Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են հանրապետականներից շատերը մոռացել ժողովրդական շարժմանն ուղղված իրենց հայհոյանքները. Տիգրան Խզմալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների մասին զրուցել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ: Նա տեղեկացրել է, որ վերջերս դադարել է քաղաքական դաշտին որպես դիտորդ նայել: Նա ծրագրում է հիմնել կուսակցություն, որը կկոչվի «Հայաստանի եվրոպական կուսակցություն»: Ռեժիսորը որոշել է հանդես գալ որպես արեւմտամետ ընդդիմություն:

-Պարո՛ն Խզմալյան, ինչպե՞ս եք գնահատում հանրապետականների կողմից կուսակցությունն ակտիվ կերպով լքելու միտումը: Սա, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք է:

-Մենք ժամանակին տեսել ենք, թե ինչպես ամենահզորը թվացող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մի գիշերվա մեջ փսկեց, ինչպես փուչիկը: Տեսել ենք, թե ինչպես էին մարդիկ փախչում՝ կուսակցական տոմսերն այրելով: Հետո նույնը տեսանք մի քանի տարի անց Հայոց Համազգային շարժման պարագայում: Ժամերի ընթացքում վերջինս արժանացավ նույն ճակատագրին: Հիմա մենք տեսնում ենք նույն այդ միտումը: Բանն այն է, որ դրանք իրականում կուսակցություններ չեն, այլ այն նույն կառույցի ստորաբաժանումները, որը կոչվում է КГБ: Այս կառույցի անդամներն այնտեղ են, որտեղ կա իշխանություն: Այդ պատճառով չեմ կարծում, թե այսօր տեղի ունեցողը պետք է զարմացնի մեզ, դրան լուրջ վերաբերվել պետք չէ: Իմ նշած ուժերը կուսակցություններ չեն եղել, չեն ունեցել գաղափարախոսություն: Ես չեմ կարող հավատալ, որ ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորները նժդեհական էին. դա կլինի վիրավորանք բանականությանը: Սպասեք ու կտեսնեք, որ КГБ-ականները շուտով կդառնան «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ: Ընդամենը մի քանի շաբաթ համբերություն է պետք դրա համար: Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես հանրապետականներից շատերը, ինչպես Գեւորգ Կոստանյանը, մոռացել են ժողովրդական շարժմանն ուղղված իրենց հայհոյանքներն ու հեգնանքը: Չկա ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ եւ այլն, դրանք բոլորը մականուններ են:

-Ըստ Ձեզ՝ հեղափոխությունն այժմ ի՞նչ փուլ է թեւակոխել: Այն ավարտվե՞լ է, թե՞ գուցե չի էլ եղել:

-Հեղափոխությունը չի ավարտվել, թեեւ ոմանք կասեն, որ այն չի էլ սկսվել: Ի՞նչ է սա` դեռ չեմ հասկանում: Տեղի ունեցավ իշխանափոխություն, դա հստակ է: Ընդ որում, դա թերի իշխանափոխություն է, քանի որ իշխանության երկու կարեւոր թեւերը դեռեւս պատկանում են նախորդ ռեժիմին: Մի բան կարող ենք ֆիքսել՝ մենք ապրում ենք փոփոխությունների շրջան, որ մեկ քառորդ դար է՝ ընթանում է որոշակի դադարներով: Հեղափոխությունն ընթացքի մեջ է: Դրա ամենակարեւոր արդյունքն այն էր, որ մենք պարզեցինք՝ ՀՀ-ում չկա քաղաքական դաշտ, քաղաքական ոչ մի կուսակցություն: Իսկ խորհրդարանական երկրի դեպքում կուսակցությունների բազմազանություն չունենալը, մեղմ ասած, անհեթեթություն է: Սա ամենամեծ խնդիրն է, որը պետք է լուծենք:

-Ուզում եք ասել՝ ընդդիմություն չունե՞նք:

-Իշխանությունը շատ թե քիչ կայանում է, բայց չկա ընդդիմություն: Դա մեծագույն ներքին քաղաքական խնդիր է: Ի դեպ, ասեմ, որ վերջերս դուրս եմ եկել քաղաքական դաշտի դիտորդի կարգավիճակից, ծրագրում եմ հիմնել «Հայաստանի եվրոպական կուսակցություն», նախաձեռնել եմ այդ շարժումը, հիմա անդամներին ենք ցուցակագրում, շուտով նախատեսված է հիմնադիր ժողովը: Փորձում եմ ինքս ստեղծել ընդդիմություն, ընդ որում՝ արեւմտամետ ընդդիմություն: Այնպես որ, անելիքները շատ են:

Աննա Բաբաջանյան




Լրահոս