«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը մի քանի օր է` չի իջնում ԱԱԾ հաղորդագրություններից: Ու ճակատագրի հեգնանքով Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, իհարկե, տարբեր քրեական գործերով: Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է 2009թ. Արմեն Ավետիսյանի նկատմամբ մահափորձի պատվիրատուն, ըստ այդմ` մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում հայտարարվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի նկատմամբ:
Իսկ երեկ պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։ Գործն առնչվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցմանը:
Լինելով բարձրաստիճան պաշտոնյա` Ավետիսյանն անձամբ ֆինանսավորել է հյուրանոցի շինարարությունը, սակայն ներկայացվել է, թե կառուցողը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունն է, որ ներդրումներ է անում ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ. ԱԱԾ տեսանյութում հյուրանոցի բացման արարողության արխիվային կադրերն են, որտեղ Քոչարյանը խոսում էր օտարերկրյա ներդրումների մասին:
Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Ավետիսյանը տեւական ժամանակ աշխատել է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարն էր, Արմեն Ավետիսյանը 1997-99թթ. աշխատել է որպես ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ-ի` 6-րդ վարչության բաժնի պետ։ Արդեն 1999-2001թթ. աշխատել է ՀՀ ԱԱՄ վարչության պետ, այն ժամանակ Սարգսյանն ԱԱ նախարարն էր, հետո ՊՆախարարը: Սակայն 2001թ. էլ Ավետիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ, եւ այդ պաշտոնից նրան հեռացրեց Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո։
Միայն թե Սարգսյանի նախագահության ժամանակ Ավետիսյանը շատ ակտիվորեն զբաղվել է բիզնեսով: Ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հենց Սերժ Սարգսյանի հորդորով է նա արդեն Ծաղկաձորում կառուցել եւս մեկ «Գոլդեն Փելես» հյուրանոց ներդրումներ ցույց տալու համար»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում