Նիկոլ Փաշինյանը հարցը շատ կտրուկ է դրել. լռեցրել է նաև Արարատ Միրզոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու այդ կտրուկ որոշումն անակնկալ է եղել նաեւ իր թիմակիցների համար, քանի որ մինչ հոկտեմբերի 2-ին խորհրդարան գնալն, ամեն դեպքում, մշտապես խոսվել է խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վարչապետի հոկտեմբերի 2-ի հանդիպմանը վարչապետը հարցը շատ կտրուկ է դրել` ասելով նաեւ, որ ինքը միանձնյա է որոշել, որ դեկտեմբերին պետք է լինեն ընտրությունները, եւ այդպես էլ պետք է լինի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ պահին լարված կրքերը փորձել է հանդարտեցնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ բանակցությունների անցնելու կոչ անել, սակայն Փաշինյանը լռեցրել է նրան` կրկին հայտարարելով, որ իր որոշումը վերջնական է: Նկատենք, որ երեկվանից Արարատ Միրզոյանի վրա է դրված արտահերթ ընտրությունների անցկացմանը դեմ ուժերի ու անհատների հետ հանդիպելու եւ բանակցելու առաքելությունը: Նա հանդիպում է ունեցել ԱԺ  ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, ջավախահայ Տաճատ Վարդապետյանի հետ, օրերս էլ նույնպիսի հանդիպում էր եղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանի հետ:




Լրահոս