ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այն կքննարկվի կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում և ընդգրկված է օրակարգային հարցերի թվում: Ըստ հիմնավորման` սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:
«Սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության հաստատումը Հանրապետության նախագահի կողմից»,- ասված է հիմնավորման մեջ: