Իրավապահները քննության առարկա կդարձնե՞ն դատախազի նախկին տեղակալի դեմ կատարված ապօրինությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ն վերաբացել է մարտի 1-ի քրեական գործը, սակայն առայժմ որեւէ ընթացք չի տրվել մինչեւ մարտի 1-ը այն ժամանակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված բռնություններին: Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվարյան հանրահավաքների ժամանակ, հետո արդեն մարտի 1-ի առավոտյան ձերբակալվեցին եւ քաղբանտարկյալների շարքը համալրեցին մի շարք ընդդիմադիր գործիչներ: Ու նրանցից շատերի ձերբակալությունն ուղեկցվել էր բռնություններով:

Ամենաաղաղակող օրինակն այդ ժամանակ դեռ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ու նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի ձերբակալությունն էր: Նրանց ձերբակալեցին այն բանից հետո, երբ Ջհանգիրյանը փետրվարի 22-ին եկավ Ազատության հրապարակ, հանրահավաքին ելույթ ունեցավ` հայտարարելով ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու մասին: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու եղբայրը նույն օրը ձերբակալվել էին Արգավանդի խաչմերուկում իբր անօրինական զենք պահելու կասկածանքով, բայց հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել իբր ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այդ օրերին սա քաղբանտարկյալների դեմ առաջադրվող հիմնական մեղադրանքն էր, ու ամեն ինչ ընթանում էր գրեթե նույն սցենարով: Բայց Ջհանգիրյանին ու եղբորը նաեւ բռնության էին ենթարկել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում:

«Արգավանդի խաչմերուկում բռնություն էր գործադրվել Ջհանգիրյանի եղբոր նկատմամբ, կրակոցներ էին արձակվել, եւ նրա եղբայրը եւ երկու ոստիկաններ հրազենային վնասվածքներ էին ստացել ոստիկանի կողմից արձակված կրակոցների հետեւանքով: Այնուհետեւ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկվելուց հետո նրանք բռնության էին ենթարկվել, Ջհանգիրյանի եղբորը ցույց չէր տրվել պատշաճ բժշկական օգնություն, նա արյունահոսել էր եւ բժշկական օգնություն չէր ստացել: Բացի դրանից, նրանք ապօրինի ձերբակալվել էին, նրանց նկատմամբ ապօրինի կալանքը ընտրվել էր որպես խափանման միջոց, եւ հետագայում երկուսն էլ անօրինական էին դատապարտվել:

Եվ այս ամբողջը կապված էր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի հետ»,- այն ժամանակ պնդում էր նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը: Ջհանգիրյանների փաստաբանները նաեւ հայտարարություն էին տարածել` պնդելով պաշտպանյալների նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Նաեւ հայտնի են բռնություն գործադրածների անունները` ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախկին աշխատակից Արման Հարությունյանը` երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը, եւ նրա մի քանի աշխատողներ: Բայց Արման Հարությունյանի ու նրա գործընկերների դեմ այդպես էլ քրեական գործ չհարուցվեց:

Հիմա, սակայն, քաղաքական իրավիճակ է փոխվել, ու տրամաբանությունը պահանջում է, որ մարտի 1-ի գործի շրջանակներում իրավապահները քննության առարկա դարձնեն նաեւ դատախազի նախկին տեղակալի դեմ կատարված ապօրինությունները: Սա նաեւ սպայի պատվի հարց է: Մանավանդ Ջհանգիրյանների գործը գտնվում է ՄԻԵԴ-ում, եւ մեծ են հաղթելու շանսերը:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս