Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի խնդիրը հասավ դատարան. ինչու նման քայլի դիմեց Սամվել Բալասանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի խնդիրը հասել է դատարան: Պատճառն այս տարիներին պոլիկլինիկայի կուտակած 1 միլիոն 800 հազար դրամ պարտքն է: Ամիսներ շարունակ Գյումրու քաղաքապետարանին չվճարելով շենքի վարձը՝ պոլիկլինիկան այսօր հայտնվել է անելանելի դրության մեջ: Ու հիմա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմել է դատարան պարտքը բռնագանձելու պահանջով:

«Բալասանյանը պարտքերի պատճառով դատի է տվել: Գործն արդեն մտել է դատարան: Պարզեցված կարգով դատ են անելու առանց մեր ներկայության: Դատավորի որոշմանը կծանոթանանք համացանցի միջոցով 2 շաբաթյա ժամկետում: Պարտքերը, գիտենք, որ ունենք, առարկություն չկա: Տեսնենք` ինչ կլինի, եւ կարծում եմ` կբռնագանձեն մեր հաշիվներից»,-ասաց պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին:

Տեղեկացրել էինք, որ դեռ ամիսներ առաջ Գյումրու քաղաքապետարանը գրություն էր ուղարկել Շիրակի մարզպետարան պոլիկլինիկայի շենքն ազատելու մասին: Մարզպետարանից խոստացել էին խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Առողջապահության նախարարն ամիսներ առաջ անձամբ էր այցելել պոլիկլինիկա, ծանոթացել ստեղծված վիճակին, սակայն այցից հետո մինչ օրս ոչ մի արձագանք:

Նշենք, որ բուժմիավորումը 1924 թվականից տեղակայված է քաղաքի պատմական միջուկում: Բալասանյանը վաղուց էր ուզում շենքն ազատել, պատճառն այն էր, որ ներդրողներ էին հայտնվել: Թե ինչ եղան ներդրողները, հայտնի չէ: Պոլիկլինիկայի շենքով նաեւ «Ապավեն» բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ադամյանն էր հետաքրքրված: Բայց վերջերս մարզպետի որոշմամբ Գագիկ Ադամյանը հեռացվել է Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից: Շենքով հետաքրքրված էր նաեւ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին` Տիգրան Սահակյանը, ով Գագիկ Ադամյանի մտերիմ ընկերն է:

Այժ քաղաքում լուրեր են շրջանառվում, որ պոլիկլինիկայի շենքն արդեն վաճառված է: «Ժողովուրդ» օրաթերթի հացմանն ի պատասխան` Գյումրու համայնքապետարանից խոստացան հարցին պատասխանել առաջիկա օրերին: Բայց պոլիկլինիկայի տնօրենը շենքի վաճառքի մասին որեւէ տեղեկություն չուներ. «Ես տեղյակ չեմ: Ինքս չեմ լսել, որ շենքը վաճառված է, մեզ ոչ ոք չի տեղեկացրել: Համենայնդեպս, լքել շենքը չենք պատրաստվում»,-ասաց Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը:

Հեղինե Մանուկյան
Շիրակ




Լրահոս