«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է «TheBeautifiedProject» խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը։ Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ գծերը, անդրադարձել ենք երգչի նախասիրություններին, սկզբունքներին, կյանքի ամենապայծառ կետերին, մտահոգություններին։ Անդրեն նշել է, որ կյանքում փնտրում է ոչ թե երջանկություն, այլ իմաստ։ Անդրեն վախենում է, որ իր կյանքը կարող է անցնել կայարանում, եւ երբեմն սեփական կյանքին փորձում է կողքից նայել, օբյեկտիվ աչքով։
-Երբ արթնանում եք, առաջինը…
-Հեռախոսս եմ ստուգում։ Սովորաբար, ինտերնետն անջատում եմ, բայց հեռախոսս միացված եմ թողնում։
-Գույներ, որոնք բարձրացնում են Ձեր տրամադրությունը։
-Սեւը եւ կանաչը։
-Արտահայտություն, որը փոխել է Ձեր ամբողջ կյանքը։
-«Թեթեւ տար»։ Թեպետ ինձ ավելի շատ գրավել է արտահայտություն, որ Ռոբերտ Ամիրխանյանն է ինձ ասել. «Սատանան դետալներում է թաքնված»։ Դրանից հետո ամեն ինչին էլ ավելի ուշադիր եմ եւ փորձում եմ կենտրոնանալ մանրամասների վրա, հասկանալ դրանք։
-Շարունակեք միտքը. «Չի կարելի գլուխ դնել այն մարդու հետ, որը…»
-Արժանի չէ քո ժամանակին։
-Դուք փնտրում եք երջանկությո՞ւն, թե՞ իմաստ։
-Ցավոք, իմաստ: Երջանկության աղբյուրներ գտնելն այնքան էլ բարդ չէ, բայց իմաստ գտնելը բավական դժվար է, այդ ճանապարհը բարդ է։ Որքան մեծանում ես, այնքան ուզում ես հասկանալ՝ ինչու ես ծնվել եւ ինչու ես ապրում։
-Մասնագիտություն, որը միշտ գրավել է Ձեզ։
-Խոհարարություն։ Առհասարակ, շատ եմ սիրում պատրաստել, դա իմ ամենամեծ հոբբին է։ Ժամանակ առ ժամանակ պատրաստում եմ։ Ինձ ասում են, որ ամենալավը ստացվում է կիսահում սթեյք պատրաստել։
-Կնոջ մեծագույն հմայքը։
-Խելացի լինելը։
-Ստացվու՞մ է ամենանյարդային պահերին նայել հումորով։
-Ցավոք, ոչ։ Փորձում եմ ամեն ինչին ծիծաղով վերաբերվել, բայց սթրեսային պահերին հումորիս զգացումը կորցնում եմ։
-Բարեկամասե՞ր եք, թե՞ ընկերասեր. ո՞րն է Ձեզ առավել բնորոշ։
-Ընկերասեր եմ։ Դե բարեկամներին, ցավոք, չեն ընտրում, ամեն տեսակ մարդ էլ լինում է նրանց մեջ։ Իհարկե, իմ բախտը բերել է, բոլորն էլ լավ մարդիկ են։
-Վախ ունե՞ք, որ Ձեր կյանքը կարող է անցնել կայարանում, այսինքն՝ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի սպասելով։
-Այո, սպասելն ահավոր բան է։ Հատկապես մասնագիտության բերումով ստիպված եմ անընդհատ սպասել մե՛կ հոլովակի թողարկմանը, մե՛կ ալբոմի, մե՛կ բեմ բարձրանալուն եւ այդպես շարունակ
-Եթե հանգստանալ, ապա…
-Բնության գրկում։
-Հաճա՞խ եք զղջում Ձեր ընտրության համար։
-Ոչ։
-Ձեզ համարու՞մ եք մանրուքներով ուրախացող մարդ։
-Այո, շատ հասարակ բաներով եմ ուրախանում։ Կարող է անգամ քունս փախչի մի փոքր բանի համար, որն ինձ ուրախացրել է։
-Ձեր կյանքի երեք ամենապայծառ կետերը։
-Ընտանիք՝ ծնողներս, քույրս, արվեստ եւ կենդանիներ։
-Երբեւէ Ձեզ թվացե՞լ է, որ Ձեր սեփական կյանքին կողքից եք նայում։
-Հիմնականում դա իմ նպատակն է։ Փորձում եմ դրսից տեսնել ինձ եւ գնահատել արարքներս։ Ինձ թվում է՝ դա ամենակարեւոր բաներից մեկն է։ Չգիտեմ՝ վերջիվերջո հաջողվում է դա ինձ, թե ոչ։
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը։
-Ասում են, թե իբր սատանիստ եմ (ծիծաղում է)։
-Ձեր թշնամիները պետք է իմանան, որ…
-Պայքարող տեսակ եմ։
-Բեմի հետ կապված մի բան, որ երբեք չեք համաձայնի։
-Պարել բեմում։
-Լավ ընկերը նա է, ով…
-Սուսուփուս լալիս է, երբ դու մահանում ես, ոչ թե զանգահարում է ինչ-որ մեկին։
-Ինչ է լինի, Դուք գիտեք, որ…
-Կյանքը կարճ է…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ»
«Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ վարչապետին եւ իր թիմակիցներին, իսկ նրանք, ովքեր ուզում են խափանել նրա ծրագրերը, սպառնում են քաղաքականություն վերադառնալով, այդ նախկին բռնապետներին խորհուրդ եմ տալիս նայել Չաուշեսկուի գնդակահարության կադրերը, եւ թող նրանք փառք տան Աստծուն, որ մեր հեղափոխությունը սիրո է եւ թավշյա։ Հիմա ժողովուրդն առավել քան երբեւէ միասնական է, եւ անմտություն է դուրս գալ նրա դեմ։ Ով որտեղից, ինչպես կարող է, պետք է օգնի հայրենիքին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով այժմ բնակվում է Մոսկվայում։
Նա ուրախություն է հայտնում Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների առիթով։ Շողերը հեղափոխությանը հաջորդած օրերին ամեն անգամ քնից վախեցած է արթնացել՝ մտածելով, որ այդ ամենը գուցե երազում է եղել: «Իրականում այնպես չէ, որ ամեն բան իդեալական է, բայց հնարավորություն է տրվել կառուցելու երկիրը, ստեղծելու մի ինքնիշխան պետություն, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված կզգա» ,-նկատեց դերասանուհին։
Նա ունի մի շարք ծանոթներ եւ ընկերներ, որոնք ընտանիքներով վերադառնում են հայրենիք: «Ես գիտեի, որ մեծ ներգաղթ է լինելու դեպի Հայաստան, հիմա մնում է արդեն բոլորի համար աշխատատեղ լինի»,-հավելեց Շողերը։
Նա հարգում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ վերջինս չի խառնվում դատական համակարգի ներկայացուցիչների գործերին, սակայն համարում է, որ դրանից կարող են տուժել նրանք, ովքեր անարդարացիորեն հայտնվել են ճաղերի ետեւում: «Դատական համակարգի ներկայացուցիչները նախորդ ռեժիմից են եւ շարունակում են փրփուրներից կախվել, փորձում են իրենց իշխանությունն ատամներով պահել։ Բայց հավատում եմ, որ, ամեն դեպքում, ամեն ինչ լավ է լինելու»,-շեշտեց Շողերը։
Նա հետեւում է նաեւ Երեւանի ավագանու գալիք ընտրությունների շրջանակում տարվող քարոզարշավին, քաղաքական ուժերի ծրագրերին: «Ես այն մարդկանցից եմ, որոնք վերապահորեն են մոտենում «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համարի՝ Հայկ Մարությանի առաջադրմանը, սակայն միեւնույն ժամանակ հիշում եմ, որ նա, օրինակ, «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ` ջրցանի օրը, ընտանիքով, այդ թվում՝ երեխաներով այնտեղ կանգնած էր։ Դա գոտեպնդող էր, այնպես որ ես վստահում եմ Հայկին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջողությամբ հանդես գալ միջազգային մրցաշարերում: Աստանայում կայացած միջազգային մրցաշարում Է. Ստեփանյանը մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ է նվաճել: Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնն առաջին տեղն է զբաղեցրել սկրեչում եւ դարձել է արծաթե մեդալակիր օմնիում մրցաձեւում:
Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանն օրեր առաջ առաջին տեղն էր զբաղեցրել Օմսկում կայացած վարկանիշային մրցաշարում:
ՄԵՐԺԵԼ Է ԱՌԱՋԱՐԿԸ
Մադրիդի «Աթլետիկո»-ի եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սաուլը մերժել է «Բարսելոնա»-ի առաջարկը` հրաժարվելով տեղափոխվել կատալոնական ակումբ: «Բարսելոնա»-ն ունի Սաուլի տրանսֆերը ձեռք բերելու առաջնահերթային իրավունք, եթե «Աթլետիկո»-ն որոշի վաճառել նրան: Այդ իրավունքը «Բարսելոնա»-ն ստացել է դեռ 2013 թվականին հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերի գործարքի պայմաններով: Սաուլի տրանսֆերային գինը պայմանագրով սահմանված է 150 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Աթլետիկո»-ի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը:
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա արդեն մասնակցել է չորս հանդիպման, խփել է մեկ գոլ:
1 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Իտալիայի հավաքականը վերջին անգամ պաշտոնական խաղում հաղթանակ է տոնել 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում նվազագույն հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն: Այդ հաղթանակին հաջորդել են Շվեդիայի ընտրանու հետ անցումային խաղերը, որոնց արդյունքում «սկուադրա աձուրան» զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից եւ Ազգերի լիգայի շրջանակում Լեհաստանի ու Պորտուգալիայի հավաքականների հետ խաղերից:
Այսպիսով, 1959 թվականից ի վեր առաջին անգամ Իտալիայի հավաքականը մեկ օրացուցային տարվա ընթացքում պաշտոնական խաղերում հաղթանակ չի տոնել: Այս ընթացքում միակ հաջողությունը եղել է Ռոբերտո Մանչինիի նորամուտի ժամանակ, երբ ընկերական խաղում Իտալիան 2:1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի ընտրանուն: Հավելենք, որ Իտալիայի հավաքականի հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին, մրցակիցը Լեհաստանի ընտրանին է: