Ի՞նչ է, մենք հայ ու թո՞ւրք ենք. Վարդան Ղուկասյանը` հուշագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հայտնի փոփոխություններից հետո սկսեց շատ կոպիտ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին` դիմադրելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացնելուն:

Սակայն Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագրից հետո, որով ԲՀԿ-ն, ըստ էության, հաստատեց, որ կողմ է ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետի դիրքորոշմանը, կրքերը կարծես փոքր-ինչ հանդարտվեցին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի կարծիքով որն է ընտրությունների անցկացման ամենաճիշտ ժամանակը։ «Չգիտե՞ք` որն է։ Ամեն ինչ լավ գիտեք։ «Ծառուկյան» դաշինքը իր կարծիքը ասել է։ Բան չունեմ ավելացնելու»,-մեզ հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատգամավորական մանդատ ստացավ, երբ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ստանձնեց ԱԻ նախարարի պաշտոնը։ Գրիգորյանը կողմ ստորագրեց այն հայտարարությանը, որտեղ ասված է, թե պատգամավորները կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին։ Քանի որ Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը երկար տարիների քաղաքական հակառակորդներ են, փորձեցինք պարզել, թե Վարդան Ղուկասյանը ինչպե՞ս ընդունեց այդ լուրը։ «Օրենքի սահմաններում է եղել։ Էդ հարցը ինձ ինչո՞ւ եք տալիս. իրեն պետք է տաք։ Զարմանալի բան եք հարցնում։ Ի՞նչ է, մենք հայ ու թո՞ւրք ենք»,-հավելեց նա։

Լուսինե Մինասյան




Լրահոս