Օրվա անակնկալը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներից մի քանիսի աջակցությունն էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրանցից շատերի այդ քայլն, իհարկե, սպասելի էր, բայց որոշների դեպքում՝ անակնկալ:
Հիշեցնենք, որ այսօր տարբեր հայտարարություններով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը 2018-ի դեկտեմբերին կազմակերպելու անհրաժեշտություն են համարել ԱԺ ՀՀԿ խմբակցություից դուրս եկած պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գեւորգյանը: Իսկ ներկայումս ՀՀԿ խմբակցության անդամներից էլ այդ քայլին գնացին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Ալիկ Սարգսյանի դեպքում, թերեւս, դեր է խաղացել Ֆելիքս Ցոլակյանի գործոնը: Նրանք մտերիմներ են: Իսկ ահա Գեւորգ Կոստանյանը մշտապես քննադատել է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ հիմա տրամագծորեն հակառակ պնդումն է անում՝ հայտարարելով, որ Փաշինյանը. «Ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ, ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է: Եթե ես գտնում եմ, որ եւ նպատակների եւ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը, եւ երկրի բարօրությանն ուղղված է իրականացնում, ես միշտ ցանկացած պահին կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին»:
Այսպիսով, Գեւորգ Կոստանյանը, որ Հայաստանում իր անելիքները ավարտված էր համարում, քանի որ առաջարկ էր ստացել եվրոխորհուրդի դատախազությունում լուրջ աշխատանքի անցնելու, նաեւ ընտանեկան կարգավիճակով էր պարտադրված: Բանն այն է, որ Գ. Կոստանյանն ամուսնալուծվել է եւ մտադիր էր հեռանալ երկրից: Հիմա՝ հետաքրքիր է՝ կմնա՞, թե այնուամենայնիվ, «ինքնամաքրվելուց հետո» կհեռանա: