Ովքեր են ՀՀԿ խմբակցության` ճնշման ենթարկված պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ հայտարարություն տարածեցին` իրենց համաձայնությունը հայտնելով դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Սակայն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, թե այդ հայտարարությունն իրենց խմբակցության պատգամավորները ստորագրել են ճնշման ներքո:

«Պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ, այո, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է»: Գործընկերների նկատմամբ ճնշումների մասին հայտարարել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից փորձեց պարզաբանում ստանալ` արդյոք Վարչապետը ճնշո՞ւմ է գործադրել, եւ սա մարդու իրավունքների խախտո՞ւմ է: «Երբ մենք պարոն Շարմազանովին ասում էինք, որ քաղաքացիների նկատմամբ ճնշում է գործադրվում, նա ասում էր` ով նման բան է հայտարարում, թող փաստեր ներկայացնի եւ դրա մասին հաղորդում տա: Հիմա ես հորդորում եմ Շարմազանովին` հաղորդում ներկայացնի պատգամավորների նկատմամբ ճնշման փաստով»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից Կնյազ Հասանովից ճշտեց` արդյոք վերջինիս նկատմամբ գործադրվել են ճնշումներ: «Ի՞նչ ճնշում: Ինձ վրա որեւէ ճնշում չի եղել:Դրա մասին խոսք լինել չի կարող: Ամեն մարդ իր սեփական խելքն ունի»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Շիրակ Թորոսյանն էլ իր հերթին նշեց. «Ես նմա՞ն եմ ճնշվողի»:




Լրահոս