Աշխատանքից ազատվում են չարաշահումներ թույլ տված գյուղապետերը. նոր ընտրություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ սպասվում են ոչ միայն այս տարվա հոկտեմբերի վերջին, այլեւ հաջորդ տարվա փետրվարի 17-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության վաղվա նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի թվով 4 գյուղապետերի հրաժարականի վերաբերյալ որոշման նախագծեր: Օրինակ, հրաժարական տված գյուղապետերից է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանը, ով վերընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Նա Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նրա պաշտոնավարման: Ի դեպ, 2015 թվականին Նոր Գեղիի կենտրոնական փողոցը ավագանու որոշմամբ գյուղապետի ծննդյան 70 ամյակին անվանակոչվեց նրա անունով, իսկ 65 ամյակին էլ երաժշտական դպրոցն էր իր անունով անվանակոչվել:

Հաջորդ հրաժարական տված գյուղապետը Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանն է: Սակայն այս դեպքում, ըստ ՀՀ ոստիկանության, Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։ Նախնական տվյալներով` Արծրուն Ղարիբյանը, պաշտոնավարման տարիներին անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2017 թվականների ընթացքում իր մտերիմներից հինգ հոգու համայնքապետարանում աշխատանքի է ընդունել։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը։

Ըստ ոստիկանության` ապօրինության հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 22 մլն 297 հազար դրամի չափով վնաս։ Հրաժարականների շարքը շարունակում է Վայոց ձորի մարզի Մալիշկայի այլեւս նախկին գյուղապետ Մհեր Մովսիսյանը: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Մովսիսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է մարզադպրոցում որպես մարզիչներ, բայց նրանք չեն հաճախել աշխատանքի եւ ամսական ստացել են 800 – 900 հազար դրամ:

Բացի այս, պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29 մլն դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի: Արդյունքում Մովսիսյանի կողմից յուրացվել են խոշոր գումարներ: Արարատի մարզի Արեւաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը եւս հրաժարական է տվել: Նկատենք, որ այս օրերին Հայաստանում նախկին գյուղապետերի ձերբակալությունները չեն դադարում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս