Երեւանում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը նախորդ 2 ամսում քաղաքապետարանի կողմից տուգանվել է մոտ 25 միլիոն դրամի չափով: «Մենք ընդունում եւ հարգում ենք քաղաքապետարանի որոշումը: Բայց մենք խնդրում ենք քաղաքապետարանին գնել աղբամաններ եւ տեղադրել քաղաքում հենց այն գումարով, որով տուգանել են «Սանիթեք»-ին եւ փոխհատուցել այն վնասները, որը ընկերությունը կրել է այս ընթացքում»,- հայտարարեց «Սանիտեք»-ի տնօրեն Նիկոլաս Թավիլը: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Սանիտեք» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ:
-Պարո՛ն Թավիլ, թավշյա հեղափոխությունից հետո բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ւմ հետ եք հանդիպել: Եթե հանդիպում կայացել է, ապա ի՞նչ եք քննարկել նրա հետ:
-Մենք հանդիպել ենք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Նրա հետ քննարկել ենք մեքենաների հարցը, ընդհանուր իրավիճակը: Շատ աջակցող են եղել այդ հանդիպումները, ինչի մասին նաեւ պարոն Պապիկյանը բարձրաձայնել է: Իհարկե, մեր ամենօրյա հանդիպումները, աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի հետ են: Բացի այս, հանդիպել ենք նաեւ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, դարձյալ քննարկել ենք Երեւանում աղբահանության իրավիճակը, մեքենաների ներկրման հետ կապված եւ այլ հարցեր:
-Արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ եք քննարկել նրա հետ: Եթե ոչ, ի՞նչն է եղել պատճառը, Դուք չե՞ք ցանկացել հանդիպել, թե՞ նա չի ընդունել:
-Ոչ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չենք ունեցել: Բայց պարոն Պապիկյանի հետ հանդիպել ենք հենց պարոն Փաշինյանի անունից: Եւ մենք կարող ենք ասել, որ ամենօրյա շփման մեջ ենք նրա հետ: Այսպես ենք մենք աշխատանքը պատկերացնում: Իհարկե, պարոն Փաշինյանի հետ հանդիպում եթե լինի, մենք մեծ հաճույքով կհանդիպենք…
-Ինչի՞ն եք սպասում, ինչո՞ւ հանդիպում չի կայանում…
-Կարեւորը համակարգումը իրականացվում է, եւ պարոն Պապիկյանի հետ էլ մենք անընդհատ կապի մեջ ենք, եւ նա էլ իր հերթին կապի մեջ է պարոն Փաշինյանի հետ: Քանի որ մեր պայմանագիրը քաղաքապետարանի հետ է կնքված, այսպես է իրականացվում աշխատանքը: Այսինքն` այնպես չէ, որ ինքը չի ուզում կամ մենք չենք ուզում հանդիպել: Այդ հարցը չկա, մենք աշխատանքը այսպես ենք կազմակերպել:
-Տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Ձեր ղեկավարած ընկերության մեքենաները փչացել են վատ որակի դիզվառելիքի պատճառով: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա կմանրամասնե՞ք, թե կոնկրետ որ ընկերությունից եք ձեռք բերել վատ որակի դիզվառելիք: Ինչպե՞ս եք բացահայտել, որ այն վատ որակի է եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այդ ուղղությամբ: Արդյոք դիմե՞լ եք իրավապահ մարմիններին, թե՞ ոչ:
-Մեքենաները «Եվրո-5» ստանդարտ ծրագրով են: Հայաստանում կա եվրոդիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին:
-Այսինքն դրա՞ հետեւանքով են փչացել մեքենաները, թե՞ ոչ…
-Չեմ մեկնաբանում այս հարցը…
-Ինչո՞ւ:
-Ուղղակի չեմ մեկնաբանում… ուղղակի, այո, կա եվրո դիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին:
-Այնուամենայնիվ, մեքենաները փչացել են ստանդարտներին չհամապատասխանող դիզելի պատճառո՞վ…
-Շատ գործոններ կան մեքենաների փչանալու հետ կապված…
-Այդ թվում եւ դիզվառելի՞քը…
-Շատ գործոններ…
-Պարոն Թավիլ, «Ժողովուրդ» օրաթերթը Ձեր ընկերության մաքրուհիներից ե՛ւ նամակի, ե՛ւ հեռախոսազանգի տեսքով պարբերաբար դժգոհություններ է ստանում: Նրանք պնդում են, որ իրենք աշխատում են գիշերային ժամերին, բայց չեն վարձատրվում ըստ պատշաճի: Բացի այդ, պայմանագրում նշված աշխատավարձը չեն ստանում…
-Անհնար է: Այն, ինչ որ պայմանագրով ամրագրված է, եւ այն աշխատակիցները, որոնք բողոքներ ունեն, ընդունում ենք իրենց, լսում ենք իրենց խնդիրները, լուծում ենք այն բոլոր հարցերը` հիմնվելով պայմանագրի եւ տեղի օրենքների վրա: Այսինքն` անհնար է, որ պայմանագրում նշված ինչ-որ կետ չիրականացվի: Ամեն ինչ, ինչը որ պայմանագրով նախատեսված է, միանշանակ արվում է:
-Մեզ դիմած մաքրուհիները փոխանցել են մեզ, որ իրենք անընդհատ կոպիտ վերաբերմունքի են արժանանում սուպերվայզերների կողմից: Նրանց պատմելով` իրենց վերաբերվում են ինչպես ստրուկների, կոպտում են, հայհոյում…
-Սա մի բան է, որ ես երբեք չեմ հանդուրժի, չեմ հանդուրժել, եթե մի աշխատակից կա, որը բողոքում է այն բանից, որ իրեն սուպերվայզերը վատ է վերաբերվում կամ գոռում է, վայրկենապես իրեն աշխատանքից կհեռացնեմ, որովհետեւ սա այն բանն է, որը ես երբեք չեմ հանդուրժի:
-Առջեւում ձմռան ամիսներն են, ինչպես փորձը ցույց է տվել նախորդ տարիներին ընկերությունը եւս թերացել է իր աշխատանքում: Ինչ երաշխիք կարող եք տալ, որ այս ձմռան ամիսներին ընկերությունը պատշաճ կիրականացնի իր պարտավորությունները:
-Հիմա մենք արդեն սկսել ենք պատրաստվել ձմռանը: Մենք արդեն ունենք մեր պահեստում համապատասխան քանակությամբ աղ: Եւ սա առանձին խումբ է, որը աշխատում է ձմռան ամիսների համար: Պատրաստ կլինենք, մի՛ անհանգստացեք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ
Երեկ կայացած կառավարության նիստի ընաթցքում որոշում է կայացվել լուծարել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը: Որոշման մեջ ասվում է. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ` ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նշենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ 33,292.1 հազ. դրամ գումարը ներառում է աշխատավարձ եւ այլ վճարումներ (այդ թվում` օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված` աշխատակիցների` աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված` ծանուցման ժամկետների խախտման հետեւանքով վճարվելիք տույժ): Ի դեպ, այս հիմնադրամի հետ կապ ունի գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ սրտնեղել էր, որ այս հիմնադրամը փակվում է:
ՀԱՄԱՀՈՒՆՉ ԱՌԱՋԱՐԿ
Կառավարության նիստում հավանություն է տրվել «Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման համար պատժի խստացում» ենթադրող օրինագծին, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես` առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի եւ զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից: Արթուր Հովհաննիսյանն առաջարկել է նախագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանին առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել կառավարության հետ մեկ միասնական նախագծով հանդես գալու համար: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատել է, որ, ընդհանուր առմամբ, պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության մոտեցումներին, եւ առաջարկել, որ նախագծին հավանություն տան, իսկ հետո կառավարությունն իր նախագծով կմտնի ԱԺ:
ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՕՐԸ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Սեպտեմբերի 17-ը` Սուրբ խաչի տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային օր: Կառավարությունն այդ օրը ոչ աշխատանքային հայտարարելու մասին առանձին որոշում չի կայացրել, ինչը նշանակում է` երկուշաբթի օրը չի տարբերվի մնացած օրերից: Հիշեցնենք` Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում որոշվեց, որ յուրաքանչյուր տաղավար տոնին հաջորդող երկուշաբթին լինելու է ոչ աշխատանքային: Արդյունքում Տ.Սարգսյանի վարչապետության օրոք տարվա զգալի մասը ՀՀ-ում պետական համակարգը պարապուրդի էր մատնված: Կարեն Կարապետյանի կառավարության շրջանում հանվեց ոչ աշխատանքային լինելու պարտադիր պայմանը, եւ ընթացակարգը որոշվեց այնպես, որ յուրաքանչյուր տաղավար տոնից առաջ կառավարության նիստում կորոշվի` օրն աշխատանքային լինելու է, թե ոչ: Ի դեպ, Սուրբ խաչը Հայ առաքելական եկեղեցու 5-րդ եւ վերջին տաղավար տոնն է:
180 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՍԻԴԻԱ
Կառավարությունը աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն կտրամադրի: Նախագիծը ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Որպես փորձնական պիլոտային միջոցառում ՀՀ-ում վարելահողերի արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին: Նրանց կողմից 2018-ին 2019-ի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մեկ հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ: Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան` 180 մլն դրամ»,-հայտարարել է նախարարը:
Նա առաջարկել է այդ գումարը հատկացնել մատչելի գներով պարարտանյութ հատկացնելու ծրագրի միջոցներից: Ակնկալվում է նաեւ, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով եւ կդառնան 3 հազար հեկտար: «Այս պահին վարելահողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում, եւ դա մեզ համար ոլորտային գերակայություն է: Եթե մենք ցորեն պակաս ենք մշակում, հետո ստիպված այդ ցորենը ներկրում ենք: Հաջորդ գերակայությունը տարածքային անհամաչափության մեղմումն է: Եթե շահութաբեր լիներ, մենք չէինք ունենա այդքան չմշակվող տարածքներ»,-ընդգծել է նա: