Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Տուդոր Ուլյանովսկիի հետ:
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Երկուստեք ընդգծելով վերջին շրջանում հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները կարևորեցին համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն:
Զոհրաբ Մնացականյանն իր մոլդովացի գործընկերջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների գործընթացը։ Ընդծելով նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման օրակարգը որպես կառավարության ծրագրային առաջնահերթություն՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց այս ուղղություններով երկկողմ համագործակցության խթանումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման շուրջ զրույցի համատեքստում՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին այդ շրջանակներում նախատեսվող որոշումների և փաստաթղթերի վերաբերյալ:
Զրուցակիցները որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության կարևոր հարթակ նշեցին բազմակողմ ձևաչափը՝ այդ առնչությամբ մասնավորապես առանձնահատուկ ընդգծելով Արևելյան գործընկերության շրջանակը։
Նախարար Մնացականյանը գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներն ու առաջնահերթությունները միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ, անդրադարձ կատարեց հայկական կողմի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: