Լուսանկարը` Արկադի Տոնոյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Հայաստանի Հանրապետություն»-ը գրել է տառասխալով. նա այս գրությունը որպես պաշտոնական փաստաթուղթ ուղարկել է ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Կարելի էր մի փոքր ավելի ուշադիր լինել:
ՀԱՐՑ. Ո՞ր մարմինն է կատարում հայրության որոշման պետական գրանցում եւ ինչքա՞ն է կազմում վճարման տուրքը:
Օֆելյա Միրզոյան (23 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. երեխայի` ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է դիմումը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու օրը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:
ՀԱՐՑ. 1980թ. ընդունվել եմ Մերգելյան ինստիտուտ աշխատելու համար, իսկ 1995թ. ընդունվել եմ դպրոցում աշխատանքի: Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք` ես իրավունք ունե՞մ ստանալու մանկավարժական թոշակ: Չեմ ցանկանում դիմել տարածքային սոցիալական բաժին, ուստի խնդրում եմ հստակ պատասխանել՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ:
Սուսաննա Արզումյանյան (մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ: Ըստ ներկայացված տեղեկատվության` Սուսաննա Արզումանյանը աշխատել է Մերգելյան ինստիտուտում, իսկ 1995թ. աշխատում է դպրոցում: Վերը նշված ցանկում (Մերգելյան ինստիտուտ) կազմակերպությունը նշված չէ, հետեւաբար այդ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չի կարող:
Քանի որ Ս. Արզումանյանը դպրոցում աշխատել է 1995 թվականից, ապա մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նա չունի մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 12 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, հետեւաբար մասնակի կենսաթոշակի իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: