Օրեր առաջ ՀՀ Քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան, որին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա վստահեցրեց. «Բացառված է, որ որեւէ քաղաքացի ՀՀ-ում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ որեւէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական հետապնդման քաղաքական միջամտության կամ որեւէ այլ միջամտության պատճառով: Եվ ես համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»:
Միջոցառումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հետ հասկանալու համար, թե նրանք, քննելով հայտնի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց գործերը, արդյոք երբեւէ վախեցե՞լ են հետագա հետապնդումներից եւ իրենց այդ վախերի մասին երբեւէ հայտնե՞լ են իրենց ղեկավարաներին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյան:
-Պարո՛ն Մայիլյան, ո՞ր թվականից եք աշխատում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
-2015 թվականից:
–Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մեկը մյուսի հետեւից բացահայտում են, թե ինչքան մարդ է ապօրինի կերպով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Սա Ձեզ համար նորությո՞ւն է, թե՞ գիտեիք, ուղղակի հրահանգել էին չբացահայտել:
-Նման հրահանգ չի եղել երբեւիցէ, իսկ որ սկսվեցին բացահայտվել նման դեպքերը, դա շատ ողջունելի է եւ անհրաժեշտություն է:
-Եթե նման հրահանգ չի եղել, ինչո՞ւ չէիք բացահայտում, թույլ չէի՞ն տալիս:
-Ես նման դեպքերը չեմ իմացել, թե նախկինում նման բան է եղել:
-Նշեցիք, որ 2015 թվականից զբաղեցնում եք ՀՀ զինվորական քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը, դուք չգիտե՞ք, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, ձեռք է բերել եւ օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող փաստաթղթեր, որոնց հիման վրա 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս եւ 3 տարի ժամկետներով: Այնուհետեւ նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվել պահեստազորում` այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:
-Չէ, երբ իմացանք, բացահայտվեց դեպքը եւ համապատասխան գնահատական տրվեց, այսինքն` կարող են նման դեպքեր լինել, որ իրենց ժամանակին բացահայտվում են:
-Իսկ Ձեզ երբեւէ չե՞ն զանգել, ասել` այս քրեական գործով այս քայլն իրականացնեք:
-Չէ, անձամբ նման բան ինձ հետ չի եղել:
-Օրինակ` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ սպառնալիքներ է ստանում իր եւ իր ընտանիքի հետ կապված: Տեղեկություններ կան, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները եւս իրենց ղեկավարների հետ կիսվել են վախերի մասին:
-Քննչական կոմիտեի ողջ անձնակազմի անունից կարող եմ ասել, որ ոչ մեկի մոտ նման զգացմունք չկա:
Քնար Մանուկյան