Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի եւ նրա եղբոր` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի նկատմամբ: Պատճառն այն է, որ Սարկիսովները չեն ներկայացրել պաշտոնական հայտարարագրեր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017 թվականի իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նրանց թվում են մեծ թվով քննիչներ եւ հյուպատոսներ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը Հանձնաժողովի հայտարարությունից հետո ներկայացրել է պաշտոնական հայտարարագիրը: Իսկ Սարկիսովները դեռ ուխտի ականջում քնած են: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին. «Վարույթ է հարուցվել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պաշտոնական հայտարարագիր չեն ներկայացրել: Վարույթը ընթացքի մեջ է: Ովքեր որ հայտարարագիր չեն ներկայացնում, նրանց վարույթային կարգով ժամկետ է տրամադրվում, եւ իրենք ներկայացնում են»: Եւ չնայած սրան` հայազգի գործարարներ Սարկիսովները Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում են ընդգրկվել: Նրանցից յուրաքանչյուրը 750 մլն դոլար կարողություն ունի: