ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, որպեսզի ԱԺ-ն լուծարելու հիմքեր ստեղծվեն: ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում ամենամեծ պատգամավորներ ունեցող խմբակցությունն է, դեմ է այս տարբերակին ու փորձելու է դիմադրել: «Ժողովուրդ» օրաթերթը սահմանադրական փոփոխությունների, ԱԺ-ի հնարավոր լուծարման եւ Երեւանի ավագանու ընտրությունների մասին խոսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ թավշյա հեղափոխության օրերին խոսում էր սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին: Եվ հիմա էլ դա համարում է կարեւոր հարցերից մեկը: Ի՞նչ կասեք այս մասին: Դե՞մ եք, թե՞ կողմ սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն:
-Այն սահմանադրական բարեփոխումների մասին, որ խոսել է պարոն Փաշինյանը, հիմնականում վերաբերում էին Աժ-ն ցրելու մեխանիզմներին: Գործող Սահմանադրությամբ ազգային ժողովը հնարավոր է ցրել միայն մեկ եղանակով. վարչապետը պետք է հրաժարական տա, եւ ԱԺ-ն երկու փորձով չկարողանա ընտրել վարչապետ: Նախորդ կառավարությունները մտածել են, որ իրենք հավերժ են, եւ նման իրավիճակներ չեն լինելու: ԵՎ բնականաբար հիմա բարեփոխումների կարիք կա: Սահմանադրական փոփոխությունները պետք է նպաստեն, որ քաղաքական եւ մի շարք այլ իրավիճակներից ելնելով` հնարավոր լինի ԱԺ-ն լուծարել:
-Ի՞նչ եք կարծում, ԱԺ-ի լուծարումը հիմա խիստ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
-Դրա կարիքը հիմա կա: Եվ դա օրհասական է, որովհետեւ այսօրվա ԱԺ-ն չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների քվեն: Իսկ ազգային ժողովը դրա համար է կոչված: Այսինքն՝ այսօրվա Աժ-ում արտահայտված չէ քաղաքացիների կամքն ու քաղաքական դիրքորոշումը: Դրա համար էլ շատ շտապ պետք է կազմակերպվի ԱԺ ընտրություններ:
-ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ նպատակահարմար չի համարում ԱԺ-ի ցրումը միայն նրա համար,որ հարգելի վարչապետը չի ուզում հրաժարական տալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Բնական է, որ «ՀՀԿ»-ն չի ուզի, որ ԱԺ-ն ցրվի, որովհետեւ կուսակցության ռեյտինգը շատ ցածր է, եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դա իրենց ձեռք չի տալիս: Եթե, օրինակ, հաջորդ կիրակի լինի ԱԺ ընտրություններ, մեծ հարցականի տակ կդրվի նրանց՝ խորհրդարանում լինելու հարցը: Բայց ՀՀԿ-ն ի վերջո պետք է հասկանա,որ իրավիճակ է փոխվել, եւ փորձի հաշվի նստել նոր իրավիճակի հետ:
-Այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի սահմանադրական փոփոխությունների իրականացմանը, ո՞րը կլինի ձեր հաջորդ քայլը:
-Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Հիմա դա կարող է անել միայն կառավարությունը:
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ կարծում է, թե կարող է դառնալ ընդդիմադիրներին միավորելու կենտրոն: Ի՞նչ կասեք այս մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ շանսեր ունի նա խորհրդարանում հայտնվելու:
-Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես քաղաքական կերպար, հիմա բավականին ուռճացված է: Նա փորձում է լրացնել ընդդիմության բացը: Բայց ընդդիմություն դառնալու համար պետք է ունենալ ժողովրդի մի մասի վստահությունը: Հայաստանում նույնիսկ ընդդիմությունը միշտ ավելի վստահելի է եղել, քան իշխանությունը: Եվ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այդ վստահությունը քաղաքացիների որեւէ շերտի կողմից:
-Ի դեպ, կարծիքներ կան, որ ժողովուրդը հիմա էյֆորիայի մեջ է, եւ երբ դուրս գա դրանից, կառավարության վարկանիշը ակնհայտորեն կընկնի: Ի՞նչ կասեք այս մասին:
-Բնական բան է, որ հեղափոխությունից հետո պետք է ինչ-որ շրջան էյֆորիայի մեջ լինի ժողովուրդը: Բայց ես չեմ կարծում, որ կառավարության վարկանիշը կտրուկ կընկնի: Մեր քաղաքացիները հասկանում են, որ մի քանի օրում կամ ամսում հսկայական փոփոխություններ չեն կարող լինել եւ կարծում եմ՝ համբերատար կլինեն:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԴԱՏ 4 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԱՀԱՑԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տավուշի մարզում դատում են արդեն մահացած անձնավորության: Ու սա այն դեպքում, երբ օրենսդրության համաձայն` մահացած անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանգուցյալ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ականանետային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան, 2014թ. սեպտեմբերի 19-ին` ժամը 17-ի սահմաններում, իր ենթակայությամբ գտնվող մարտկոցին ամրակցված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով զորամասի ականանետային դիվիզիոնի հրամանատարական կետից Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ տանող ճանապարհով դեպի զորամասի մշտական տեղակայման վայր երթեւեկելիս թույլ է տվել երթեւեկության անվտանգության կանոնների խախտում, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն` ինքնիրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի պատճառով մեքենան աջ կողմով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել հարակից ձորը:
Դրա հետեւանքով մեքենայի թափքում նստած ավագ լեյտենանտ Հարություն Խաչատրյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս: Այդ ավտովթարի հետեւանքով Պ. Մանուկյանը մահացել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատաքննությունը սկսվելուց առաջ որպես մեղադրյալ ներգրավված անձի շահերի պաշտպան Գ. Հարությունյանը միջնորդել է գործի վարույթը կարճել արդարացնող հիմքով` նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մահացած անձի նկատմամբ գործի քննության ընթացակարգ չի նախատեսում, իսկ անալոգիան քրեական դատավարությունում չի թույլատրվում, հետեւաբար գործի դատաքննությունը չպետք է շարունակվի:
Մեղադրող Ս. Կիրակոսյանն առարկել է այդ միջնորդության դեմ: 2018թ. ապրիլի 18-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի նշած «մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտության դեպքում քրեական գործի վարույթը շարունակելու` նրա մերձավոր ազգականի պահանջի բավարարումը եւ մասնակցությունը մահացածի իրավունքների պաշտպանության եւ մեղավորության հարցը պարզելուն ուղղված դատավարության ողջ ընթացքում» դրույթը պարտավորեցնում է շարունակել դատաքննությունը, անհրաժեշտ է դատական կարգով ապահովել գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի հաստատել անձի անմեղությունը կամ մեղավորությունը: Դատավորը որոշել է մերժել Գ. Հարությունյանի միջնորդությունը: Այժմ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող այս դատաքննությանը խանգարում է այն, որ դեպքից 4 տարի անց դժվար է վկաների գտնվելու վայրը ճշտել, նրանց դատակոչել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՆԿԻ ՊԵՍ ԱՃՈՒՄ ԵՆ

Այսօր տեղի կունենա «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա թերեւս առիթ էր անդրադառնալու բուժհաստատությունների խնդրին:

Բանն այն է, որ Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճում են բուժհաստատությունները: Դրանք հիմնականում, ի դեպ, մասնավոր են: Այսինքն` ով մեծ գումարներ ունի, շատ հեշտությամբ կարող է Հայաստանում կլինիկա բացել, երկու-երեք սարքավորում ներկրել եւ փող աշխատել: Սակայն նույնիսկ հայաստանյան բուժհիմնարկների այս առատությանը` այցելուների պակաս չկա: Դրա մասին են վկայում հիվանդանոցներում գոյացող հերթերը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում հիվանդանոցային բուժհաստատությունները ավելացել են. եթե 2013-ին դրանք կազմել են 129, 2014-ին` 130, ապա 2015 թվականին` 132:
Օրինակ` Հայաստանում 2015 թվականի դրությամբ գործել են թվով 636 բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որից 504-ը իրականացրել են արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ 132-ը` հիվանդանոցային: Համեմատության համար նշենք, որ Սլովենիայում հիվանդանոցների թիվը այդ ժամանակահատվածում կազմել է 30, Սլովակիայում` 138, Չեխիայում` 156, Խորվաթիայում` 76, Լիտվայում` 145, իսկ Իսրայելում` ընդամենը 57: Ի դեպ, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների 68 տոկոսը, դեռեւս 2015 թվականի տվյալներով, գործել են ՀՀ մարզերում, իսկ 32 տոկոսը` Երեւանում: Ըստ մասնագետների` հիվանդանոցային բուժհաստատությունների թիվը Հայաստանում 100 հազար բնակչի հաշվին կազմում է 4.4, մարզերում` 3.9, եւ Երեւանում` 5.4, իսկ ԵՄ անդամ երկրներում` 3.4:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (2012 թվականի տվյալներով)` Հայաստանում 10 հազար մարդուն բաժին է ընկնում 37.6 բժիշկ (չի ներառում ստոմատոլոգներին ու դեղագետներին) եւ 48.2 բուժքույր: Մանսագետների խոսքերով` այս հարաբերակցությունն այնքան էլ նորմալ չէ զարգացած երկրների համեմատ, որտեղ բժիշկների թիվը քիչ է, իսկ բուժքույրերինը` շատ: Օրինակ` ԱՄՆ-ում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 24,2 բժիշկ ու 98,2 բուժքույր: Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը համապատասխանաբար 27,4 ու 101,3 է: Նույնիսկ Իսրայելում ու Գերմանիայում, որոնք հայտնի են որպես համաշխարհային առողջապահական կենտրոններ, բժիշկների քանակն ավելի փոքր է, քան Հայաստանում: Իսրայելում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 36,5 բժիշկ ու 51,8 բուժքույր, Գերմանիայում` համապատասխանաբար 36 եւ 111:
Ի դեպ, ըստ որոշ հաշվարկների` 132 ստացիոնար բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից 11 տոկոսը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության հիմնարկներ են, 55 տոկոսը մարզպետարանների ենթակայության հիմնարկներ են եւ 30 տոկոսը` մասնավոր հիմնարկներ: Իսկ ահա 2017 թվականի տվյալներով` Երեւանում առողջության առաջնային պահպանման եւ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող հաստատությունները կազմել են 53, ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող հաստատությունները` պոլիկլինիկաները, կազմել են 28: Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող հաստատությունները` դիսպանսերները, կազմել են 5: Պոլիկլինիկաները` 25-ն են, քաղաքային առողջության կենտրոնները 45-ն են: Խոսքը մասնավոր կլինիկաների մասին է: Այլ ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկները 8-ն են: Այսինքն` պարզվում է, որ Երեւանում բուժհաստատությունների թիվը կազմում է 164: Հուսանք` հայրենի կառավարությունը ուշադրություն կդարձնի առաջնային բուժօգնության եւ հիվանդությունների կանխարգելման ոլորտին: Չէ՞ որ ավելի կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել հիվանդությունների կանխարգելմանը, քանի որ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով մահացությունների աստիճանն ավելի բարձր է, քան այն երկրներում, որոնցում բժիշկների ու բուժքույրերի թվաքանակը զիջում է Հայաստանին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս