Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հոկտեմբերի 16-ին հրաժարական է տալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ըստ հաշվարկների կկայանան դեկտեմբերի 9-ին: Արդեն իսկ «Ծառուկյան» խմբակցությունն ասել է, թե այլ թեկնածուի չի պաշտպանի և չի առաջադրի, ՀՀԿ խմբակցությունը ևս հայտարարել է վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու մտադրության մասին: Ըստ այդմ, վարչապետի հրաժարականից 14 օր անց խորհրդարանը կլուծարվի:
Այժմ կներկայացնենք, թե ինչ ընթացակարգ է գործում արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար և, երբ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի արտահերթ ընտրությունները, համաձայն օրենսգրքի 104-րդ հոդվածի, անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Նախագահը արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր է հրապարակում ԱԺ-ն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ոչ ուշ, քան քվեարկությունից 25 օր առաջ:
Ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածը կարող է փոփոխության ենթարկվել, քանի որ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ սահմանվում է, որ ԱԺ (արտահերթ) ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Ազգային Ժողովի արձակումից հետո 12 օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 25 օր առաջ:
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Հետևաբար, կարող ենք փաստել, որ Կառավարության հրաժարականը ընդունելուց հետո ԱԺ-ն 14 օր ժամանակ ունի խուսափելու արձակումից: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ: Նախընտրական քարոզչության կարգավորման վերաբերյալ նախատեսվում է էական փոփոխություններ և լրացումներ և դա այն դեպքում, եթե Ընտրական օրենսգիրքը ընդունվի խորհրդարանի կողմից: