Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները երեկ բողոքի ակցիա են անցկացրել` ընդդեմ գործարանի փակման: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում տեղեկացրել էր, որ գործարանը չորս օրից դադարեցնելու է իր գործունեությունը: Նշենք, որ գործարանն այժմ ունի ավելի քան 600 աշխատող, որոնք դառնալու են գործազուրկ:
Գործարանի փակման պատճառները մի քանիսն են: Բայց հիմնական պատճառ նշվում է այն, որ ընկերությունը վարկային պարտավորություններ ունի, որոնք չի կարող մարել: Բանն այն է, որ «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ռուսաստանյան ՎՏԲ բանկում: Այսինքն բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը` որոշելով վերջինիս ճակատագիրը:
Իսկ գործարանի փակման մյուս պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից նշանակված 380 մլն դրամի չափով տուգանքն է: Ըստ տեսչական մարմնի` ընկերությունը նշված գումարի չափով շրջակա միջավայրին վնաս է հասցրել: Բացի այս, տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարական է տվել`մինչեւ տարեվերջ 90 տոկոսով նվազեցնել արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը: Աշխատողների պատմելով` գործարանի ղեկավարությունը պետք է ֆիլտրեր տեղադրի, սակայն դրա հնարավորությունը չունի: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի խոսքերով` դա անհնարին է իրականացնել կարճ ժամկետում: Արդյունքում ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը:
Գործարանի աշխատողները նախազգուշական բողոքի ակցիա անցկացրին` մի քանի ժամով փակ պահելով Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Ավելին, բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր էին ճանապարհը փակ պահել մինչեւ 17:00-ն, սակայն Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը նրանց համոզել է, որից հետո աշխատակիցները բացել են ճանապարհը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք այսօր եւս բողոքի ակցիա կանցկացնեն: Ի դեպ, երեկ այս խնդրի շուրջ ՀՀ Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել է, որ եթե ընկերությունը չմարի վարկային պարտավորությունները, ապա տեղի կունենա սնանկության գործընթացը, եւ գործարանը կանցնի բանկին: Թե բանկը ինչպես կվարվի գործարանի հետ, առայժմ հայտնի չէ: Հիշեցնենք, որ սա առաջին արդյունաբերական գործարանը չէ, որ ՎՏԲ բանկը տնօրինում է: Չէ՞ որ Հրազդանի ցեմենտի գործարանը եւս տեւական ժամանակ մնաց բանկի ենթակայության տակ, ապա վաճառվեց մեկ այլ բանկի` «Հայբիզնեսբանկ»-ին:
Սյունէ Համբարձումյան