է որպես արդյունք ծառայել արտաքին մի շարք ուժերի շահերին, բայց նկատենք, որ մեր օրերում գաղտնալսում կարող են պատվիրել զգալի կարողություն ունեցող բազում անհատ անձինք: Իսկ հակահեղափոխական ճամբարում միայն այդպիսիք են այսօր:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՆԱԵՎ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ
ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի գործը կգնա ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել նաեւ այդ օրերին ԶՈՒ Երեւանի կայազորի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ու թեեւ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ, դատարանը ազատ էր արձակել գրավի դիմաց: Վերջինիս պաշտպանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, որ խափանման միջոց կալանքը չլինի, սակայն ՀՀ վերաքննիչը մերժել էր պաշտպանի բողոքը: Եվ ահա երեկ մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումները` որոշում են կայացրել մինչեւ վերջ գնալու եւ դիմելու ՀՀ Վճռաբեկ դատարան:

 

 

84 ՄԼՆ 775 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ՏՈՆ
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ: Գումարը ծախսվելու է այդ տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում բեմերի եւ երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ գործադիր մարմինը մշակույթի նախարարությանը մոտ 100 մլն դրամ հատկացրել էր ե՛ւ 2016, ե՛ւ 2017 թվականներին անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար:

 

 

ՄԻԱՅՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Դեռեւս օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ խոսել էր Սեւանա լճի մասին` ասելով. «Սեւանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սեւանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա»: Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձեւավորել աշխատանքային խումբ, որը պետք է անդրադառնա ոռոգման ջրի ապահովման խնդրին ու ներկայացնի համապատասխան առաջարկություններ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` ինչ աշխատանքներ են կատարվել: Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ համապատասխան քննարկումներ եղել են, աշխատանքային խումբը ստեղծված է, արդեն նիստ եղել է, եւ քննարկումներն էլ շարունակվում են: «Քննարկումների նպատակը լուծումներ գտնելն է, տեխնիկական խնդիրները ձեւակերպելն է, թե ինչ է արվելու այդ ուղղությամբ: Սեւանա լճից հավելյալ ջուր վերցնելու վերջին որոշումը ցավոտ էր, դա էքստրեմալ որոշում էր», – նշեց նա: Այսպիսով, հանձնարարականից անցել է մեկ ամսից ավելի, սակայն դեռեւս քննարկումներ են անում:




Լրահոս