Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի 10, 11 եւ 12-րդ դասարանցի երեխաները մեծ դժվարությամբ են դպրոց հաճախում. ժամը 8-ին նստում են իրենց համագյուղացի Հովիկ Ալավերդյանի երթուղային միկրոավտոբուսը, գնում Կիրանց գյուղ, այնտեղ էլ նրանց են միանում բարձր դասարանցիները, եւ միկրոավտոբուսը շարժվում է Իջեւան քաղաք: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցները հիմնական են, այդ գյուղերի ավագ դասարանցիները իրենց ուսումը շարունակում են Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի միջնակարգ դպրոցներում: Աճարկուտի բնակիչ Սասուն Մելիքյանի 10-րդ դասարանցի աղջիկն ամեն առավոտ մեկնում է Ներքին Ծաղկավան:
Սասունն ասաց, որ միկրոավտոբուսը 16 տեղանոց է, Աճարկուտից եւ Կիրանցից 26 աշակերտ է մեկնում Ն. Ծաղկավանի եւ Սարիգյուղի դպրոցներ: Այն օրերին, երբ երթուղային միկրոավտուբոսում լինում են այլ ուղեւորներ, աշակերտները ստիպված են լինում մի քանի հոգով կծկվել մի նստատեղին: Նա հայտնեց, որ երբ Կիրանց գյուղից շատ ուղեւորներ են լինում, տղա աշակերտները ստիպված իջնում են միկրոավտոբուսից, Կիրանցից ոտքով ճանապարհ ընկնում դեպի մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ն. Ծաղկավան եւ Սարիգյուղ: Միջպետական ավտոճանապարհով մի քանի կիլոմետր քայլերիս երեխաները ենթարկվում են երթեւեկող ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելու վտանգին: Ձմռանը օրեր են լինում, երբ առավոտյան ժամը 8-ին ճանապարհը սառցակալած է, ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները դեռեւս ասֆալտի ծածկույթը սառույցից մաքրած չեն լինում, այդ պատճառով Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին տեղափոխող միկրոավտոբուսը ուղերթ չի կատարում, աշակերտները հարեւան գյուղերի դպրոցներ դասերի չեն մեկնում:
Մեկ այլ խնդիր է աշակերտների ուղեվարձը: Ավելի քան 20 տարի Հովիկ Ալավերդյանը Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին անվճար է տեղափոխում հարեւան գյուղեր: Նա այդ պատճառով այլ ուղեւորներ է կորցնում, վնասներ կրում: Տավուշի մարզում գործում է այլ համայնքներ ուսման մեկնող աշակերտներին պետական բյուջեից տրանսպորտային ծախսի փոխհատուցման գումարների վճարման պրակտիկա: Օրինակ` Դեղձավան գյուղից Պտղավան, Իծաքար գյուղից մինչեւ Նավուր, Ներքին Գոշից Գոշ, Ներքին Հովքից Հովք ուսումնառության մեկնող աշակերտներին պետբյուջեից օրական վճարվում է 100-ական դրամ: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցականներին երբեւէ նման գումարներ չեն տրվել: Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանն այդ հարցով դիմել է Տավուշի մարզպետարան, սակայն խնդիրը դեռ չի լուծվել: Հուսանք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ծնունդով Իջեւանից է, կառավարությանը կհանձնարարի լուծել այս խնդիրը
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ