Հոկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 37 դպրոցում տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթը եղել է ընթացակարգային խախտումներով: Այդ մասին պնդում են թիվ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամները: Վերջիններս կետերով նշում են խախտումները` առաջին հերթին առանձնացնելով զարգացման ծրագրի ներկայացման ժամկետների խախտումը. «Համաձայն կանոնադրության` զարգացման ծրագիրը կոլեգիալ խորհրդին պետք է ներկայացվեր մրցույթից 3 օր շուտ, սակայն փաստաթուղթը ներկայացվել է մրցույթից ընդամենը մեկ օր առաջ: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում զարգացման ծրագրին, սակայն ժամանակ չենք ունեցել ուսումնասիրել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց խորհրդի անդամ Գայանե Ավետիսյանը:
Բացի այդ, համաձայն ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության կամ նշանակման մասին ընդհանուր կարգի` մեկ հայտադիմումի առկայությամբ արգելվում է ընտրություն անցկացնել: Սակայն այդ կետն էլ անտեսվել է: Մեկ այլ ենթակետով էլ ընտրությունը մեկ հայտի պարագայում թույլատրվում է: Հակասությունը հարթելու ուղղությամբ կոլեգիալ խորհուրդն առաջարկել է հետաձգել մրցույթը, սակայն մրցույթը կայացել է: Իսկ հայտ ներկայացրել էր միայն նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, ով ավելի քան 10 տարի ղեկավարում է դպրոցը:
Նրա անունը հայտնի դարձավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել էր հայաստանյան դպրոցների տնօրենների հետ հեռախոսազրույցը, որտեղ նրանք խոստովանել էին վարչական ռեսուրսները կիրառելով ՀՀԿ օգտին ձայներ բերելու մասին: Այդ տնօրեններից մեկն էլ Աստղիկ Ավետիսյանն էր: Վերջինիս ամուսինը` Արտակ Ավետիսյանը, ղեկավարում է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը եւ ընտրություններին պաշտպանում էր ՀՀԿ-ականներին, նրա անունը նաեւ ՀՅԴ-ի հետ է կապվում: Աստղիկ Ավետիսյանի դեմ այդ ձայնագրության հրապարակումից հետո նույնիսկ քրեական գործ հարուցվեց. նա հայտարարել էր, թե աշխատում են ՀՀԿ-ի օգտին՝ «արդեն մեկ ամիս` ամենավերջին ձեւով վախեցնելով մարդկանց»: Իհարկե, ՀՀԿ իշխանության օրոք հարուցված քրեական գործը շատ արագ կարճվեց, ու Ավետիսյաններն անպատիժ մնացին: Հիմա Ավետիսյանը պնդում է, որ ինքն անկուսակցական է:
Կոլեգիալ խորհրդի անդամներին առավել հետաքրքրում է, թե ինչու տնօրենի թափուր տեղի համար որեւէ մեկը հայտ չի ներկայացրել: Խորհրդի անդամ Կարեն Ավագյանը ընտրության արդյունքները չի ընդունում, պատրաստակամ է բողոքարկել միչեւ վերին ատյաններ. «Չենք հասկանում` ինչու այլ հայտ չի ներկայացվել, նաեւ դա էր պատճառը, որ ուզում էինք հետաձգվեր: Հեռավոր դպրոցներում մի քանի հայտ են ներկայացնում, իսկ Գյումրիում գործող դպրոցում` ընդամնեը մեկ»,-ասաց Կարեն Ավագյանը:
Խորհրդի անդամները բողոքները գրավոր ուղարկել են ԿԳ նախարարություն: Դեռեւս արձագանք չկա:
Հեղինե Մանուկյան
Շիրակ