«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի ներսում հետաքրքիր գործընթանցեր են տեղի ունենում: Մեր նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Հանրապետական խմբակցությունն արդեն որոշել է` ոչ մի գնով չպետք է գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ այդ առումով նույնիսկ դաշնակիցներ են գտել: Իսկ այժմ էլ նրանք որոշել են այլեւս որեւէ պատգամավորի նկատմամբ չվարվել այնպես, ինչպես ամիսներ առաջ վարվեցին ԵԿՄ նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեպքում: Ասել է թե` որոշել են ԱԺ-ում մերժել ցանկացած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու` ՀՀ գլխավոր դատախազության ներկայացնելիք միջնորդությունները: ՀՀԿ-ում այս առումով «հայհոյանք են դրել»:
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը հունիսի 19-ին 77 կողմ, 3 դեմ ձայներով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։ Քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավորներից 82-ը, անվավեր՝ 2 քվեաթերթիկ։ Իսկ մեկ այլ քվեարկությամբ էլ խորհրդարանը կողմ էր արտահայտվել Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելուն։ Այս դեպքում էլ 104 պատգամավորներից 81-ը կողմ էր քվեարկել, 3-ը՝ դեմ։ Պատճառն էլ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներն էին, երբ նրանք խուզարկություն էին իրականացրել Գրիգորյանի առանձնատանն ու ամառանոցում, հայտնաբերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, բանակի եւ զինվորների համար նախատեսված գույք եւ սնունդ։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս դեպքը թավշյա հեղափոխությունից հետո հասարակական մեծ հնչեղություն ստացած առաջին դեպքն էր: Եվ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումները դարձան սուր քննադատության առարկա ոչ միայն հասարակության կամ այլ քաղաքական գործիչների, այլ հենց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, ովքեր միաբերան նշում էին, թե նման արարք թույլ տված անձը պետք է պատժվի: Անողոք գտնվեց անգամ Մանվել Գրիգորյանի անբաժան եւ վաղեմի ընկերը` Սեյրան Սարոյանը:
Այս դեպքերից ամիսներ անց ՀՀԿ-ի ներսում իրավիճակ է փոխվել: Մեր տեղեկություններով` նրանք օրեր առաջ քննարկում են ունեցել, հստակ որոշել ու «հայհոյանք» դրել, որ այսուհետ ինչ էլ պատահի, ինչ տեսանյութ էլ հրապարակվի որեւէ այլ պատգամավորի մասին, նման կերպ չեն վարվի եւ պատգամավորին չեն զրկի անձեռնմխելիությունից: Նրանք անգամ միմյանց մոտ հիշատակել են, թե տեսանյութերն անգամ իրենց չեն համոզի եւ սրտնեղել` ասելով, որ փոշմանել են, քանի որ այն ժամանակ գործել են հասարակական ճնշման, պահի ազդեցության տակ եւ չեն փորձել հասկանալ` ճիշտ էր, թե ոչ, նաեւ դրա ժամանակը չունենալով: Եվ հիմա որոշել են` ինչ էլ լինի, այդպես չեն վարվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, թե Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության օրն ինքը Հայաստանից բացակայում էր եւ չէր մասնակցում, սակայն ընդգծեց, թե իրենք այդպես են վարվել հենց Մանվել Գրիգորյանի խնդրանքով: «Ես այդ օրերին Հայաստանում չեմ եղել, քննարկմանը եւ քվեարկությանը չեմ մասնակցել եւ որքանով ինձ է հայտնի, Հանրապետական կուսակցությունում նման քննարկում չի ծավալվել, եւ Մանվել Գրիգորյանի հետ կապված նման քննարկում եղել է, որովհետեւ հենց ինքն է կոչով հանդես եկել պատգամավորներին, որպեսզի կողմ քվեարկեն եւ քննչական մարմնին հնարավորություն տան ճշտել ամբողջ գործընթացը: Եվ բացի այդ, որեւէ պատգամավորի անձեռնմխելիության հարցով ինձ հայտնի չէ սպասվող որեւէ դեպք», – նշեց նա: Դիտարկմանը, այսինքն` նման քննարկում չի՞ եղել, ի՞նչ կանեք հետագայում, նա ընդգծեց. «Ինչու պետք է նման քննարկում լինի: Քննարկումները լինում են փաստերի հիման վրա: Եթե չկա, ապա ինչու մենք մեր ուղեղները պետք է ծանրաբեռնենք ոչ օգտակար ինֆորմացիայով կամ թվացյալ փաստերով»:
Անդրադառնալով այն մեկնաբանությանը, թե ՀՀԿ-ականները փոշմանել են Մանվել Գրիգորյանի հետ այդպես վարվելու համար` նա նշեց. «Քվեարկությունը եղել է Մանվել Գրիգորյանի կոչին համապատասխան: Նա ինքը կոչ արեց, հորդորեց, իր պատգամավորներ-գործընկերներն էլ իր հորդորին արձագանքել են դրականորեն, ինչպես ճիշտ է գտել գեներալը»:
Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները վստահ են` եթե Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած դեպքի պես որեւէ այլ բան բացահայտվի, ապա ՀՀԿ-ականներն այդքան համարձակություն չեն ունենա չքվեարկելու: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ այնպիսի հնչեղություն ունեցող հարց լինի, ինչպիսին Մանվել Գրիգորյանինն էր, եւ ՀՀԿ-ականները համարձակվեն կողմ չքվեարկել: Այդպիսի իրավիճակ չի կարող լինել: Ճիշտ է` վերջին ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ասպարեզ գալու հետ մեկտեղ իրենք բավականին ոգեւորված, խանդավառված են, բայց այդուհանդերձ նրանք չպետք է կորցնեն իրականության զգացումը, որովհետեւ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող իշխանությունը կարող է կատարել այնպիսի քայլեր, որոնք կարող են իրենց սրտով չլինել»:
Դիտարկմանը` այսինքն այլընտրանք չկա՞ եւ կրկին ճնշումներ կլինե՞ն, նա նշեց. «Եթե այդպիսի հնչեղության հարց լինի, իրենք չեն համարձակվի, քանի որ հասարակական հսկայական հնչեղություն ունեցող հարց է, եւ իրենք կդժվարանան հիմնավորել իրենց տեսակետը: Իհարկե, նրանք փոքրիկ քայլերով ուզում են ուշքի գալ եւ կատարել հեղափոխությանը դեմ քայլեր եւ միջոցառումներ, բայց իմ խորին համոզմամբ` իրենք չեն հաջողի»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՍՖԱԼՏԻՆ ՊԱՌԿԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող եռյակն այսօր ասուլիս է հրավիրել: Ըստ նրանց տարածած հաղորդագրության. «ԲՀԿ-ն հանդես կգա քաղաքական կարեւոր հայտարարությամբ` կապված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրական գործընթացների հետ»: Մինչ ոմանք կարդալով «քաղաքական կարեւոր հայտարարություն» արտահայտությունը հեռուն գնացող եզրակացություններ կանեն, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ասուլիսը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «ռեյդեր անելու եւ ասֆալտին պառկեցնելու» հանձնարարականի հետ: Այդ հանձնարարականի հետքերով ոստիկանությունը «ասֆալտին է պառկեցրել» նաեւ ԲՀԿ ավագանու թեկնածուներից 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարկոս Հարությունյանին, որը «Թամ Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրենն է: Ոստիկանության փոխանցմամբ՝ նա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել թիկնապահների շարասյունով երթեւեկելու կասկածանքով:
ՈՉ ՀՐԱՏԱՊ ԳՆՈՒՄՆԵՐ
ՀՀ սահմանադրական դատարանը շարունակում է պետական միջոցները ծախսել տարատեսակ ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար: Պարզվում է, որ ՍԴ-ն բացի մարտկոցներից, արգելակման կոճակներից, բենզինից ու սոխուկներից ձեռք է բերել նաեւ ջահեր: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 6 հատ ջահ է գնվել ՍԴ-ի կողմից, որից մեկը 35 հազար դրամով է գնվել, մեկը` 12 հազար դրամով, իսկ 4-ը` ընդհանուր 75 հազար դրամով: Ի դեպ, ջահերը ձեռք են բերվել Ավետիք Հարությունյան Ա/Ձ-ից: Իսկ ընդհանուր ջահերի համար ծախսվել է 342 հազար դրամ: Բացի այս, ՍԴ-ն «Եվրոստան-ույուտ» ընկերությունից գնել է պլաստմասսե պատուհան եւ սպիտակ մարմարից պատուհանագոգ, որոնց համար ծախսվել է մոտ 640 հազար դրամ: Հիշեցնենք` «Եվրոստան-ույուտ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանին:
«ՀԱՐՑԱՔՆՆԵԼ» ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Համացանցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվելուց հետո անհարմար դրության մեջ է հայտնվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը: Բանն այն է, որ խոսակցության ժամանակ ԱԱԾ պետն ասել է, թե իրեն է զանգել այդ դատավորը, ինքն էլ հորդորել է «դուխով» կալանքը տալ: Դատական համակարգում Վաչե Մարգարյանին հարցրել են` արդյոք նա զանգե՞լ է ԱԱԾ պետին: Վերջինս կտրուկ հերքել է: Նրան նաեւ հարցրել են` մտավախություն չունի՞, որ քրեական գործի շրջանակներում այնուամենայնիվ հաստատվի, որ զանգահարել է: Մարգարյանն էլ մի քանի անգամ պնդել է, որ մտավախություն չունի:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼ Է
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանն ասել է. «Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ որեւէ քայլ կատարի ժողովրդի դեմ»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս է հայտարարել, որ օլիգարխները մասնակցություն են ունեցել «Մարտի 1»-ի դեպքերին: «Ես ձեզ առաջարկում եմ ընթերցել«Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ սեւը սպիտակի վրա հստակ գրված է, որ երբ հավաք էր տեղի ունենում, որտեղ որոշվում էր, որ պետք է կրակել ժողովրդի վրա, Գագիկ Ծառուկյանը միակ միջամտողն էր, որ կանխեց նման որոշումը, ինչը դուր էր եկել նույնիսկ Սերժ Սարգսյանին»,-ասել է Ա. Զուրաբյանը: Անդրադառնալով օլիգարխների թիկնազորը զինաթափելու մասին վարչապետի հայտարարություններին էլ` վերջինս նշել է. «Գագիկ Ծառուկյանը ունի պայմանագիր, որում նշվում է, որ ամբողջ կազմը, որը սպասարկում է նրան, նրա բիզնեսները, անվտանգությունը, ոստիկանության աշխատակիցներն են: Ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել պահպանության վարչություն՝ կնքելու պայմանագիր իր եւ բիզնեսների անվտանգության ապահովման համար»:
ԸՆԴՈՒՆՎԵՑ
Գործադիրն ընդունել է նախորդ նիստում քննարկված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի, նպաստ նշանակելու եւ վճարելու կարգի փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշում: Ըստ այդմ` առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաեւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: 2018 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ. գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Միաժամանակ, հանձնարարվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ` միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Կոտոլյանը նշանակվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: